Բաժիններ՝

Կաշառք ստանալու և տալու մեջ մեղադրվող ՀՀ ՍԱՏՄ պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՍՊԸ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն, իր օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ժամկետանց հավի ձուն ոչնչացնելու գործընթացը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու համար, 2022 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավար Ա. Մ.-ին տվել է 250.000 ՀՀ դրամ կաշառք:

Ինչպես հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ՍՊ ընկերության կողմից ՌԴ արտահանման ենթակա մեկ բեռնատար հավի ձվի խմբաքանակի տեղափոխման հետ կապված խնդիրների պատճառով ձվի պիտանելիության ժամկետն անցել է, և այն հետ է վերադարձվել ՀՀ՝ ոչնչացման նպատակով: Սակայն ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն հիշյալ ժամկետանց ձվի խմբաքանակը չի ոչնչացրել, այլ փոխարենը պիտանելիության ժամկետն անցած՝ ավելի հին ձվի չնչին խմբաքանակ է ոչնչացրել:

Դրանից հետո՝ 2022 թվականի նոյեմբերի 22-ին, ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Գ. Պ.-ն կազմել է արձանագրություն այն մասին, թե իբր պիտանելիության ժամկետը լրացած 302.000 հատ ձվի ամբողջ խմբաքանակը ոչնչացվել է, ինչն այնուհետև հաստատել է իր ստորագրությամբ, որի դիմաց տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավարի դրդմամբ ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ից որպես կաշառք ստացել է մեկ արկղ ձու: Այնուհետև Ա. Մ.-ն կեղծ տեղեկություններ պարունակող՝ վտանգավոր արտադրանքի ոչնչացման վերը նշված ակտը դրել է պաշտոնական շրջանառության մեջ և ուղարկել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:

Ոչնչացման գործընթացը սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու հետևանքով ժամկետանց ձվի որոշ մասն, ըստ էության, իրացվել է ՀՀ շուկայում:

26.12.2022թ.-ին ՀՀ ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավար Ա. Մ.-ն, ՍԱՏՄ երկու պաշտոնատար անձինք և ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:

Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Ա. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435‑րդ հոդվածի 2‑րդ մասի 3‑րդ կետով, 46‑436‑րդ հոդվածի 2‑րդ մասի 3‑րդ կետով և 445‑րդ հոդվածի 1‑ին մասով, Գ. Պ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435‑րդ հոդվածի 2‑րդ մասի 3‑րդ կետով և 445‑րդ հոդվածի 1‑ին մասով և Ռ. Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435‑րդ հոդվածի 2‑րդ մասի 3‑րդ կետով /երկու դրվագ/ և 46-445‑րդ հոդվածի 1‑ին մասով:

Ռ. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ Գ. Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ համակցված կիրառվել են ՀՀ-ից բացակայելն արգելելը և պաշտոնավարումը կասեցնելը:

Հիշյալ երեք մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին, ում կողմից այն հաստատվել է, և նյութերն ուղարկվել են դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս