«Պետք լինի՝ կթքեմ». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

Այսօր խորհրդարանում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն անդրադարձավ երկու օր առաջ  Նիկոլ Փաշինյանի հրապարակած Կառավարության տարեկան զեկույցին և հայտարարեց, որ այն ծայրից ծայր սուտ է։ Խորհրդարանի ամբիոնից դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ պատգամավորը հայտարարեց, որ նա չի կարողանում ապահովել երկրի անվտանգությունը, առաջնագիծ դարձած իր ծննդավայր Վարդենիսում արդեն 5 օր է՝ թշնամին կրակում է Սոթքի հանքավայրի վրա, հանքավայրի աշխատողները հարկադրված պարապուրդի մեջ են։

Երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թագուհի Թովմասյանին ասաց, որ ավարտի ելույթը, քանի որ ժամանակը լրացել է, պատգամավորը պատասխանեց, որ չի պատրաստվում թողնել ամբիոնը, քանի որ իրականացնում է քաղաքական ակցիա։ Դրանից հետո Ալեն Սիմոնյանն ընդմիջում հայտարարեց և անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ, որպեսզի պատգամավորին հեռացնեն, այդ ընթացքում ամբիոնին մոտեցան նաև «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների մի խումբ պատգամավորներ։

Անվտանգության աշխատակիցները փորձեցին հեռացնել Թագուհի Թովմասյանին, սակայն վերջինս կրկին հայտարարեց.

«Ես իրականացնում եմ քաղաքական ակցիա և թույլ չեմ տա այլևս ԱԺ ամբիոնից սուտ խոսեք, հերիք է, հոգիներիս վրա է հասել»։

Անվտանգության աշխատակիցները բռնի ուժով դահլիճից հեռացրեցին ոչ միայն Թագուհի Թովմասյանին, այլև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին ու պատգամավոր Աննա Մկրտչյանին։

Իսկ երբ ընդդիմադիր պատգամավորներից մեկն անվտանգության աշխատակիցներին հրահանգներ տվող Ալեն Սիմոնյանին ասաց, թե՝ «դու տես, մեզ վրա չթքես, մնացածը հեչ», Ալեն Սիմոնյանը հակադարձեց.

«Պետք լինի՝ կթքեմ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս