Նիկոլ Փաշինյանը կանխել է դավադրությունը․ Տիգրան Ավինյանին կփոխարինի Հրաչյա Սարգսյանը 

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի կալանավորմամբ սկսված «կորոնասկանդալի» իրական նպատակը պետական միջոցների մսխման բացահայտումը և մեղավորներին պատժելը չէ, ինչպես ներկայացնում է իշխանական քարոզչությունը։  Նա այդպիսով մի քանի խնդիր է փորձում լուծել:

168am-ի տեղեկություններով, այս քրեական գործն ուղիղ կապ ունի այս տարի կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների հետ, և դրա նպատակն է փոխարինել արդեն իսկ պաշտոնապես իշխանության թեկնածու հայտարարված Տիգրան Ավինյանին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ինչ-որ պահից սկսած Նիկոլ Փաշինյանը սկսել է խիստ անվստահությամբ վերաբերվել Ավինյանին, դրան նպաստել են վերջինիս կողմից գրեթե չթաքցվող՝ ավելի բարձր քաղաքական հավակնությունները։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, Ավինյանից ազատվելու վերջնական որոշում է կայացրել այն բանից հետո, երբ նրան հատուկ ծառայությունները զեկուցել են, որ նեղ շրջանակով կազմակերպված հավաքույթներում Երևանի գործող փոխքաղաքապետն անկեղծացել է, թե ավագանու ընտրություններում իր հաղթանակը կարևոր քայլ է լինելու ամբողջական իշխանություն վերցնելու ճանապարհին։ «Նա իրեն վարչապետի պաշտոնում է տեսնում»,- ասացին մեր աղբյուրները:  Դրանից հետո է Փաշինյանի կողմից որոշում կայացվել փորձված՝ քրեական գործ հարուցելու ճանապարհով սկսել Ավինյանին իշխանության թեկնածուի կարգավիճակից զրկելու գործընթացը։ Ի դեպ, պատահական չէ, որ իշխանական և իշխանամերձ մամուլը կոնկրետ հարվածներ է հասցնում Ավինյանին: Այդպես, որոշ ժամանակ առաջ նրանք «դաս» տվեցին Սուրեն Պապիկյանին՝ ընտանեկան թերթի կայքէջով:

Եվ, ահա, որպես առաջին քայլ՝ կալանավորվել է Ավինյանի մտերիմներից համարվող Գևորգ Սիմոնյանը, ընդ որում, քրեական գործի շրջանակներում, որի ընդգրկման ժամանակահատվածում Երևանի փոխքաղաքապետը զբաղեցնում էր Պարետի պաշտոնը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, հարուցված քրեական գործը կազմված է այնպես, որ ցանկացած պահի կարող է դրանում շրջանառվել նաև Տիգրան Ավինյանի անունը՝ որպես չարաշահումների օղակի կարևոր դերակատար։ Դա, սակայն, կարող է տեղի չունենալ, եթե Ավինյանն առանց դիմադրության ընդունի քաղաքապետի թեկնածուի կարգավիճակից հրաժարվելու առաջարկը, հակառակ դեպքում, ըստ նույն աղբյուրների, նա հաշված օրերի ընթացքում քաղաքապետի թեկնածուից մեղմորեն կվերածվի քրեական գործով անցնող մեղադրյալի։

Կարդացեք նաև

Նույն աղբյուրների փոխանցմամբ, Ավինյանի հավակնությունները Նիկոլ Փաշինյանին ստիպել են Երևանի ավագանու ընտրություններում կանգ առնել հնարավորինս անդեմ, ոչ ինքնուրույն մեկի վրա, որը կլինի հնազանդ ենթակա և սեփական  քաղաքական ամբիցիաներ չի ունենա։ Այդ չափանիշներով Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կանգ  է առել Երևանի գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի վրա, ով, ի դեպ, ըստ իշխանության իսկ անցկացրած հարցումների, ավելի բարձր վարկանիշ ունի, քան օր ու գիշեր գովազդվող Տիգրան Ավինյանը։

Ավինյանը և նրա թիմակիցներն առանձին զրույցներում նշում են Երևանի ավագանու ընտրությունները հունիս-հուլիս ընկած ժամանակահատվածում անցկացնելու հավանականության մասին, իսկ Փաշինյանը, հաշվի առնելով հատկապես Երևանում իր և իր թիմի խայտառակ ցածր ռեյտինգը, մտածում է արտահերթ ընտրություններից հրաժարվելու մասին: Նա շատ լավ հասկանում է, որ Երևանի քաղաքապետի ընտրություններն ակնթարթորեն կարող է վերածվել քաղաքական լուրջ պրոցեսի:

Հրաչյա Սարգսյանին ընտրելով՝ Նիկոլ Փաշինյանը լուծում է մի կողմից՝ հնազանդ քաղաքապետ ունենալու, մյուս կողմից՝ սեփական իշխանությանն ուղղված ներթիմային սպառնալիքները չեզոքացնելու խնդիրները։ Բայց այնպես չէ, որ Հրաչյա Սարգսյանին այդքան հեշտ կլինի դարձնել Երևանի քաղաքապետ։ Խնդիրը ոչ միայն նրա քաղաքական անդեմությունն է, այլ նաև այն, որ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների պաշտոնների զգալի մասը ներկայումս զբաղեցնում են Ավինյանի թիմի ներկայացուցիչները, որոնք նշանակվել են ավագանու ընտրություններում վերջինիս համար աշխատելու նպատակով։ Նա հանդիպումներ է ունենում դպրոցական կոլեկտիվների հետ, թաղային հեղինակությունների, բիզնեսի ներկայացուցիչների հետ…

Եվ հիմա՝ Երևանի ավագանու ընտրություններից ընդամենը հինգ ամիս առաջ թեկնածու փոխելով՝ իշխանությունը կարող է կանգնել տեղերում ձայներ ապահովողների կամ վատ աշխատանքի, կամ անգամ սաբոտաժի խնդրի առաջ, քանի որ Ավինյանի կողմից նշանակված վարչական շրջանների ոչ բոլոր ղեկավարները նույն եռանդով կաշխատեն Հրաչյա Սարգսյանի համար։ Այդ խնդրի լուծման համար էլ, ըստ օդում կախված լուրերի, Նիկոլ Փաշինյանը որոշել է ոչ թե Ավինյանին պատժել մինչև վերջ՝ հրապարակայնացնելով քրեական գործի՝ նրան առնչվող հատվածը, այլ առաջարկել է գործարք՝ առանց դիմադրության աշխատել Հրաչյա Սարգսյանի հաղթանակի համար՝ դրա դիմաց ազատվելով քրեական պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքից։ Կպահպանի՞ Նիկոլ Փաշինյանը խոստումը, թե՞ Ավինյանին «կբացահայտի» Երևանի ավագանու ընտրություններից հետո, ցույց կտա ժամանակը։

Ի դեպ, նույն շրջանակները նշում են նաև, որ Ավինյանը տարբեր խմբերի հետ հանդիպումների ընթացքում խոստումներ է տալիս՝ այս կամ այն հողահատկացմանը, կառուցապատմանը, խնդրին հրատապ լուծում տալ, որպեսզի հետագայում նրանք էլ ընտրություններում իրեն ձայն տան (բնականաբար, պայմանավորվածությունը նաև այլ բանի դիմաց է ձեռք բերվում), սակայն Հրաչյա Սարգսյանն այդ հարցերին դիտավորյալ ընթացք չի տալիս: Ասում են՝ հրահանգը իջեցվել է Փաշինյանի կողմից՝ Ավինյանի միջնորդած հարցերին ընթացք չտալ, սառեցնել: Քաղաքացիները տարակուսած են, չգիտեն ինչ անել՝ որքա՞ն սպասել, ներիշխանական գզվռտոցը ե՞րբ կավարտվի, իրենց հարցերին ե՞րբ ընթացք կտրվի:

Տեսանյութեր

Լրահոս