Արգիշտի՛ Քյարամյան, մի՛ սպանիր Արտակ Գալստյանին. պաշտպանների ասուլիսը
Այսօր «Նոյյան տապանում» ասուլիս էին տալիս «Հանրային ձայն» կուսակցության՝ խարդախության համար կալանավորված ղեկավար Արտակ Գալստյանի փաստաբանները:
Ըստ վերջինիս պաշտպան Լևոն Բաղդասարյանի՝ 30 տարիների ընթացքում ՀՀ-ում իրավունքը զարգացել էր, սակայն հիմա ունենք մի իրավիճակ, երբ մարդուն պահում են Քննչական կոմիտեում և խոշտանգում ու կտտանքների ենթարկում:
Վերջինս նաև լուսանկար հրապարակեց, թե ինչ տեսք է ունեցել իր պաշտպանյալը քննչական գործողություններին մասնակցելուց հետո:
Արտակ Գալստյանի մյուս պաշտպանը՝ Արսեն Մկրտչյանն էլ նկատեց՝ որքան էլ իշխանությունները պնդեն, Հայաստանում ժողովրդավարություն չկա, եղածն էլ մեթոդաբար քայքայվում է:
«Ես ուղղակի չեմ կարողանում բացատրություն տալ՝ ինչի՞ է Արտակ Գալստյանի հաղորդումը նույն խոշտանգման վերաբերյալ մակագրվում մեկ ուժային կառույցի, իսկ իմ նույնաբովանդակ հաղորդումը մակագրվում է հենց այն կառույցին, որի ղեկավարի հետ միասին իրականացնում են այդ խոշտանգումը»,- ասաց փաստաբանը:
Արտակ Գալստյանի մյուս պաշտպանը՝ Սուսաննա Սարգսյանն էլ կարծում է՝ պետական բյուջեն ու ռեսուրսները ծախսվում են կոնկրետ անձանց ամբիցիաների բավարարման համար:
Պաշտպան Ավագյանի խոսքով՝ իրեն թույլ չեն տվել մասնակցել Արտակ Գալստյանի մասնակցությամբ քննչական գործողություններին, ինչն իր պաշտպանյալի իրավունքների խախտում է:
«Մի անգամ խոշտանգվեց, ասաց՝ չեմ խոշտանգվել, երկրորդ անգամ ինքը հաղորդում ներկայացրեց, երրորդ անգամ փաստաբանն է խոշտանգման մասին հաղորդում տալիս: Եվ այդ երեք հաղորդումներից երկուսը գնում են ՔԿ, մեկը՝ ԱԱԾ»,- ասաց փաստաբանը:
Արսեն Մկրտչյանի պնդմամբ էլ՝ այսօր Արտակ Գալստյանը խնդիր ունի ոչ թե քրեական հետապնդման, իր իրավունքների իրացման հետ, այլ կյանքի փրկության:
«Ուսադիր կրող այս հանցագործներն ուզում են խոշտանգելով սպանել Արտակ Գալստյանին… Արգիշտի՛ Քյարամյան, մի՛ սպանիր Արտակ Գալստյանին: Արտակ Գալստյանն ինքն է մեզ ասել՝ դուք 8 փաստաբաններով գալիս եք, մեկիդ են ներս թողնում, պատկերացնո՞ւմ եք, որ էստեղ չլինեք, ինձ ինչ կանեն»,- ասաց Արսեն Մկրտչյանը:
Սուսաննա Սարգսյանը նկատեց՝ Արտակ Գալստյանին ներկայացրել են դատաբժշկական փորձաքննության, և արձանագրվել են նրա վնասվածքները:
«Երբ անձին խոշտանգում են, նա հաղորդում է տալիս հանցագործության մասին, ու քրեական գործ չի հարուցվում, դա խոսում է իրավական «բեսպրեդելի» մասին»,- ասաց Լևոն Բաղդասարյանը: