Աշխարհի դպրոցների գրեթե մեկ երրորդում հասանելի չէ անվտանգ խմելու ջուր. ՅՈՒՆԵՍԿՕ
ԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) համաշխարհային հանրությանը կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել դպրոցական սննդին և դպրոցականների առողջությանը՝ աշխարհում կրթական հաստատությունների գրեթե մեկ երրորդում անվտանգ խմելու ջրի բացակայության պայմաններում: Համապատասխան զեկույցը՝ «Պատրաստ սովորելու և զարգանալու. առողջությունը և սնունդն ամբողջ աշխարհի դպրոցներում», հրապարակվել է այսօր: Հայտնսւմ է ТАСС գործակալությունը:
«Այսպես, 584 միլիոն երեխա դպրոցներում ունի խմելու ջրով ապահովման հիմնական ծառայությունների սահմանափակ հասանելիություն կամ ընդհանրապես զրկված է դրանից: Այդ երեխաներից 5-ից 2-ն ապրում է Աֆրիկայում՝ Սահարայից հարավ: Ու թեև աշխարհի գրեթե բոլոր երկրներն ապահովում են դպրոցական սնունդ, ըստ գնահատումների՝ 73 միլիոն առավել խոցելի երեխաներ նախկինի նման չեն օգտվում դպրոցական սննդի այդ ծրագրերից», – հայտարարել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում։
Միջազգային կազմակերպությունում ընդգծել են, որ սննդի ապահովումը և աշակերտների առողջության հսկողությունը երեխաներին դրդում են ավելի ակտիվ հաճախել ուսումնական հաստատություն և մնալ այնտեղ:
Միայն սննդի հաշվին հաջողվում Է 8%-ով բարձրացնել հաճախելիությունը։ Սակայն չնայած այն բանին, որ կազմակերպության մեջ մտնող գրեթե բոլոր երկրները ներդրումներ են կատարում դպրոցական առողջապահության և սննդի ծրագրերում, այդ ներդրումներն «անհավասարաչափ են տարբեր տարածաշրջաններում և հաճախ անբավարար՝ կարիքների համեմատ», հայտարարում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում:
«Դպրոցականներն ամենից լավ սովորում են անվտանգ և առողջ դպրոցներում: Այնուամենայնիվ, չափազանց մեծ թվով ուսումնական հաստատությունների միջոցները չեն բավականացնում լավ առողջություն և բարեկեցություն ապահովելու համար, այդ թվում՝ խմելու ջրի հիմնական աղբյուրների և սանիտարական ծառայությունների համար:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն և նրա գործընկերները կոչ են անում միջազգային հանրությանն աջակցել երկրներին դպրոցներում առողջապահության, սննդի և սոցիալական պաշտպանության բնագավառում ներդրումների հարցում, քանի որ երեխաներն արժանի են այնպիսի պայմանների, որոնցում նրանք կկարողանան լիովին բացահայտել իրենց ներուժը», – հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն: