ԿԸՀ կայքը բարելավելու համար մեկ մասնագետին 4 անգամ ավել գումար է տրվելու, քան մարտական հերթապահություն իրականացնող զինվորին

Կառավարության այսօր տեղի ունեցած նիստից հայտնի դարձավ, որ ս.թ. մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում ավագանու արտահերթ ընտրությունների կազմակերպման և անցկացման գործառույթների իրականացման համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվող 133 մլն 949 հազար դրամից զատ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվելու է նաև հավելյալ 10 մլն 440 հազար դրամ ԿԸՀ համացանցային կայքը բարելավելու նպատակով։

Տվյալ ծախսի անհրաժեշտությունը բացատրվում է նրանով, որ կայքի բարելավումը հնարավոր չէ իրականացնել հանձնաժողովում առկա ռեսուրսներով, մինչդեռ դրա կարիքը կա՝ Ընտրական օրենսգրքով նախատեսված գործառույթների ապահովման ու միջոցառումների պատշաճ կազմակերպման նպատակով ընտրությունների հրապարակայնության, ընտրական գործընթացների վերաբերյալ տեղեկատավության մատչելիության ապահովման տեսանկյունից։

Հանձնաժողովի կայքի բարելավման աշխատանքների համար ներգրավել են ՏՏ ոլորտի երկու մասնագետ, որից յուրաքանչյուրին վճարվելու է 580.000 hազար դրամ։ Համեմատության համար պետք է նշել, որ, օրինակ՝ զինծառայողների ամսական աշխատավարձը, ովքեր տվյալ ամսվա ընթացքում նաև 14 օր իրականացնում են մարտական հերթապահություն, առնվազն 4 անգամ պակաս է տվյալ ՏՏ մասնագետներին վճարվող գումարից։ Ինչ վերաբերում է ԿԸՀ կայքին՝ www.elections.am-ին, ապա վերջինիս գործարկման մեջ տեսանելի որևէ խնդիրներ կարծես թե առկա չեն, իսկ անհրաժեշտ տեղեկատվությունը հեշտ հասանելի է կայքի այցելուին։

Տեսանյութեր

Լրահոս