Հաստատվեց ոստիկանների ատեստավորման կարգը

Կառավարությունը սահմանեց ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը։ Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

«Դեռևս անցած ամիս արդեն իսկ Ազգային ժողովը հաստատել է ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը և մեկամսյա ժամկետում Կառավարությունը պետք է հաստատեր ատեստավորման կարգը, նաև՝ հավելավճարների չափերը։ Ըստ այդ կարգով նախատեսվում են ատեստավորման անցկացման առանձնահատկությունները։

Ատեստավորումը իրականացվելու է երեք փուլով՝ հետևյալ հերթականությամբ՝ առաջին փուլը լինելու է ընդհանուր բաժնի թեստավորում, որով ստուգվելու է ոստիկանության ծառայողների ընդհանուր զարգացվածությունը, երկրորդը փուլում կստուգվի ֆիզիկական և մարտական պատրաստականությունը, իսկ երրորդում՝ գիտական բաժնի թեստավորումն է, որը վերաբերելու է մասնագիտական կարողություններին։

Յուրաքանչյուր հաջորդ փուլը ոստիկանությունը հնարավորություն ունի անցնելու նախորդ փուլի անցողիկ շեմը միայն հաղթահարելու պայմաններում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանկանում են շատ թափանցիկ լինի գործընթացը և որևէ մարդկային միջամտություն չլինի, ատեստավորումը իրականացվելու է թեստային մակարդակով էլեկտրոնային պլատֆորմի միջոցով»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ թեստավորման մասնագիտական բաժնի արդյունքներով ծառայողի մասնագիտական գիտելիքները գնահատվում են «գերազանց», «լավ», «բավարար» և «անբավարար» հետևյալ համամասնությամբ. «գերազանց»՝ 45-50 միավոր, «լավ»՝ 35-44 միավոր, «բավարար»՝ 26-34 միավոր, իսկ «անբավարար»՝ 0-25 միավոր։

«Ըստ արդյունքների՝ կորոշվի հավելավճարների չափերը»,- հավելեց Սարգսյանը։

Ըստ նախագծի, օրինակ, ոստիկանության զորքերի շարքային զինծառայողը ատեստավորման արդյունքներով կարող է ստանալ մինչև 190 հազար դրամի հավելավճար, մայորը՝ մինչև 350 հազար դրամ, իսկ գնդապետը՝ մինչև 560 հազար դրամ։

Տեսանյութեր

Լրահոս