Բաժիններ՝

BBC-ի տնօրենների խորհրդի նախագահը հրաժարական է տվել Բորիս Ջոնսոնի հետ կապված սկանդալի պատճառով

Բրիտանական BBC հեռարձակման կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Ռիչարդ Շարփը հրաժարական է տվել: Այս քայլի պատճառ է դարձել հետաքննությունը, որը պարզել է, որ նրա նշանակման գործում մասնակցություն է ունեցել Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, որին վարկ տրամադրելու գործում Շարփը միջնորդ է հանդիսացել: Այս մասին հաղորդում է BBC-ին:

Ռիչարդ Շարփը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ զեկույցում պարզվել է, որ իր նշանակման ժամանակ նա չի հայտնել հնարավոր շահերի բախում պարունակող տեղեկություններ:

Ըստ BBC-ի՝ նախ Շարփը Բորիս Ջոնսոնին հայտնել է, որ ցանկանում է դիմել BBC-ում այդ բարձր պաշտոնի համար՝ մինչև դիմում ներկայացնելը: Եվ երկրորդ, 2020 թ.-ի վերջում Շարփը հանդիպում է կազմակերպել նախարարների կաբինետի քարտուղար Սայմոն Քեյսի և Բորիս Ջոնսոնի հեռավոր ազգական Սեմ Բլայթի միջև, որն առաջարկել էր ֆինանսական աջակցություն տրամադրել այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ջոնսոնին:

Ըստ զեկույցի՝ Ռիչարդ Շարփը չի ընդունում առաջին եզրակացությունը, սակայն ընդունում է երկրորդը, որի համար ներողություն է խնդրել:

Ավելի վաղ Sunday Times-ը հաղորդել էր, որ Շարփը, որին 2020 թ.-ին տվյալ պաշտոնի համար երաշխավորել է Ջոնսոնը, մինչ այդ օգնել է նախկին վարչապետին ստանալ 800 հազար ֆունտ ստեռլինգի չափով վարկ:

Հրաժարականի մասին իր հայտարարությունում Շարփը գրել է, որ չի ցանկանում լինել ուշադրությունը շեղող գործոն՝ հավելելով, որ իր համար մեծ պատիվ էր BBC-ի նախագահի պաշտոնում աշխատելը: Նա այդ պաշտոնում կմնա մինչև հունիս, երբ կնշանակվի տնօրենների խորհրդի նոր նախագահ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս