Հիմա ես գիտեմ և մի քիչ էլ կարող եմ. Ռոբերտ Ստուրուա
Վրացի ականավոր ռեժիսոր, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Ստուրուան սիրում է Հայաստանը, որտեղ բազմաթիվ հայ ընկերներ ունի: Նրանց հրավերով ռեժիսորը պարբերաբար այցելում է Երևան և մարզեր, հանդիսատեսին է ներկայացնում իր հին ու նոր բեմադրությունները, երիտասարդներին փոխանցում իր փորձն ու իմացությունը:
Այս անգամ Ստուրուային Հայաստան էր բերել Գյումրու թատերական միջազգային փառատոնը, որի շրջանակում ներկայացրել էր Սեմյուել Բեքեթի «Խաղի վերջը» բեմադրությունը: Օգտվելով առիթից՝ Ռոբերտ Ստուրուայի լավ ընկեր, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը նրան հրավիրել էր բեմադրությունը ցուցադրելու նաև իրենց թատրոնում:
Ստուրուան, բնականաբար, չէր մերժել: Լրագրողների հետ զրույցում նա պատմում է՝ միշտ կապված է եղել հայերի հետ, անգամ սիրել է մի հայ կնոջ: Ռոբերտ Ստուրուայի քեռու կինը հայուհի է եղել, դերասանուհի, որին ռեժիսորի քեռին խանդի պատճառով ստիպել է հեռանալ թատրոնից: Այդ կինը՝ Ասյա Կուկուրչյանը, դերակատարություն է ունեցել Ստուրուայի դաստիարակության գործում: Ռեժիսորը խոստովանում է՝ պաշտել է նրան:
Իսկ հայ թատերասերը հրաշալի է: «Մենք շատ ընդհանրություններ ունենք, կան նշանակալի ու հիմնաքարային բաներ, որոնք կարևոր են թատրոնի համար, և այդ տեսանկյունից մեր թատրոններն իրար մոտ են: Հայ հանդիսատեսը շատ զգայուն է: Իմ բոլոր հայտնի ներկայացումները Հայաստանում խաղացել ենք: Տասը օր առաջ ես բեմադրել եմ Էսքիլեսի «Շղթայված Պրոմեթևսը», որը ևս ցանկանում ենք բերել Հայաստան, քանի որ բավականին հետաքրքիր ներկայացում է ստացվել: Քիչ դեկորացիներ ենք օգտագործել: Երկու տղամարդ դերակատար կա և յոթ կին»,-պատմում է ռեժիսորը:
Ստուրուան Բեքեթին, որն «Աբսուրդի թատրոն»-ի հիմնադիրներից է, պոետ է համարում: Ըստ նրա՝ «աբսուրդ» բառը հավանաբար ծնվել է խորհրդային գաղափարախոսության արդյունքում: «Շեքսպիրին ես ևս պոետ եմ համարում, նրա պոեզիան ոչ թե բառերի մեջ է, այլ աշխարհում, որը միանգամից չես ընկալում: Դու պետք է ընթերցես, կարդալու ժամանակ ինքդ խաղաս, ինքդ բեմադրես: Չէ՞ որ առհասարակ պիեսներ կարդալիս ինքներդ եք այն բեմադրում ձեր երևակայության մեջ: Բեքեթն այդ ոճի, պոեզիայի շարունակողն է: Նա պիեսներ է գրում մարդկության ամենակարևոր խնդիրների մասին»,-նշում է ռեժիսորը:
Նա Բեքեթի մի քանի պիես է բեմադրել՝ «Գոդոյին սպասելիս», «Կրեպի վերջին ժապավենը» և այլն: «Կրեպի վերջին ժապավենը» հրաշալի գործ է համարում: «Մարդը դառնում է ավելի քան յոթանասուն տարեկան և պատահաբար իր հին ձայնագրություններն է գտնում, որոնք արել է 25 տարեկանում: Միացնում է այդ ձայանգրություններն ու հասկանում, որ արդեն այդ երիտասարդը չէ: Սկսում է երկխոսել ձայնագրությունների հետ: Դժվար է դա աբսուրդ անվանել. երբ մարդը հիշում է, թե ինչ է արել ոչ այնքան հաջող, սկսում է ինքն իր հետ կռվել, թե ինչու է այդպես կամ այնպես վարվել: Ստացվում է, որ ինքդ քեզ հետ ես վիճում ու խոսում: Հենց նման իրավիճակն է Բեքեթը պիեսի վերածել»,-պատմում է Ստուրուան:
Ըստ ռեժիսորի՝ ամենասարսափելին այն է, որ հերոսը կանխատեսել է, որ մարդու կյանքն ավարտվում է: Բեքեթն այդ պիեսը գրել է 1969 թվականին: «Մի իմաստուն փիլիսոփա ասել է՝ եթե մարդկությունը, քաղաքակրթությունն այն է, ինչ այսօր է, ապա ավելի լավ կլինի, եթե այն հավերժ վերանա»,-հիշում է Ստուրուան:
Վերադառնալով «Խաղի վերջը» բեմադրությանը՝ նա ասում է՝ այն բեմադվել է մինչ համավարակը: Խաղացել են այն, ու երկու շաբաթ անց սկսվել է համավարակը: Ասես կանխատեսել են, թե ինչ է լինելու: Երկար ժամանակ ներկայացումը կրկին բեմ չեն բարձրացրել, սակայն համավարակի նահանջից հետո այն ներկայացրել են Չեխովի անվան թատերական միջազգային փառատոնում, խաղացել են Վլադիվոստոկում: Ներկայացումը հաջողություններ է գրանցել, սակայն Ստուրուան խոստովանում է՝ հիմա դժվար ժամանակներ են, և հեշտ չէ բեմից ծանր բաների մասին լսել: «Երբ գիտես, որ դատապարտված ես, տհաճ է ևս մեկ անգամ դրա մասին լսել: Սակայն դա այնքան էլ լուրջ չէ: Չէ՞ որ հեղինակը՝ Բեքեթը, նաև մեծ կատակերգու է: Դա միշտ մոռանում են, և բոլորը կարծում են, որ աբսուրդը լուրջ բան է, որ այն ինտելեկտուալ դրամա է և այլն: Իրականում Բեքեթը լավ իռլանդացի է, որը շատ լավ վեպեր ունի»,-շեշտում է Ռոբերտ Ստուրուան:
Նա կատակով ասում է՝ շատ երիտասարդներ, որոնք դեռ չեն հասցրել դիտել իր այլ բեմադրություններ, չեն կարող իր մասին լիարժեք պատկերացում կազմել Բեքեթի ներկայացմամբ: «Հավանաբար կասեք, որ լավն էր, կամ՝ վատն էր: Դուք երիտասարդ եք ու կյանքն առջևում է»,-նշում է ռեժիսորը:
Ստուրուան չի կարող հստակ ասել, թե տարիների ընթացքում ինչպես է փոխվել իր թատերական ձեռագիրը, սակայն խոստովանում է՝ ինքն է փոխվել: «Հիմա ուրիշ եմ. իրականում ավելի երիտասարդացել եմ. գուցե դա ինքնախաբեություն է: Մի լատինական թևավոր խոսք կա. «Եթե երիտասարդությունն իմանար, իսկ հասունությունը կարողանար, ամեն ինչ լավ կլիներ»: Հիմա ես գիտեմ և մի քիչ էլ կարող եմ»,-եզրափակում է Ռոբերտ Ստուրուան:
«Խաղի վերջը» ներկայացման գլխավոր դերակատար Դավիթ Ուպլիսաշվիլին էլ նշում է՝ իրենք Ռոբերտ Ստուրուայի դերասաններն են: «Մեզ այդպես են անվանում: Ուր էլ գնում ենք, ասում են՝ նրանք Ստուրուայի դերասաններն են: Դա իսկապես այդպես է: Ստուրուայի հետ աշխատելը միշտ հետաքրքիր է, որովհետև նա մեծանուն ռեժիսոր է»,-շեշտում է դերասանն ու ասում՝ ներկայացմամբ խոսում են մարդկանց ու սիրո մասին: Ըստ նրա՝ թատերասերը, ներկայացումը դիտելով, կմտածի, թե ինչպես է հարկավոր ապրել, ինչպես են մարդիկ ապրում, ինչ է կատարվում նրանց հոգում, ինչ է կյանքը և այլն:
Նա ոչինչ չի պատմում իր դերի մասին՝ նշելով, որ հանդեսատեսը պետք է գա ու դիտի ներկայացումն ու ամեն ինչ իմանա, հակառակ դեպքում հետաքրքիր չի լինի:
Դերասանը հիշում է՝ երկու կամ երեք տարի առաջ Հայաստանում Շեքսպիրի «Հուլիոս Կեսար»-ն են խաղացել: Ինքը Կեսարին է մարմնավորել: «Հայերը շատ լավ են հասկանում թատրոնը: Մենք շատ ենք հարգում ձեր դերասաններին, սիրում ենք ու միշտ հիշում ենք այն մեծերին, որոնց հետ ժամանակին աշխատել են մեր թատրոնի մեծերը: Մեր ու ձեր դերասանները շատ բարեկամական վերաբերմունք են ունեցել միմյանց հանդեպ և ունեն»,-ասում է Ուպլիսաշվիլին ու տեղեկացնում, որ Հակոբ Ղազանչյանն այժմ իրենց թատրոնում բեմադրություն է անում, և հունիսի 2-ին նախատեսվում է ներկայացման առաջնախաղը:
Անժելա Համբարձումյան