Նիկոլ Փաշինյանի՝ դպրոցական հանդեսի բառապաշարի թաքնված ականները, կամ՝ ծանոթացեք, պարո՛ն, Ռաֆայել Լեմկինն է
Երեկ Ապրիլի 24-ն էր՝ 20-րդ դարի առաջին մեծագույն ու նախադեպը չունեցող հանցագործության՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի օրը:
Թուրքական պատրոնաժի տակ աննախադեպ արագությամբ ու ջանքերով իրեն դնող Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության ու խորհրդարանական խմբակցության և նրանց հարող անհայրենիք զանգվածի համար հերթական մի օր էր ապրիլի 24-ը, որը պիտի գար ու անցներ՝ դեռևս պարտադիր ատրիբուտիկայի ուղեկցությամբ՝ այց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ոչինչ չասող, իսկ ավելի ճիշտ՝ խոսուն տողատակերով ուղերձ, հուշահամալիրի ծաղիկների քջջում անվտանգության սարքերի միջոցով… Եվ մի ռելիզ կառավարության թվիթերյան էջում:
Երեկ առաջին անգամ Կառավարության թվիթերյան էջում «Հայոց ցեղասպանություն»` Armenian Genocide եզրույթին փոխարինել էր «Մեծ եղեռնը»՝ Medz Yeghern:
Տարիներ շարունակ՝ այն հին ու բարի ժամանակերում, երբ դեռ հայկական երկու պետություն ունեինք, ապրիլի 24-ի նախօրեին աշխարհի հզորների ուղերձների մեջ մենք փնտրում ու հաճախ չէինք գտնում «ցեղասպանություն» եզրույթը, ու վրդովվում, որ, օրինակ, ԱՄՆ նախագահը էլի «Մեծ եղեռն» ասաց:
Ի դեպ, այս տարի անգամ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն է իր ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձի մեջ կիրառել «ցեղասպանություն» եզրույթը:
«Ցեղասպանություն» բառն օգտագործեց նաև Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը օրվա խորհրդին նվիրված իր հայատառ գրառման մեջ:
Նիկոլ Փաշինյանի համար, սակայն, երեկվա օրը ցեղասպանության մասին չէր, և դա պատահականություն չէր: Նիկոլ Փաշինյանն առաջին քայլը կատարեց Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու իրավական հիմքերը վերացնելու ուղղությամբ՝ կառավարության էջում գրելով «Մեծ եղեռն» զուտ հայկական, գրքային, գեղարվեստական, մշակութային, էմոցիոնալ, դպրոցական հանդեսային սցենարին բնորոշ, ոչ մի պատասխանատվություն չենթադրող բառակապակցությունը:
Նիկոլ Փաշինյանը պիտի որ իմանա՝ աշխարհում եղել է հրեական ծագմամբ լեհ իրավագետ՝ Ռաֆայել Լեմկինը, ում վերապահվում է ոչ միայն «ցեղասպանություն» եզրույթի ստեղծումը և մասնակցությունը 1948 թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի կազմման գործին, այլ նաև պատմության ընթացքում տեղի ունեցած տարբեր ցեղասպանությունների հիմնավոր ուսումնասիրությունը:
Իր ահռելի գիտական ժառանգության մեջ Լեմկինը հատուկ տեղ է հատկացրել Հայոց ցեղասպանության իրագործման խնդրի ուսումնասիրությանը` այն պահելով ուշադրության կենտրոնում իր ողջ գործունեության ընթացքում: Դեռևս պատանի հասակում Ռաֆայել Լեմկինի վրա մեծ տպավորություն էին թողել 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները: Հայերի նկատմամբ իրագործված այդ ոճրագործությունների մասին հիշողությունները մնացին նրա գիտակցության մեջ, և նա, երբ արդեն 21 տարեկան էր ու լեզվաբանություն էր ուսումնասիրում Լվովի համալսարանում, պատահաբար տեղական թերթից տեղեկանում է Սողոմոն Թեհլերյանի կողմից Բեռլինում Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշայի սպանության մասին: Հայոց ցեղասպանությունն իրագործած թուրք հանցագործների անպատիժ մնալու հանգամանքն անհանգստություն է առաջացնում Լեմկինի մոտ, և նա քրեական իրավունքի պրոֆեսորի ուշադրությունը հրավիրում է այդ հարցի վրա: Պրոֆեսորը նրան պատասխանում է, որ չկա որևէ օրենք, որով թուրք հանցագործներին կարելի լինի հանձնել արդարադատությանը: Ուստի Լեմկինը որոշում է խորանալ միջազգային իրավունքի ասպարեզում՝ մասնագիտանալով մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրության գործում: Չգտնելով ցեղասպանությունը կանխելու և այն իրագործող հանցագործներին պատժելու համապատասխան միջազգային նորմեր՝ նա ինքն է ձեռնամուխ լինում այդ նորմերի ստեղծման գործին:
