Արևմուտքի Երևան-Բաքու նախաձեռնությունը տապալվո՞ւմ է
Միացյալ Նահանգների Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելն իր վերջին բրիֆինգի ընթացքում կրկին անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին:
Ինչպես հայտնի է, վերջին տասնօրյակի ընթացքում բանակցությունների նպատակով Երևանում և Բաքվում էին Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը:
Եվ մինչ, ըստ որոշ տեղեկությունների, ԱՄՆ Պետքարտուղարությունը փորձում էր տեղում՝ Երևանում ու Բաքվում, բարձրաստիճան բանակցությունների միջոցով բեկում մտցնել բանակցային գործընթացում, ունենալով հստակ նախաձեռնություն և հրավեր՝ բարձրաստիճան հանդիպում անցկացնել Վաշինգտոնում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջնագրեր էր ներկայացնում արցախահայությանն ու ՀՀ իշխանություններին՝ պահանջելով հայտարարել՝ «Արցախը Ադրբեջան է»:
Ալիևը նաև ի լուր աշխարհի հայտնեց, որ Ղարաբաղի հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ գտնեն բնակության այլ վայր, ինչը չստացավ որևէ միջազգային արձագանք:
Սրան արդեն հաջորդեց ապրիլի 23-ին Արցախ-Հայաստան սահմանագծին ադրբեջանական անցակետի ապօրինի տեղադրումը: Նույն օրը Պետքարտուղարությունը հայտարարությամբ հանդես եկավ՝ իր խորը մտահոգությունը հայտնելով տեղի ունեցածի կապակցությամբ, զուգահեռաբար կոչ անելով կողմերին վերսկսել բանակցությունները, զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից ու թշնամական գործողություններից:
Իսկ դրանից ժամեր առաջ տեղի ունեցած բրիֆինգի ընթացքում հարցին, թե կիրակի օրն ԱՄՆ պետքարտուղարության արած հայտարարությունը հուշում է, որ վերջին շաբաթվա ընթացքում Բաքվում և Երևանում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից անցկացված բարձր մակարդակի բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել, իսկապե՞ս դա այդպես է, Պատելը պատասխանել է, որ Հարավային Կովկասում այս հարցը մի բան է, որն անձամբ պետքարտուղարը խորապես գնահատում և մեծ նշանակություն է տալիս:
«Ինչպես տեսաք, անցած շաբաթավերջին մենք հայտարարեցինք, որ Պետդեպարտամենտը խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքում անցակետի ձևավորման առնչությամբ: Անկեղծ ասած, դա խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը, և մենք այն կարծիքին ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց ազատ և բաց տեղաշարժ, ինչպես նաև առևտուր: Բայց ավագ խորհրդական Բոնոն, պետքարտուղարի օգնական Հոգանը, պետքարտուղարը, մենք կշարունակենք ակտիվորեն հետամուտ լինել այս խնդրին»,- նման դիվանագիտական ձևակերպում է արել Վեդանտ Պատելը, ըստ էության չհերքելով, որ ամերիկյան միջնորդությունը ռեգիոնում խնդիրների է բախվել:
Դեռևս մարտի վերջից տեղեկություններ էին շրջանառվում, որ նախարարներ Միրզոյանն ու Բայրամովն բանակցությունների նպատակով հրավիրված են Վաշինգտոն:
Խոսքն ապրիլի վերջին նախատեսվող հանդիպման մասին էր: Սակայն Պետքարտուղարության ներկայացուցչի վերջին մի քանի բրիֆինգների ընթացքում արած հայտարարությունները հույս չեն ներշնչում, որ Երևանում ու Բաքվում Լուիս Բոնոյին ու Էրիկա Օլսոնին հաջողվել է հասնել կայուն պայմանավորվածությունների:
«168 Ժամ»-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին ասաց, որ, իհարկե, վերջին մի քանի իրադարձությունները հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև անցակետի տեղակայումը սրում են իրավիճակը և նախապայմաններ չեն ձևավորում խաղաղ բանակցային գործընթացի համար:
Ըստ նրա, Միացյալ Նահանգներին պետք է հաջողվեր այդ մթնոլորտը և վստահությունը ձևավորել կողմերի միջև, ուստի, երբ այդ միջնորդության ակտիվ փուլում միակողմանի որոշումներ են կայացվում՝ դուրս միջնորդական տրամաբանությունից, բնականաբար, միջնորդական այդ ջանքերն էականորեն տուժում են, միջնորդները հայտնվում են բարդ իրավիճակում:
«Կարծում եմ՝ իսկապես կար և կա մտադրություն լրջորեն զբաղվելու այս հարցով՝ մեկընդմիշտ այս հակամարտությունները լուծելու ակնկալիքով: Հենց այդ պատճառով էլ տարածաշրջան գործուղվել էին երկու բարձրաստիճան դիվանագետներ, որոնք, իմ տպավորությամբ՝ միայն հանդիպում չէին տարածաշրջանում համաձայնեցնում, այլ շատ ավելի լայն ու ինտեգրված աշխատանք էին իրականացնում կողմերի հետ: Սակայն բոլոր կողմերի վստահությունն ամերիկյան ջանքերի արդյունավետության մեջ էական կարևորություն ունի, քանի որ իրավիճակն այս հակամարտության գոտում այնպիսին է, որ ներկայումս միջնորդի հեղինակության ետևից են կողմերը գնում՝ ունենալով խորը տարաձայնություններ: Չափազանց բացասական երևույթ կլիներ, եթե Վաշինգտոնի ջանքերն արժանանան այն նույն ճակատագրին, ինչ եղավ Բրյուսելի դեպքում: Ինչո՞ւ, որովհետև խնդիրները մնալու են չլուծված, հակամարտությունը թեժ իրավիճակում ռուսական քաղաքական մենեջմենթի ներքո»,- ասաց Մենաղարիշվիլին:
Նա գտնում է, որ ռեգիոնալ զարգացումներին հավելյալ տեմպ ու սրություն են հաղորդում սպասվող մի շարք այլ զարգացումներ, ինչպիսին ընտրություններն են Թուրքիայում, դրանց արդյունքը և Ուկրաինայի նախապատրաստվող հակագրոհը, որը կարող է շատ խաղաքարտեր խառնել կամ բացահայտել: «Ցավոք, իրադարձություններն ամենուր գտնվում են գլոբալ աշխարհաքաղաքական ազդեցության ներքո, որի հետևանքով տարածաշրջանում էլ անընդհատ աշխարհաքաղաքական ճոճանակի տրամաբանությամբ զարգացումներ են»,- ասաց նա:
Իր հերթին՝ վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին մեզ հետ զրույցում ցավով արձանագրեց, որ որևէ առաջընթաց չի նկատվում բանակցային գործընթացում, այդ թվում՝ ամերիկացի դիվանագետների ռեգիոնալ այցից հետո:
«Թեև Արևմուտքը վերատեսության է ենթարկել իր հարավկովկասյան քաղաքականությունը, այս ջանքերը կարող են տապալվել, քանի որ ռեգիոնում իրավիճակը պայթյունավտանգ է մի շարք դերակատարների միջև, ինչպես նաև արդեն սովորության է վերածվել հարցերը ոչ թե դիվանագիտական ճակատում, այլ ուժով լուծելու պրակտիկան, որը հստակ գնահատականի պետք է արժանանա, ռեգիոնում պետք է հավասարակշռություն ձևավորվի, այլապես ողջ ռեգիոնը կարող է շարունակել երկար տուժել այս իրավիճակից, դուրս չգալով տուրբուլենտության գոտուց: Ժամանակը ցույց է տալիս, որ Արևմուտքի ներկայիս ճկունությունը և կայացվող որոշումները բավարար չեն»,- ասաց նա: