Բաժիններ՝

Արժե՞ր 5-6 մլն դոլարի համար նեղացնել ատամնաբույժներին

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծում է, որ պաշտոնավարման առաջիկա հինգ տարիների ընթացքում վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանը տնտեսության զարգացման հարցում կտրուկ քայլեր չի ձեռնարկի:

«Հինգ տարի ժամանակը, կարծում եմ, արդեն այնքան  էլ լիաժեք ժամանակ չէ շատ ավելի մեծ, խոշոր փոփոխություններ կատարելու համար: Այստեղ կարող են ռիսկեր ավելանալ, կարող են անկառավարելի երևույթներ առաջանալ: Կարծում եմ՝ ինքը կգնա ավելի հանգիստ, որոշակի փոքր, կոսմետիկ փոփոխությունների ճանապարհով»,- այսօր  «Մեդիակենտրոնում» հրավիրված քննակման ժամանակ ասաց Գագիկ Մակարյանը:

Նա նշեց, որ ցանկալի կլիներ՝ կառավարությունը ոչ թե անընդհատ հղումներ աներ նախագահին և նրա ծրագրին, այլ ինքը նախաձեռնողականություն ցուցաբերեր: Խոսելով ընտրություններից հետո կատարվելիք բարեփոխումների մասին՝ նա նշեց, որ հարկային քաղաքականությունը հարկավոր է վերանայել: Իբրև օրինակ բերելով ատամնաբույժներին և բրոքերներին՝ Գագիկ Մակարյանը նշեց, որ միկրոբիզնեսը պետք է գոնե սկզբնական շրջանում ազատ լինի հարկերից: Նա ասաց, որ իր հաշվարկներով՝  միկրոբիզնեսից կառավարությունը կարողանում է  առավելագույնը գանձել 100 մլն դոլար հարկ: «Տնտեսությունը պետք է կարողանա հասնել նրան, որ այդ բիզնեսը ազատ գործի և ազատ շունչ քաշի գոնե առ ժամանակ, որպեսզի կարողանա դառնալ փոքր բիզնես»,- նշեց Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքերով, կոնկրետ ատամնաբույժներն առավելագույնը 5-6 մլն դոլարի հարկ են վճարում, և գուցե այդ գումարի համար չարժեր նեղացնել երկու-երեք հազար ատամնաբույժի: Հայաստանի գործատուների միության նախագահի կարծիքով՝ սխալ մոտեցում է ցուցաբերվել նաև անշարժ գույքի գործակալությունների նկատմամբ: «Փող աշխատողը բրոքերն է, ոչ թե անշարժ գույքի գործակալության հավաքարարը, պահակը կամ մենեջերը, հետևաբար՝ եթե հարկը դրվում է, պետք է բրոքերների  և ոչ թե ընդհանուր աշխատողների թվաքանակով  դրվի: Սա էլ է սխալ մոտեցում: Ես ցանկանում եմ, որ այսուհետև կառավարությունը, ունենալով շատ մասնագետներ նաև դրսում, կարողանա այդ երկխոսությունն ավելի զարգացնել, ավելի լսելի դարձնել, որովհետև նման երևույթները կարող են ներդրողներին վախեցնել»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Գագիկ Մակարյանի համոզմամբ, նախորդ տարիներին այս ուղղությամբ որոշակի քայլեր կատարվել են, և քանի որ նախագահ ընտրվել է նույն անձնավորությունը, կարելի է հուսալ, որ բարեփոխումները կշարունակվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս