Փաշինյանը, երևում է, հիմա էլ ինչ-որ ակնկալիքներ Մոսկվայից ունի, սա խաղ է․ Տարասով

Թեև Նիկոլ Փաշինյանը նախօրեից Մոսկվայում է և այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա գտնվեց Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին, առաջիկայում սպասվում են նրա բարձրաստիճան բանակցությունները Իլհամ Ալիևի հետ նախ՝ Բրյուսելում, ապա՝ Քիշնևում ԵԽ նախագահ Շառլ Միշելի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ։

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր նշել է, որ Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի հիմնարար հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

«Որոշ հարցերում ինչ-որ առաջընթաց եղել է, բայց դրանք ամենահիմնարարը չեն»,- հայտարարել է նա։

Գրիգորյանը հիշեցրել է` բանակցություններում հայտնի սկզբունք կա՝ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ` ոչ մի բան էլ համաձայնեցված չէ։

Կարդացեք նաև

«Կիրակի օրը լինելու է հանդիպում Բրյուսելում, այնուհետև` Քիշնևում։ Հանդիպմանը կմասնակցեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Կաշխատենք այն ուղղությամբ, որ հնարավորինս մոտարկենք մոտեցումները և առաջ շարժվենք»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է Արցախին, ապա ՀՀ ԱԽ քարտուղարը հայտնեց, որ մոտեցումները նույնն են` պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ, Ստեփանակերտն ու Բաքուն նստեն բանակցությունների սեղանի շուրջ։

Գրիգորյանը հիշեցրեց, որ հայկական կողմն արդեն բարձրաձայնել է տարաձայնությունների մասին, և առանց դրանց լուծման` պայմանագրի ստորագրումը հնարավոր չէ։

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցություններից հետո այս շաբաթավերջին էլ Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները՝ եռակողմ ձևաչափով։ Եվրոպական խորհրդի նախագահի գրասենյակն է հաղորդել, առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ հարցերի շուրջ են ընթանալու Շառլ Միշելի միջնորդությամբ բանակցությունները։ «Նախագահ Միշելը շարունակում է սերտ կապի մեջ լինել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Հարավային Կովկասում կայունությունը խթանելու և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Եվրամիության ջանքերն առաջ մղելու համար»,- հայտնում է Եվրոպական խորհրդից՝ տեղեկացնելով, որ արդեն կա պայմանավորվածություն հունիսի 1-ին նաև հնգակողմ հանդիպում անցկացնել՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: Միշելը նաև մտադրություն է հայտնել հրավիրել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին երկրորդ հանդիպումն անցկացնել արդեն հոկտեմբերին Իսպանիայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հավաքի շրջանակում:

«Միշելը, Փաշինյանը և Ալիևը նաև պայմանավորվել են շարունակել եռակողմ հանդիպումները Բրյուսելում այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է՝ տեղում ընթացող զարգացումներին և բրյուսելյան հանդիպումների օրակարգային հարցերին անդրադառնալու համար»,- հայտնում է Եվրոպական խորհուրդը:

Գնահատելով վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները, այցը Մոսկվա և դրանից հետո սպասվող բարձրաստիճան բանակցությունները՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վաշինգտոնյան բանակցություններն այնպես, ինչպես ներկայացվեցին և ինչ արդյունքներ ձեռք բերվեցին, կարելի է համարել լիարժեք տապալում, քանի որ կողմերը խոսում են մեզ հայտնի ամենակարևոր հարցերում կոնսենսուսի բացակայության մասին։

Ըստ նրա, նույնիսկ որևէ կետով առաջընթաց ձեռք չի բերվել, և դա իրենց վերջին ելույթներով հաստատեցին թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը, առաջինը՝ Պրահայում, երկրորդը՝ Շուշիում։

«Ակնհայտ է, որ փակ բանակցային սեղանին կար որոշակի կոմպրոմիսային ծրագիր, որը չի հաջողվել անցկացնել, և Արևմուտքին չի մնում այլ բան, քան շարունակել ամեն դեպքում այն, ինչ ծրագրվել էր, բարձրաստիճան հանդիպումներ Բրյուսելում և Քիշնևում։

Ես մշտապես ասում եմ, որ Ալիևը դիվանագիտական և ռազմական խաղում հաղթում է, սակայն ներկայումս նա պարտվում է դիվանագիտությունը, թեև ունի ուժային առավելություն։ Հասկանալի չէ՝ ինչո՞ւ է Ադրբեջանը համաձայնել արևմտյան հարթակում աշխատանքին ու ի՞նչ է ակնկալում, ի՞նչ օրակարգով։

Իսկ Փաշինյանը ժամանակ է ձգում, որի նպատակով նաև Մոսկվա է մեկնել, մե՛կ Մոսկվա, մե՛կ Պրահա, Ֆրանսիա, ամենուր, հիմա էլ ինչ-որ բան Մոսկվայից է ակնկալում երևի թե, գուցե, որ Արևմուտքում ինչ-որ բան չստացվի, «վերադառնա» Մոսկվա, հստակ կդժվարանամ ասել, այստեղ լուրջ ռազմավարություն չկա, խաղ է, որի մեջ ներքաշվել է նաև Ալիևը։

Երբ ակտիվ էր ռուսական միջնորդությունը, դիմեց ԱՄՆ-ին, հիմա ակտիվ է Արևմուտքը, եկել է Մոսկվա»,- նկատեց Ստանիսլավ Տարասովը։

Նրա խոսքով, վաշինգտոնյան բանակցությունների միակ արդյունքը բարձրաստիճան բանակցությունները Բրյուսելի հովանու ներքո անցկացնելն էր, քանի որ Պրահայի հանդիպումից հետո, որն իրենք՝ կազմակերպիչները և մասնակիցները, մեծ ձեռքբերում էին որակում, դարձավ Բրյուսելի նմանատիպ վերջին նախաձեռնությունը և երևում է, որ Բրյուսելը բարձրաստիճան հանդիպումների նոր շարք է նախաձեռնում։

«Մի քանի հանդիպման պայմանավորվածություն արդեն իսկ ձեռք բերվել է, որպեսզի եթե նույնիսկ Մոսկվան ինչ-որ բան նախաձեռնի, այնուամենայնիվ գործընթացից դուրս մնացողը լինի ՌԴ-ն, ոչ թե Արևմուտքը։ Բայց մինչ դա՝ կարևորը, որ Արևմուտքը կարողանա արդյունք ցույց տալ գոնե մի հարցով, չէ՞ որ Մոսկվան այսօր ակտիվ չէ, ինչն էլ ցանկանում էին, ինչո՞ւ չկա գեթ մեկ հայտարարված արդյունք։

Այս իրավիճակում ի՞նչ են խոսելու առաջիկա հանդիպմանը Բրյուսելում։ Համոզված եմ, որ այն, ինչ Մյունխենում են խոսել, պարզապես Միշելի մասնակցությամբ։

Կամ՝ ի՞նչ են խոսելու Մակրոնի միջնորդությամբ, երբ մերժում էին նրա մասնակցությունը Պրահայից հետո, իսկ Փաշինյանը՝ պնդում, որ նա պետք է մասնակցի բանակցությունների, և հրաժարվում էին բրյուսելյան հարթակից»,- ասաց Տարասովը։

Տեսանյութեր

Լրահոս