Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն հայտարարել Է «ռադիոակտիվ ցունամի» առաջացնող զենքի փորձարկման մասին

Հյուսիսային Կորեան անցկացրել Է նոր ստորջրյա անօդաչու թռչող սարքի փորձարկում, որը կարող է միջուկային զենք կրել: Փհենյանում հայտարարել են, որ դրա առաքելությունը գաղտնի օպերատիվ գոտի հասնելն Է և ստորջրյա պայթյունի օգնությամբ «գերհզոր ռադիոակտիվ ցունամի» առաջացնելը՝ հակառակորդի նավախմբերը և նրա հանգուցային նավահանգիստները ոչնչացնելու համար:

Ինչպես հաղորդում Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, սարքի թեստավորումը պատասխանն Է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի կողմից օրերս անցկացրած համատեղ զորավարժություններին, որոնք, ԿԺԴՀ-ի կարծիքով, վատթարացրել են իրադրությունը տարածաշրջանային անվտանգության բնագավառում։ Գործընթացին հետևել Է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։

ԿԺԴՀ-ի պետական լրատվամիջոցը նաև հաղորդել է, որ չորեքշաբթի օրը՝ մարտի 22-ին, Փհենյանը փորձարկել է ռազմավարական թևավոր հրթիռներ, որոնք «հանդերձված են միջուկային մարտալիցք նմանակող մարտագլխիկով»:

Մարտի 13-ին մեկնարկած Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի՝ հինգ տարվա ընթացքում ամենախոշոր համատեղ զորավարժությունների ֆոնին Հյուսիսային Կորեան արդեն մի քանի ցուցադրական հրթիռային արձակումներ է իրականացրել։

Մասնավորապես, անցած շաբաթ անցկացվել Է «մարտավարական բալիստիկ հրթիռի արձակում, որը հանդերձված Էր միջուկային մարտագլխիկի մակետով»:

Հարավային Կորեայի գլխավոր շտաբի տվյալներով՝ ԿԺԴՀ-ի կողմից արձակված փոքր հեռահարության հրթիռն ընկել է ծով։ Սակայն, ինչպես նշում Է AFP գործակալությունը, վերլուծաբանները կասկածի տակ են դնում Հյուսիսային Կորեայի հայտարարությունները «ռադիոակտիվ ցունամի» առաջացնող զենքի մասին:

Սեուլում գտնվող Իհվա համալսարանի պրոֆեսոր Լեյֆ Էրիկ Իսլիի կարծիքով, հարկավոր է թերահավատորեն վերաբերվել այն գաղափարին, թե Փհենյանը միջուկային զենք կրելու ունակ ստորջրյա անօդաչու թռչող սարք ունի: Ամերիկացի վերլուծաբան Անկիթ Փանդայի կարծիքով՝ չի կարելի բացառել, որ Փհենյանի հայտարարությունը եղել Է «խաբեության փորձ» կամ «հոգեբանական օպերացիա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս