Այս ամենն ունի մեկ պատասխանատու՝ Նիկոլ Փաշինյանն է, որն ամենավատ բանակցողն է. Թագուհի Թովմասյան
Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցել Կառավարության հետ հարցուպատասխանին, և սա բոլորովին չի նշանակում, եթե «Հայաստան» խմբակցությունը մասնակցել է, ուրեմն՝ երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև պառակտում կա։
Ինչ վերաբերում է Միրզոյան-Բայրամով շարունակվող բանակցություններին, Թագուհի Թովմասյանն ասաց՝ որևէ բան չի կարող ասել, քանի որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանն ունի շատ վատ բանակցող։
«Գործ ունենք այնպիսի բանակցողի հետ, որն ամենևին Հայաստանի ու Արցախի շահն առաջ չի տանում, կանգնում ենք այնպիսի իրավիճակի առջև, որ հերթական զիջումից հետո մեզ պարտադրում են նոր զիջումներ։ Ստացվում է, որ մենք շարունակ զիջում ենք, սակայն փոխարենը որևէ բան ձեռք չենք բերում։ Փոխարենն ունենք իրավիճակ, երբ Հայաստանից օկուպացվել է հսկայական տարածք՝ Սյունիքից ու Գեղարքունիքից, մինչ օրս ադրբեջանական զինուժը չի նահանջել, մինչդեռ այդպիսի խոստումներ ու պահանջներ հնչում էին, իսկ հիմա արդեն չեն էլ հնչում։
Ունենք իրավիճակ, երբ Սոթքի հանքը երկու շաբաթից ավելի չի աշխատում, քանի որ ամենօրյա ռեժիմով կրակում են 800 աշխատակցի վրա, և ստիպված հանքի սեփականատերերը մարդկանց ուղարկել են հարկադիր պարապուրդի։ Մենք շարունակում ենք սահմանին ունենալ զոհեր, վիրավորներ, տարածքային կորուստներ, արցախահայությունը գտնվում է պատանդի կարգավիճակում: Այս ամեն ինչը ունի մեկ գլխավոր պատասխանատու, և այդ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որն ամենավատ բանակցողն է»,- եզրափակեց Թագուհի Թովմասյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում