Բաժիններ՝

Հիշեցում հպարտ քաղաքացիներին․ Փաշինյանի հեծանիվների մասին խոստման կատարումը բյուջեի վրա արժեցել է 736 միլիոն 710.000 դրամ` 1 միլիոն 902.719 դոլար

Եղբայրություն, հավասարություն և արդարություն․ դեռ իշխանամուտի օրերին ահա այս սկզբունքներն էին քարոզում Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ական թիմակիցները, իսկ որպես ասվածի ապացույց՝ օրինակ, նախընտրում գործի գնալ հեծանիվով ու մետրոյով։ Այն ժամանակ էլ էր պարզ՝ շոու է՝ մարդկանց ուղեղները լվանալու նպատակով:

Այդ ժամանակներն էլ, սակայն, անցան՝ ինչպես «հեղափոխական էյֆորիան», և հեծանիվներին ու մետրոյին արագորեն փոխարինելու եկան պլպլան-մի քանի հարյուր հազար դոլար արժողության պադավատները։

Բայց քանի որ ժողովրդին ժամանակ առ ժամանակ և հատկապես լարված ու նախընտրական պահերին պետք է հիշեցնել, որ իրենք «հավատարիմ են» իրենց սկզբունքներին, Փաշինյանը, նրա տիկինը, այլ պաշտոնյաներ սկսում են հիշել հեծանիվի մասին։

Հեծանիվը միայն հեծանիվ չէ հեծանիվն արդեն քաղաքական, նույնիսկ գեոքաղաքական տեխնոլոգիա է, որը ծաղրանքի է արժանանում նաև միջազգային մեդիաների ու քաղաքական շրջանակների կողմից Նիկոլ Փաշինյանը հեծանիվ սկսեց վարել ոչ միայն Հայաստանում, այլև Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, ապա նաև՝ «Հեծանիվը կյանք է», «հեծանիվն առաջընթաց է», «կեցցե հեծանիվը» կարգախոսներով՝ հեծանվային պրոյեկտի շահառու դարձրեց դպրոցներին։

Կարդացեք նաև

«Հայաստանի 1375 դպրոցներին հատկացվել է 6500 հեծանիվ»,- Ֆեյսբուքում այսօր հեծանիվների մասին փոքրիկ տեսանյութով և  «#ինչպեսխոստացել էի» հեշթեգով տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը՝ մոռանալով նշել, որ նրա խոստումն իրականացել է քաղաքացիների գրպաններից ձևավորված բյուջեի հաշվին, և, որ այդ խոստումն արժեցել է կլորիկ գումար։

Այս մասին՝ առավել մանրամասն։

Դեռ նախորդ տարի օգոստոսին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել էր՝ առաջին անգամ «ՀՀ վարչապետի գավաթ»-ի շրջանակներում դպրոցականների մրցաշար կանցկացվի նաև հեծանվավազքից, և հավելել․ «Մենք նախատեսում ենք դպրոցներին տրամադրել հեծանիվներ։ Այս պահին մատակարարման գործընթացի մեջ ենք և հուսով ենք, որ ժամանակին կհասնի, որովհետև շատ մեծ խմբաքանակ ենք ձեռք բերում, որ բոլոր դպրոցներին տրամադրենք»։

Հեծանիվների գնման համար նախարարությունը մրցույթ էր հայտարարել 2024 թվականի փետրվարի 23-ին, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել 5 ընկերություն՝ «Էյչ գրուպ», «Ֆուդ Մուդ», «Ռաֆ-Օջախ», «Տռակս Սերվիս և «Բայկ» ՍՊԸ-ները։ Մրցույթում, ըստ պետգնումների էլեկտրոնային համակարգում հանրայնացված տեղեկության, հաղթել էր ամենացածր գնառաջարկը ներկայացրած «Էյչ գրուպ» ՍՊԸ-ն։

2024 թվականի ապրիլի 22-ին արդեն ԿԳՄՍՆ-ի և «Էյչ գրուպ»-ի միջև 6500 հեծանիվի ձեռքբերման  պայմանագիր է կնքվում, որի գինը կազմում է 736 միլիոն 710 հազար դրամ։

Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ «Էյչ գրուպ» (H GROUP) ՍՊԸ-ն գրանցվել է 2012 թվականին, իսկ ընկերության միակ բաժնետերը Կարեն Հարությունյանն է։

«Էյչ գրուպը» պետական գնումներում բավականին ակտիվ է․ ՍՊԸ-ն գնման տարբեր ընթացակարգերով հարյուրավոր պայմանագրեր է կնքել նախարարությունների, համայնքապետարանների և հիմնադրամների հետ։ Միայն այս տարի «Էյչ գրուպը» միլիոնավոր դրամների պայմանագրեր է կնքել Ներքին գործերի նախարարության, Էկոպարեկային ծառայության, Պաշտպանության նախարարության, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի, Արդարադատության նախարարության, Գլխավոր դատախազության, Ֆինանսների նախարարության և Սահմանադրական դատարանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս