«Ուզում են պառակտել ու թուլացնել Արցախը, որպեսզի ավելի հեշտ հանձնեն 120.000 մարդու». Մետաքսե Հակոբյան

Մամուլը երկու օր է՝ գրում էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և պետնախարար Ռուբեն Վարդանյանը գնացել են Մոսկվա։ Ըստ այդ հրապարակումների, Արայիկ Հարությունյանը Մոսկվայից վերադարձել է, ինչից հետո ՌԴ մայրաքաղաք  է մեկնել Ռուբեն Վարդանյանը։ Այս այցերի մասին տարածված լուրերը պաշտոնապես չեն հաստատվել։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով հարցերին, թե արդյո՞ք Արցախի պետնախարարը և նախագահը մեկնել են Մոսկվա, դրա վերաբերյալ քննարկում ունեցե՞լ են օրենսդիրի հետ, և եթե նման բան է տեղի ունեցել, ի՞նչ հարցեր են քննարկվել Մոսկվայում, պատասխանեց, որ Արայիկ Հարությունյանի Մոսկվա մեկնելու վերաբերյալ լուրերն իմացել են լրատվամիջոցների հրապարակումներից, նույնկերպ նաև՝ Ռուբեն Վարդանյանի այցի վերաբերյալ։

«ԱԺ-ի հետ այս ընթացքում հանդիպում չի եղել, Արայիկ Հարությունյանը բավականին ակտիվ ինչ-որ շոուներ է կազմակերպում, իսկ ԱԺ-ի հետ հարկ չի համարել հանդիպելու։ Հետևաբար՝ այս լուրերը պաշտոնապես հաստատել կամ հերքել չեմ կարող։ Նույնը վերաբերում է նաև Ռուբեն Վարդանյանի այցին, եթե նա գնացել է Մոսկվա, ապա մեզ հետ հանդիպում չի ունեցել, այսինքն՝ ունեցել է, բայց նման հարց չի քննարկվել, հիմա նա Արցախում է, թե ոչ, կրկին ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ հաստատել։ Եթե իսկապես նա այցելել է Մոսկվա, հուսանք՝ մեզ հետ հանդիպում տեղի կունենա, քանի որ նրա նկատմամբ ընկալումն այլ է, որովհետև Արայիկ Հարությունյանը որոշ ժամանակ առաջ քայլ արեց ազատվելու Ռուբեն Վարդանյանից։ Դրանից հետո շոուներ կազմակերպեց, մեր Երիտասարդության պալատում իբր թե 4-5 հարյուր մարդ էին հավաքվել, իբր Արայիկ Հարությունյանն ու Արթուր Թովմասյանը հանդիպեցին, այնտեղ հարցեր էին հնչում, թե ովքեր էին ղեկավարներ և այլն։ Սա կազմակերպված շոու էր իրականում, և նման շոուները մեզ մոտ հաճախակի են լինում։ Գուցե Մոսկվա գնալուց առաջ նա ուզում էր նման տեղեկատվությամբ գնալ, թե իբր Ռուբեն Վարդանյանի հրաժարականի պահանջը նաև հասարակության պահանջն է»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Ըստ պատգամավորի, Արցախում միասնականությունը պահում են և ինչ-որ տեղ դա նաև պարտադրում գործադիրին, քանի որ միասնականությունից զատ, այլ ուղղություն վերցնելն Արցախի համար կլինի կործանարար։

Կարդացեք նաև

«Մենք ամեն դեպքում հավասարակշռությունը պահում ենք՝ որևէ մեկին թույլ չտալու անցնել գծերը, հուսանք՝ մինչև վերջ կհաջողենք։ Եվ որևէ հրաժարականի պարտադրանքներ կամ պաշտոնանկություններ Արցախում տեղի չեն ունենա, որովհետև այն, ինչ այսօր անում է Արցախի պետնախարարը, դա լիովին մտնում է  մեր պատկերացումների մեջ, և սա հենց այն ուղղությունն է, որը մենք երկար ժամանակ փորձում էինք անել նաև երկրի նախագահի հետ, որը, ցավոք, չէր ստացվում։ Պետնախարարը եկել ու հայտարարել է պայքարի մասին, նա մեզ հետ հավասար պայքարում է։ Գիտակցում ենք, որ սա նոր պատերազմ է, նոր պայքար, որտեղ մենք պարզապես իրավունք չունենք կոտրվելու։ Այսինքն՝ մենք գիտենք՝ ինչ են ուզում. պառակտել ու թուլացնել Արցախը, որպեսզի ավելի հեշտ հանձնեն 120 հազար մարդու»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։

Անդրադառնալով Հայաստանի իշխանամերձ շրջանակների այն քննադատություններին, թե ո՞ւր են արցախցի գեներալները, ինչու են լռում, առաջին հերթին մատնանշելով ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին, Մետաքսե Հակոբյանը նախ ասաց, թե բոլորի մասին խոսել չի կարող, ապա հավելեց՝ Արցախում բնակվող յուրաքանչյուր մարդ, անկախ այն հանգամանքից՝ ինչ պաշտոն է զբաղեցնում, պարզապես չի կարող անտարբեր լինել ստեղծված իրավիճակի նկատմամբ։

«Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանին, ապա չեմ կարծում, թե նրա ձայնը մինչև պաշտոնանկությունը անընդհատ լսվում էր կամ որևէ բան մեկը տեսնում էր։ Կարծում եմ՝ ցանկացած զինվորականի, Արցախի ու Հայաստանի հերոսի, պետք է բնորոշ լինի համեստությունը, և շատ ու շատ հերոսներ այդ համեստությունն ունեն, դրանց մեջ բացառություն չի կազմում նաև պարոն Բալասանյանը։ Այն, ինչ անում էր պաշտոնանկությունից առաջ, չեմ կարծում, որ նրա դիրքորոշման կամ գործողությունների մեջ փոխվել է։ Նա այն նույն գեներալն է, որ ինչով զբաղվում էր մինչև պաշտոնանկությունը, որի մասին պարզապես բարձրաձայն պետք չէ խոսել, այժմ էլ զբաղվում է։ Հարցազրույցներ չտալը, ինտրիգների մեջ չմտնելը չի նշանակում որ ոչինչ չի անում, նա սուսուփուս իր աշխատանքն է կատարում»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս