Թուրքիան կարգավորման գործընթացն օգտագործում է Հայաստանից զիջումներ կորզելու համար․Թուրքագետ

Կարսում անցկացվող «Ձմեռ-2023» զորավարժությունների ժամանակ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը հայտարարել է մեկ տարում տասից ավելի թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացնելու ծրագրի մասին։

Նա իր խոսքում անդրադարձել է նաև տարածաշրջանին ու այդ համատեքստում՝ հայ-թուրքական հարաբերություններին, և հերթական անգամ հնչեցրել թուրքական նախապայմաններից մեկի՝ «Զանգեզուրի միջանցք»-ի և դրա տնտեսական «օգուտների» մասին։

Ի դեպ, այս օրերին թուրքական տարբեր պաշտոնական շրջանակներ իրար հերթ չէին տալիս խոսելու «առանց նախապայմանների» հարաբերությունների կարգավորման մասին՝ հնչեցնելով ուղիղ նախապայմաններ։

Այսպես, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Արգենտինայի իր պաշտոնակցի հետ Ստամբուլում համատեղ ասուլիսում նշել է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հեռանկարի մասին՝ անդրադառնալով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացներին։

Կարդացեք նաև

Իսկ երեկ Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշն է այցելել Հայաստանի հետ սահմանակից Կարսի մարզ և հայտարարել, որ Անկարայում պատրաստ են բացել հայ-թուրքական սահմանը՝ ընդգծելով, որ այդ հարցն ուղղակիորեն կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումից։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը 168.am-ի հետ զրույցում շեշտեց, որ հնչող հայտարարությունները նորություն չեն և արտահայտում են Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, իսկ նպատակը մեծ ճնշումների միջոցով զիջումներ կորզելն է և, մասնավորապես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ստանալն է։

«Սա քաղաքականություն է, որը Թուրքիան Հայաստանի նկատմամբ որդեգրել է ի սկզբանե։ Բայց վերջին շրջանում տեսնում ենք, որ այդ քաղաքականությունը դառնում է ավելի կոշտ և բացահայտ։ Դա շատ պարզ ձևով արտահայտվեց ինչպես Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Սամարղանդում արված հայտարարություններից մեկում, երբ նշեց, որ Հայաստանի նկատմամբ ունեն «պահանջներ», ինչպես նաև՝ այնպես էլ՝ զորավարժություններով, որոք տեղի են ունենում ՀՀ սահմանի երկայնքով»,- պարզաբանեց թուրքագետը։

Նա հավելեց, որ զորավարժություններով նպատակ ունեն առավել մեծացնել ճնշումը Հայաստանի վրա։

Թե այս իրավիճակում ինչպես պետք է դիրքավորվի Հայաստանը՝ մեր հարցադրմանն ի պատասխան՝ Ռուբեն Սաֆրաստյանը նախ արձանագրեց, որ հայ-թուրքական բանակցությունները, ըստ էության, դադարեցված են։

«Դրանով Թուրքիան հետևյալ խնդիրն է լուծում՝ պահել Հայաստանին բանակցային գործընթացում, որ Արևմուտքի և ԱՄՆ-ի առջև ներկայանա իբրև մի երկիր, որն ուզում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Իսկ իրականում, Թուրքիան այս գործընթացն օգտագործում է Հայաստանից զիջումներ կորզելու համար, որովհետև թուրքական վերնախավը (տասնամյակներ շարունակ ուսումնասիրել եմ) համոզված է, որ Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն առանձնապես կարևոր չէ․ Հայաստանի համար այն ավելի կարևոր է, ուրեմն Հայաստանը պետք է գնա զիջումների։

Սա պետք է հասկացվի ՀՀ-ի կողմից, պետք է հասկանան Թուրքիայի իրական նպատակները, գործելաոճը, պետք է նաև շատ հստակ լինի, որ զիջումների գնալն այն հարցերում, որոնք մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն, կապված են մեր ինքնության տարբեր դրսևորումներին, ուղղակի չի կարելի։ Օրինակ, Արցախի հիմնահարցում, կամ՝ մեր տարածքով, առանց այդ տարածքի վրա մեր ինքնիշխանությունը պահպանելու Թուրքիային հնարավորություն տանք կապվելու Ադրբեջանի հետ, էլ չեմ ասում՝ Ցեղասպանության հարցը։

Եթե մենք այստեղ գնանք զիջումների, կնշանակի՝ հրաժարվում ենք մեր ինքնության մի մասից, ինչն անընդունելի է ինձ համար։ Պետք է շատ լավ հասկանալ, որ Թուրքիան մեզնից ուզում է այդ զիջումները, և պետք է դրան չգնալ»,- շեշտեց թուրքագետը։

Նա, այդուհանդերձ, նկատեց, որ չպետք է հրաժարվել Թուրքիայի հետ բանակցություններից, որպեսզի թուրքերին հնարավորություն չտրվի աշխարհում մեզ ներկայացնելու՝ իբրև ապակառուցողական կողմ։

«Պետք է բանակցել, բայց հասկանալով՝ ում հետ գործ ունես և ինչ ունես, որ չես կարող զիջել։ Եվ, իհարկե, մեզ համար աքսիոմա պետք է լինի մեր ռազմական հնարավորությունների հզորացումը, և միշտ պատրաստ լինենք և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի կողմից ամեն տեսակ սադրանքների՝ ընդհուպ մինչև ագրեսիվ ռազմական գործողություններ»,- ամփոփեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Հայաստանն ու Թուրքիան դեռ նախորդ տարի էին նշանակել հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացներ։ Հայկական կողմը ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ թուրքականը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։

Հիշեցնենք՝ Թուրքիայի ԶՈւ պլանային «Ձմեռ-2023» զորավարժությունը մեկնարկել էր հունվարի 18-ին։ Թուրքիայից զատ, դրան մասնակցող երկրների ցանկում են եղել Գերմանիան, Իտալիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Մեծ Բրիտանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կոսովոն, Ուզբեկստանը, Մալայզիան, Լիբիան, Կատարը, Քուվեյթը, Ղրղըզստանը, Եթովպիան, Վրաստանը, Բահրեյնը և Մոնղոլիան։

Տեսանյութեր

Լրահոս