«Մեծ Եղեռնը» իրավական պատասխանատվություն չենթադրող բառակապակցություն է, մինչդեռ Ցեղասպանությունը հանցագործություն է՝ ամրագրված միջազգային նորմերով, և Միջազգային քրեական դատարանին (Հռոմի ստատուտ) ենթակա 4 հանցագործություններից մեկը և առաջինը հենց Ցեղասպանությունն է: Մյուս երեք հանցագործությունները, որոնք ենթակա են Հռոմի ստատուտին, պատերազմական հանցագործություններն են, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները և ագրեսիայի ակտը:
Ցեղասպանությունը դրսևորվում է հատուկ հիմքերով՝ կրոնական, ռասայական, էթնիկ և ազգային: Հայոց ցեղասպանության հիմքերից է էթնիկ և կրոնական ատելության հիմքով Թուրքիայում ապրող հայերի նկատմամբ տարվող քաղաքականությունը:
Ցեղասպանության հանցագործությունը, կրկնում ենք, հանցագործների համար իրավական և քրեական պատասխանատվության հետևանքներ է նախատեսում: Ընդ որում, Ցեղասպանության դեպքում քրեական պատասխանատվության ենթակա են ոչ միայն կատարողները, այլև կազմակերպիչները:
Հատկանշական է, որ Ցեղասպանության հանցագործության ժխտումն ինքնին հանցագործություն է, և, օրինակ, Ֆրանսիան ցեղասպանության ժխտումը տարիներ առաջ քրեականացրեց:
Ցեղասպանության պարագայում, ինչպես նշեցինք, հատուկ կարևորվում է դրա կանխարգելումը, ինչը տեղի է ունենում Ցեղասպանության ճանաչմամբ, անդադար դրա մասին խոսելով, խնդիրները վեր հանելով:
Որևէ օտարազգի մեկի մոտ եթե արտաբերես, «Մեծ եղեռն» բառակապակցությունը, կհասկանա՞՝ ինչի մասին է խոսքը, իհարկե ոչ, մինչդեռ «Genocide – Ցեղասպանություն» եզրույթը ծանոթ է յուրաքանչյուրին, ով էլ որ լինի, ինչ ազգության, ռասայի որ պատկանի:
Ցեղասպանությունը գիտություն է, որն ունի տարատեսակ կոմպոնենտներ, և այդ գիտությունն այժմ լայնորեն ուսումնասիրվում է: Ցեղասպանության վերաբերյալ նաև կոնվենցիաներ կան, և դրանք ձևավորվել են հենց Հայոց ցեղասպանությունից հետո: Հատկանշական է, որ Թուրքիայի արդարադատության նախարարը դատապարտել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործողներին, իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, արձագանքելով ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններին, գրառում է կատարել Twitter-ում. «Քաղաքական շառլատանները նորից ասպարեզում են։ Պատմությունը չի կարող վերաշարադրվել քաղաքական հայտարարություններով. Ոչ ոք իրավունք չունի թուրք ժողովրդին պատմության դաս տալ»։
Երկու թուրք պետական գործիչներ, իրենց երկրի շահն առաջ տանելով, ջարդում են Հայոց ցեղասպանության համար պատասխանատվություն կրելու իրավական և քաղաքական կոմպոնենտները, իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը…
Նիկոլ Փաշինյանը վստահաբար՝ թուրքական քաղաքական վերնախավի հետ միասին, նրանցից ոչ պակաս ջանքեր գործադրելով, փորձում է մոռացության տալ Հայ դատի պահանջատիրությունը… Իսկ ո՞րն է լինելու նրա հաջորդ քայլը…
Ի դեպ, երեկ անգամ Հանրային հեռուստաընկերությունում կար այդ երկու եզրույթների տարբերության ընկալումը:
Պատահականությամբ թե ոչ, պոլսաբնակ հայ երգչուհի Սիբիլի հետ հարցազրույցից առանձնացրել էին հենց այդ միտքը՝ «Թուրքիայում կա Մեծ եղեռնի, բայց ոչ ցեղասպանության ընկալում: