«Իմ կարծիքով՝ պատերազմն անխուսափելի է, պատերազմի վտանգը մեծ է…». Հակոբ Ավետյան

«Պատերազմն ավարտված չի, քանի որ տեսնում ենք՝ Ալիևն իր պահանջները դնում է, և այդ պահանջների ֆոնին մի բան լինելու է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը:

«Մարտի վերջերին, ապրիլի սկզբին միշտ էլ վտանգ կա, որ կարող է մի բան լինի, բոլորս էլ գիտենք, որ կուտակումներ կան, թե հիմա վերջին օրերին ինչ չափի են ակտիվացել, տեղյակ չեմ: Ես մի բան վստահ գիտեմ, որ մեր Կառավարությունն ի վիճակի չէ ի նպաստ մեր երկրի ինչ-որ հարց լուծել, կամ շատ թույլ վիճակում են գտնվում, կամ հաշտվել են նրա հետ, որ այդ ամենը պետք է հանձնվի թուրքերին: Ես ոչ մի սպասելիք չունեմ, որ մեր Կառավարությունը մի լավ լուծում տա՝ ի նպաստ մեր երկրի, բայց այն, որ կարող է էլի տարածքներ կորցնենք, այդ վտանգը շատ ավելի հավանական եմ համարում»,- ասաց Հակոբ Ավետյանը:

Մեր զրուցակիցը նախապատրաստական գործողություններ որակեց օրերս թշնամի պետության ղեկավարի հոխորտանքները, թե հայերը պետք է ընդունեն իրենց պայմանները՝ պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղն Ադրբեջանի մաս, իրենց պայմանների հիմքով կատարեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքները.

«Նախապատրաստական գործողություններ են անում, ես դրա մեջ վտանգ եմ տեսնում, որ հայտարարում է, ուրեմն դա մի օր լինելու է: Դա նշանակում է, որ մեր կողմը՝ մեր ԱԱԾ-ն, Կառավարությունը, տեղյակ են, և որպեսզի ժողովրդի մոտ միանգամից բունտ չհասունանա, նախապատրաստում են դրան, որ ամեն ինչ «հանգիստ» տանեն:

Կարդացեք նաև

Ալիևը հայտարարում է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, բայց դրան հայկական կողմն ի՞նչ է պատասխանում, ոչ մի բան: Էլի մեզ նախապատրաստում են, որ Արցախը միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և այլն: Դա, ով էլ լինի, կարող է ասել, որ մի հատ չոբան էլ դնեն Կառավարության ղեկավար, էդ նույն բանը կարող է ասել: Բայց մենք ունենք հազարամյակների պատմություն, այդքան պատերազմներ, պայքարներ, մեր երկրի ազատագրում, Արցախի պատմություն, այդ ամենը ոչ մեկը չի կարողանում ներկայացնել, այսինքն՝ կամ իրենց թիմում չունեն մարդիկ, որոնք կարող են ներկայացնել, կամ էլ ունեն, բայց հաշտվել են և այդ քայլին պատրաստ են, որ հերթականությամբ գնան, որ մի օր Արցախը տան, մի օր էլ Սյունիքը տան, մի օր էլ կանգնեն ասեն՝ էդքանը պետք է տայինք, որ ժողովուրդը կարողանար լավ ապրել՝ խաղաղ ապրել: Դա նշանակում է, որ հակառակորդն է թելադրում մեզ՝ ինչ տանք, հետո էլ թույլ տա՝ ապրել կամ չապրել: Դարձավ, որ մենք ինքնուրույն չենք որոշում, մեզ հետ հաշվի չեն նստելու, դուրս է գալիս, որ իրենք ոնց ուզեն՝ այդպես թելադրելու են Հայաստանի մեջ…

Եթե անգամ պատերազմ լինի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» համար, ես դա պատերազմ չեմ համարի, այլ շոու, որը պայմանավորված բան է, պետք է լինի, և ժողովրդին դրանով լռեցնեն, ոնց որ 44-օրյա պատերազմին… Ինչի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ Կառավարությունը տեղյակ չէ՞ր, ԱԱԾ-ն տեղյակ չէ՞ր, որ Ադրբեջանը հարձակման էր նախապատրաստվում, չոբաններն էլ էին տեղյակ՝ մեր մոտի: Հարձակման նախօրեին ով ասես՝ խոսում էր այդ մասին, ու հանկարծ ԱԱԾ-ն տեղյակ չէր… Նույնն  էլ հիմա է, եթե վտանգ ենք տեսնում, ինչո՞ւ չենք տեսնում պետության նախապատրաստվելը, թե, օրինակ՝ հարձակման դեպքում ոնց են պաշտպանվելու:

Այս պահին բնակիչները ստիպված ապրում են, որովհետև գնալու տեղ չունեն: Նախորդ տարի սեպտեմբերին այն, ինչ որ տեսավ ժողովուրդը, կոնկրետ Սոթքում, դա կարող է նորից կրկնվի, ու կարող է այս անգամ ավելի վատ հետևանք լինի, մարդիկ չփրկվեն, և մարդիկ այդ ամենը տեսնում են, որ ամեն պահի կարող է այդ վտանգը պայթել:

Իմ կարծիքով՝ պատերազմն անխուսափելի է, պատերազմի վտանգը մեծ է…»:

Տեսանյութեր

Լրահոս