4 տոննայի չափ կոկայինի շրջանառություն կա երկրում. սա չի կարող իշխանության հետ կապ չունենալ. Թևանյան

«4 տոննայի չափ կոկաինի շրջանառություն կա Հայաստանում, որն ավելի քան 1 միլիարդ դոլար գումար է ենթադրում, և բնական է, որ Հայաստանի պայմաններում սա չի կարող իշխանությունների հետ կապ չունենալ։ Ըստ էության, Հայաստանի իշխանությունը նարկոմաֆիայի է վերածվել, և ես չեմ կարծում, որ Հայաստանում կա մեկը, ով կարող է մեկ միլիարդ դոլարի շրջանառություն ապահովել, և դա լինի իշխանություններից դուրս»,- Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Իտալիայի մաքսային մարմինների և ՀՀ ԱԱԾ-ի բացահայտումներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում 2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին է հայտնաբերել։ Թմրանյութը գտնվել է երկու կոնտեյներների մեջ, այն թաքցրել են 78 տոննա բանանի խմբաքանակում: Բեռն Էկվադորի Գուայակիլ նավահանգստից Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթումի նավահանգստով։ Դրանից հետո Հայաստանի ԱԱԾ-ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):

Պատգամավորը շեշտեց՝ ողջամիտ կասկած ունեն, որ սա միակ դեպքը չէ. «Ես կուզեի հիշեցնել կոնկրետ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի հետ կապված պատմությունը. այն ժամանակ ինքը կասկածներ էր հայտնել, որ ցեմենտի անվան տակ կոկաին է ներմուծվում, և դրանից հետո ինքը հայտնվեց անազատության մեջ: Այսինքն՝ կարող ենք ասել, որ սա առաջին դեպքը չէ»:

«Մենք նարկոմաֆիայի պատմությունից գիտենք, որ նրանց հիմնական գումարները շրջանառվում են շինարարության մեջ` հետագայում լվացվելու, մաքրվելու համար, այստեղից էլ այն հարցերի պատասխանը, թե ինչու է դոլարն այսքան էժանանում Հայաստանում, որովհետև, թերևս, նարկոտիկների բիզնեսի մեջ դնելու համար ոմանց էժան դոլարներ են անհրաժեշտ: Այստեղ նույնպես ես տեսնում եմ իշխանությունների ձեռքը»,- շեշտեց Անդրանիկ Թևանյանը։

Կարդացեք նաև

Հիշեցնենք՝ պաշտոնական տվյալներով՝ անցած տարի թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերը 2021-ի համեմատ աճել են շուրջ 76 տոկոսով, իսկ իրացնելու դեպքերը՝ 95 տոկոսով։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս