Ինչո՞ւ հենց հիմա Թուրքիան որոշեց արտոնել օդային բեռնափոխադրումները, երբ Ադրբեջանը շուրջ մեկ ամիս փակ է պահում Արցախի ճանապարհը

Մեկ անգամ չէ, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, թե Հայաստանի հետ հարաբերությունները պատրաստ են կարգավորել՝ բացառապես «եղբայրական» Ադրբեջանի շահերը հաշվի առնելով։ Այսպիսի բազմաթիվ հայտարարություններից հետո, տարեսկզբին, երբ Ադրբեջանը գրեթե մեկ ամիս է, ինչ փակ է պահում Արցախի կյանքի ճանապարհը, հանկարծ Թուրքիայի իշխանությունները որոշեցին «մեծահոգություն» ցուցաբերել և արտոնել Հայաստանի հետ օդային բեռնափոխադրումները։

Այս պահին, երբ լարվածությունն Արցախում հասել է գագաթնակետին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր սրացում է հասունանում, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում են հերթական սադրանքների, Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ այսպիսի «հոգածությունն» առնվազն տարօրինակ է։

Հազիվ թե կարելի է կարծել, որ Թուրքիայի այս քայլը զուտ «բարի կամքի» դրսևորում է և համաձայնեցված չէ Ադրբեջանի իշխանությունների հետ։ Այլապես օդային բեռնափոխադրումների համար հայ-թուրքական սահմանը բացելուց առաջ նույնպիսի «մեծահոգություն» կցուցաբերեին և կոչ կանեին «եղբայրական» Ադրբեջանին բացել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով հումանիտար աղետ են ստեղծել 120 հազար քաղաքացու համար։

Բայց, ինչպես տեսնում ենք, Թուրքիայի իշխանություններն այդպիսի կոչերով հանդես չեն գալիս։ Ընդհակառակը՝ պաշտպանում, արդարացնում ու քաջալերում են ադրբեջանցի իրենց եղբայրներին՝ Արցախի ճանապարհը փակ պահելու համար։

Թե իրականում ի՞նչ կապ կա Թուրքիայի իշխանությունների կողմից Հայաստանի հետ սահմանը՝ օդային բեռնափոխադրումների համար բացելու և Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի ճանապարհը փակելու միջև, կերևա առաջիկայում։ Մինչ այդ՝ կարող ենք արձանագրել, որ օդային բեռնափոխադրումների համար սահմանի բացումը գրեթե ոչինչ չի տալու Հայաստանի տնտեսությանը։

Դրանով Հայաստանի տնտեսությունը ոչ մի նոր հնարավորություն կամ առավելություն չի ստանում։

Փոխարենը՝ շահում է Թուրքիան, գուցե նաև՝ Ադրբեջանը։ Նախ, որ դրանով կերակրում են միջազգային հանրությանը։ Եվ երկրորդ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումները բխում են բացառապես Թուրքիայի տնտեսական շահերից։

Գուցե հարց առաջանա, թե այդ դեպքում ինչո՞ւ մինչև հիմա չէին բացում սահմանը՝ օդային ճանապարհով բեռներ տեղափոխելու համար։ Պատասխանը շատ պարզ է՝ դրա կարիքը բացարձակապես չկար, այսօր էլ, ըստ էության, չկա, որովհետև այդ բեռները, որոնք առավելապես թուրքական ապրանքների ներկրումների տեսքով են, երրորդ երկրների միջոցով և ցամաքային ճանապարհով, միևնույն է՝ մտնում են Հայաստան։ Օդային բեռնափոխադրումներ կազմակերպելու անհրաժեշտություն պարզապես չկար։

Օդային փոխադրումները շատ ավելի թանկ են, քան ավտոմոբիլայինը։ Հատկապես, երբ խոսքը ցածր արժեք ունեցող այնպիսի ապրանքների մասին է, որոնք այդ երկրից ներկրվում են Հայաստան։

Ուստի, նույնիսկ օդային ճանապարհը բացվելուց հետո շատերը նախկինի նման նախընտրելու են իրենց ներմուծումները Թուրքիայից իրականացնել նույն ձևով, այսինքն՝ ավտոմոբիլային տրանսպորտով, ինչն ավելի շահավետ է։

Օդային ճանապարհի բացումն ընդամենը խորհրդանշական քայլ է՝ քողարկված այլ նպատակներով։ Դա Հայաստանի տնտեսությանը ոչինչ չի տալու, որովհետև Հայաստանից Թուրքիա արտահանման կառուցվածքն է այդպիսին։

Անցած տարի արտաքուստ Հայաստանից արտահանումը Թուրքիա մեծ տեմպերով ավելացել է։ Պաշտոնական տվյալներով, 10 ամսում այն կազմել է 59,1 մլն դոլար։

Հիշեցնենք, որ 2021թ. Թուրքիա էր արտահանվել ընդամենը 1,2 մլն դոլարի ապրանք։

Թվում է, թե մեծ առաջընթաց է գրանցվել թուրքական շուկայում հայկական ապրանքների իրացման առումով։ Բայց երբ բացում ենք արտահանման կառուցվածքը, պատկերն ամբողջությամբ փոխվում է. այդ աճը եղել է բացառապես մեկ ապրանքատեսակի հաշվին և այդ ապրանքատեսակը ոսկին է։

Անցած տարի Հայաստանից մեծ քականությամբ ոսկի արտահանվեց Թուրքիա՝ 59,1 մլն դոլարից 57 միլիոնը եղել է ոսկին։ Հիմնական մասն արտահանվել է հունիս-հուլիսին։ Ընդհանուր առմամբ՝ 47 մլն դոլար։ Հետագա ամիսներին ոսկու արտահանումը շարունակվեց, բայց գնալով նվազեց. օգոստոսին արտահանվեց՝ 4,3 միլիոնի, իսկ սեպտեմբերին՝ 6,4 միլիոնի ոսկի։

Հոկտեմբերին ոսկու արտահանումը ևս կանգ առավ։ Այդ ամսին Հայաստանից Թուրքիա արտահանումը կազմեց ընդամենը 738 հազար դոլար։ Սա այն իրական արտահանումն է, որը տարիներ շարունակ գոյություն է ունեցել Թուրքիայի հետ առևտրային հարաբերություններում։

Այն մեկ անգամ ևս վկայում է, որ օդային ճանապարհով բեռների տեղափոխումը ոչինչ չի տալու, որպեսզի հայկական ապրանքներն առավել մեծ ընդգրկում ունենան թուրքական շուկայում։ Մինչ մյուս ապրանքների կշիռը չափազանց փոքր է, օդային բեռնափոխադրումների միջոցով չէ, որ իրականացվելու է ոսկու արտահանումը, եթե, իհարկե, դա էլ շարունակվի։

Թուրքական շուկայում հայկական ապրանքների ներկայացվածության համար կան շատ ավելի լուրջ ու ծանրակշիռ խոչընդոտներ, քան օդային բեռնափոխադրումների բացակայությունն է։ Հիմնական խնդիրներն այլ տեղում են, նաև Հայաստանի տնտեսության մեջ, որը շատ քիչ ապրանքներ կարող է առաջարկել թուրքական շուկային։

Չհաշված, որ այդ քիչ ապրանքների համար էլ թուրքական շուկան նախկինի նման փակ է մնում։ Պատճառը Թուրքիայի կողմից սահմանված բարձր մաքսատուրքերն են, որոնք ամենամեծ խոչընդոտն են թուրքական շուկայում հայկական ապրանքների ներկայացվածության համար։

Բայց, ինչպես տեսնում ենք, այս առումով Թուրքիան որևէ քայլ չի անում։ Փոխարենը՝ բացում է սահմանը օդային բեռնափոխադրումների համար, լավ իմանալով, որ դրանից Հայաստանի տնտեսությունը ոչ մի նոր հնարավորություն չի ստանալու թուրքական շուկա մտնելու համար։

Հակառակ ուղղությամբ բեռների համար օդային սահմանի բացումը գուցե որոշ թուրքական ապրանքների ներմուծումներն ավելի շահավետ դարձնեն ու նպաստեն հայկական շուկայում դրանց իրացման հնարավորությունների ընդլայնմանն ու ծավալների ավելացմանը։ Չնայած առանց դրա էլ, թուրքական ապրանքները փոքր ընդգրկում չունեն Հայաստանի սպառողական շուկայում։

Անցած տարվա 10 ամսում այդ երկրից ներկրվել է գրեթե 200 մլն դոլարի ապրանք։ Մեկամյա էմբարգոն հանելուց հետո, այն ամբողջությամբ վերականգնվել է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս