«Մեր երկրի իշխանությունները շատ ավելի վատ բաներ են ասել՝ սկսած հովիկաղազարյաններով, վերջացրած գուրգենարսենյաններով». Հրանտ Միքայելյան

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում՝ խոսելով Հայաստանում տեղակայվելու ՀԱՊԿ առաքելության պատրաստակամության ու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի որոշ դետալների մասին, ասել է, որ իրավիճակը բանակցային գործընթացում բազմաշերտ է։

«Եվ երբ երկար-երկար տարիներ Հայաստանն օկուպացրել էր 7 շրջանները, Ռուսաստանն առաջարկում էր բազմաթիվ տարբերակներ, որոնք դեռ ՀՀ նախկին իշխանությունը ոչ այնքան լավ ու դրական էր ընդունում, ցանկանալով պահպանել այդ տարածքները, որոնց նկատմամբ նա երբեք չէր ունեցել հավակնություններ․․․ Ուստի, այո, Ադրբեջանը վերադարձրեց այն տարածքները, որոնք իրեն են պատկանում»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

168.am-ի հետ զրույցում «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը, ինչպես նաև դրա վերաբերյալ Հայաստանի փորձագիտական դաշտում հնչող գնահատականները, ինչպես նաև իշխանությունները լռությունն այսպես մեկնաբանեց՝ այն տարածքները, որոնք Լավրովը համարել էր «օկուպացված», ՀՀ իշխանությունը հանձնել է Ադրբեջանին, հետևաբար՝ այդ իշխանության շահերից չի բխում այդ թեման քննարկել ու պատասխանել Լավրովին։

«Լավրովի ասածը պետք է նաև այնպես ընկալել, որ նա տարբերակում է 7 շրջանները ԼՂԻՄ-ից և հայաբնակ տարածքից։ Դրանով նա ընդգծում է, որ ամեն դեպքում մյուս հատվածը պետք է հայկական մնա։ Այսպիսով՝ ես այս ամենին միանշանակ գնահատական չէի տա։ Իհարկե, մեզ համար հաճելի չէր, և մեր կարծիքը ՌԴ արտգործնախարարի հետ չի համընկնում, բայց սա չի նշանակում, որ դա պետք է մեկնաբանել ամենապարզունակ ձևով»,- նշեց Հրանտ Միքայելյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, իշխանությունն ի՞նչ պետք է պատասխանի Լավրովին, ասի՝ նա սխա՞լ է՝ Հայաստանն «օկուպանտ» չի եղել, բայց մենք այդ տարածքները հանձնել ենք՝ իհարկե նման բան չեն ասի։

«Մեր երկրի իշխանությունները շատ ավելի վատ բաներ են ասել, նախ՝ մեր երկրի իշխանությունը համարել է Շուշին ոչ հայկական, երկրորդը՝ նրանք հայտարարել են, որ ամեն դեպքում Արցախն անկախության որևէ տարբերակ չունի և պետք է լինի Ադրբեջանի մասը։ Իշխանական պատգամավորները սրա մասին պարզ ասում ու հաստատում եմ՝ սկսած հովիկաղազարյաններով, վերջացրած գուրգենարսենյաններով։

Գիտեք ինչ, խոսել հիմա Լավրովի մասին, բայց չխոսել Փաշինյանի ասածների մասին՝ այդքան էլ արդիական չէ։ Իսկ այն մարդիկ, ովքեր ասում են՝ դա մեր դաշնակիցը չէ ու մեր դիրքորոշումը չի հաստատում, ապա պետք է ասեմ՝ որպեսզի մեր դաշնակիցը հաստատի մեր դիրքորոշումը, ինքը պետք է մեր դաշնակիցը լինի և՛ իր կողմից, և՛ մեր կողմից։ Իսկ այս պահին մենք որևէ տեղ դաշնակցային հարաբերություն չունենք, և այն մարդիկ, ովքեր ամեն օր այլ գործ չունեն, քան ՌԴ-ին քննադատելը, նրանք շատ մեծ ներդրում են անում ոչ հօգուտ Հայաստանի, այլ առաջնորդվում են իրենց տրամադրվող այն գումարներով, որոնք տրամադրվել են հենց նման բան անելու համար»,- շեշտեց նա։

Քաղաքագետը ևս մեկ անգամ կրկնեց՝ Լավրովի ասածը մեր շահերից չի բխում, բայց պատմությունը դիտարկել վերջից, այլ ոչ թե սկզբից՝ անիմաստ է։

Տեսանյութեր

Լրահոս