ՔՊ-ական իշխանությունը, Սուրեն Պապիկյանը Աբու Դաբիում ներկայացրել են նախկինների ժամանակ արդիականացված «Ֆագոտ» համակարգը

Հայաստանը մասնակցում է փետրվարի 20-24-ը Աբու Դաբիում անցկացվող «Այդեքս և Նավդեքս 2023» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին:

168.amգրել էր, որ միջազգային ռազմական ցուցահանդեսին մասնակցելու է հայկական մոտ 20 ընկերություն, և, որ ներկայացվելու են ինժեներական զորքերի սարքավորումներ, նավիգացիոն (նավարկային) համակարգեր, օպտիկական հետախուզության համակարգեր, ռադիոլոկացիոն սարքավորումներ, օպտիկաէլեկտրոնային սարքավորումներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և այլն:

Ի դեպ, ռազմարդյունաբերության նորագույն նմուշների անվան տակ հրապարակված լուսանկարներում կարելի էր նկատել հայկական «Արագած» ընկերության նախագծած սարքերը կամ արդիականացրած համակարգը, որն իրականություն է դարձել նախկին իշխանությունների օրոք: Խոսքը, մասնավորապես, «Ֆագոտ» հակատանկային համակարգի մասին է:

Կարդացեք նաև

ՀՀ-ում անցկացված «ArmHitec-2016» սպառազինության ցուցահանդեսին մասնակցած «Արագած» ընկերությունից լրագրողներին հայտնել էին, որ «Ֆագոտ» համակարգի վրա տեղադրել են ջերմադիտարկման սարք: Ի դեպ, ArmHiTec-2016-ին մասնակցել էր նաև այդ ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: 

««Ֆագոտը» կրակում է միայն ցերեկը, իսկ ջերմատեսիլ սարքը ցույց է տալիս նաև գիշերը, և համակարգը դառնում է շուրջօրյա։ Այսինքն, ցանկացած եղանակային և այլ պայմաններում՝ գիշեր-ցերեկ, թույլ մառախուղ, վատ տեսանելիություն պայմաններում, մշուշ և այլն: «Ֆագոտը» տեսնում է և 4000 մետր հեռավորության վրա հնարավորություն ունի խոցելու հակառակորդի տանկերը՝ իր կրակի վարման առավելագույն հեռավորության վրա: Այժմ այն նույնքան հեռավորության վրա թիրախները կարողանում է խոցել նաև գիշերը»,- լրագրողներին մանրամասնել էր «Արագած» ռազմաարդյունաբերական ընկերության տնօրեն Հովհաննես Ղարիբյանը:

ArmHiTec-2016-ից ավելի ուշ՝ 2018-ի գարնանը, երբ դեռ «թավշյա հեղափոխություն» չէր եղել, Հովհաննես Ղարիբյանը տեղեկացրել էր, որ արդիականացված «Ֆագոտ» համակարգը, գիշերային տեսանելիության սեփական սարքերը, արդեն բավական ժամանակ է՝ մատակարարում են բանակին:

«Ամեն տարի մատակարարում ենք, ամեն տարի պարամետրերը, տեխնիկական բնութագրերը լավացվում են: Մեզ մոտ ցուցադրված բոլոր նմուշները սերիական արտադրության են: Փորձարկման ենթակա սարքեր գոյություն չունեն: Պահանջը շատ մեծ է, հենց մի հատ (արտադրամասից.- Մ.Պ.) դուրս է գալիս, միանգամից գնում են, չի մնում։ Խմբաքանակ էլ չենք կարողանում հավաքել։ Պահանջը շատ է»,- նշել էր «Արագած» ընկերության ներկայացուցիչը և հավելել, որ ունեն նաև ջերմադիտակի մոդուլներ, որ «8000 մետր հեռավորության վրա դիտարկում է ապահովում, իսկ 5000 մետրի վրա խոցում»:

«Ցանկացած սարքի վրա կարելի է որպես նշանոց օգտագործել: Սա ևս արտադրում ենք անընդհատ և մատակարարում բանակին»,- հավելել էր Հովհաննես Ղարիբյանը:

Հիշեցնենք, որ «Ազգ-բանակ» գաղափարախոսության համատեքստում 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, երբ պաշտպանության նախարարը Վիգեն Սարգսյանն էր, մշակվեց բանակի արդիականացման 2018-2025թթ. նոր յոթնամյա ծրագիրը, որի վրա աշխատել էր նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:

7-ամյա այդ ծրագիրն առաջին համապարփակ փաստաթուղթն էր, որը հստակ ձևակերպում էր նպատակները, դրանց հասնելու քայլերն ու ուղիները՝ ինչ պետք է ունենանք զինանոցում, ինչ միջոցներ է պետք հատկացնել և ինչ հերթականությամբ։

Այսինքն, գործ ունեինք բանակի զարգացման զորային բաղադրիչի ճանապարհային քարտեզի հետ: Նշվում էր նաև, որ բանակում բարեփոխումներն իրականացնելու համար անհրաժեշտ են բանակի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր, որոնք պիտի ամրագրվեին տարեկան, ամսական ծրագրերով և ամենօրյա աշխատանքով, նախևառաջ՝ զորքերում, երկրորդը՝ պիտի կազմակերպվեին համապատասխան գնումներ, որովհետև նյութական բազան շատ կարևոր է։

Նպատակը՝ ԶՈՒ կառավարման համակարգի արդյունավետության կտրուկ բարձրացում, հրամանատարման նոր սկզբունքների ներդրում, զինանոցի հագեցում գերժամանակակից և պատերազմական պայմաններին համապատասխանող զենքով և զինամթերքով, անձնակազմի ուսուցում և ներդաշնակեցում` դրված խնդիրները նոր միջոցներով լուծելու համար։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կտրուկ արդիականացումը ժամանակի պահանջն է: Դա նաև թելադրված է՝ ինչպես այսօրվա, այնպես էլ՝ ապագայի մարտահրավերներով: Ես այսօր խնդիր եմ դնում մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր՝ 2018-2025 թվականների համար: Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համատեղ ուժերով՝ ես՝ որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները և ողջ հասարակությունը,- ասել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և հավելել,- Մենք պետք է ունենանք աշխարհի ամենաարդիականացված բանակներից մեկը: Այսինքն` պետք է ունենանք շարունակաբար կատարելագործվող պետություն, որի շնորհիվ նաև արդիականացվում է բանակը: Դա հնարավոր է, և մենք ձեզ հետ, մեր ողջ հասարակության հետ միասին իրականություն ենք դարձնելու այդ նպատակը»:

Նիկոլ Փաշինյանն այս յոթնամյա ծրագիրը գրչի մեկ հարվածով ջնջեց, և ունեցանք այն, ինչ ունեցանք… Բայց արի ու տես, ժամանակ առ ժամանակ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իրեն է վերագրում կամ պատճենում նախկինների ժամանակ կատարված ամեն լավ բան:

Մյուս կողմից, անընդհատ խոսում է նախկինների բանակի թալանից, և, ըստ քաղաքական նպատակահարմարության, քաղաքական հետապնդումներ սկսում: Մենք, բնավ, չենք ասում, որ չարաշահումներ չեն եղել, որ չեն եղել բիզնեսմեն գեներալներ, բայց նրանց կողքին եղել են բարեխիղճ ծառայող գեներալներ, սպաներ, և Ապրիլյան քառօրյայից հետո առկա բացթողումներից ինչ-ինչ սրբագրումներ, հետևություններ արվել են: Բայց սա այլ քննարկման թեմա է:

Տեսանյութեր

Լրահոս