«Բոլոր իշխանություններին հարմարվող Արմեն Դանիելյան, Ձեր որ արժանիքի համար պետք է ընտրվեք». Ագնեսա Խամոյան
Այսօր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դատավոր Արմեն Դանիելյանի թեկնածությունն առաջադրեց Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում։
Նրան հարցեր ուղղելու ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նախ անդրադարձավ իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հնչեցրած դիտարկումներին՝ ընդգծելով.
«Տուռնիկից, ինչպես ինքն էր նշում, շատ հեռու, բայց պարբերաբար դրանից կախվելու փորձեր անող պատգամավորին խորհուրդ եմ տալիս չուղղորդել, թե ինչպես իրեն պետք է դրսևորի պատգամավորը։ Բայց իր հնչեցրած մի դիտարկման հետ համաձայն եմ, պարոն Դանիելյան, և Ձեր, և Մնացական Մարտիրոսյանի դեպքում, այո, դուք նախորդ իշխանությունների օրոք եք դատավոր նշանակվել։ Եվ ես կարող եմ ասել, որ դա նախորդ իշխանությունների մեծագույն սխալներից մեկն է, որ մեզ պարգևել են, ներողություն եմ խնդրում, բայց ձեզ նման դատավորներ։
Անկեղծ եմ ասում, քիչ էր մնում աչքերս արցունքներով լցվեին, այնպես էիք ձեզ ներկայացնում, կարծես թե մենք Հայաստանում չենք ապրում, այդ մասնագիտական հանրույթի հետ չենք շփվում, ձեր գործընկերների հետ չենք շփվել ու ծանոթ չենք ձեր 200 տարվա գործունեությանը: Դուք էնպիսի գովեստի խոսքեր էիք հնչեցնում Ձեր հասցեին»։
Թեկնածուի ելույթից մի քանի այլ մեջբերում անելուց հետո պատգամավորը հարց ուղղեց Արմեն Դանիելյանին, թե նրա այդ ո՞ր արարքն է օրինակելի, այն, որ տարբեր իշխանությունների ժամանակ, տարբեր գործերով կողմերից մեկին չի՞ լսում։
«Ի՞նչ եք կարծում, արդյոք չարժե՞ այդ դատական բարեփոխումների անունը դնել Արմեն Դանիելյանի և Մնացական Մարտիրոսյանի անվան բարեփոխումների ռազմավարություն»,- հետաքրքրվեց Ագնեսա Խամոյանը։
Արմեն Դանիելյանը հարցին չպատասխանելու՝ իր պատկերացմամբ, հիմնավոր պատճառաբանություն գտավ՝ նկատի ունենալով, որ հարցադրման մեջ իր ընկալմամբ ներառված է նաև քաղաքական բաղադրիչ, և ելնելով դատավորի վարքագծի կանոններում մնալու նկատառումներից, զերծ կմնա որևէ տեսակետ հայտնելուց։
Արմեն Դանիելյանի ասածին արձագանքեց Ագնեսա Խամոյանը՝ ընդգծելով.
«Պարոն Դանիելյան, ի՞նչ գնահատականների մասին է խոսքը, ես հավասարաչափ ասում եմ, նախորդ իշխանությունների ժամանակ էլ էիք փորձում այդ օրվա իշխանություններին հաճոյանալ, այս իշխանություններին էլ եք հիմա փորձում հաճոյանալ։ Ինչո՞ւ ձեզ հիմա նման բարձր պաշտոնի պետք է ընտրենք, Ձեր ո՞ր արժանիքի համար, խնդրում եմ, անկեղծ պատասխանեք»։
Արմեն Դանիելյանը կրկին մանևրելու ելքը գտավ՝ ասելով, թե իր ելույթում անդրադարձել է այդ դիտարկմանը, թե ինչու է հավակնում այդ պաշտոնին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում