Սպասվող զորավարժությունը նաև Բերձորի միջանցքն ապաշրջափակելուն ուղղված քայլ է. Ռազմական փորձագետ

ՌԴ պաշտպանության նախարարությունն օրերս հայտարարել է՝ ՌԴ ցամաքային զորքերի ստորաբաժանումները մասնակցելու են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Հայաստանում։

Ի դեպ, հայաստանյան հակառուսական տարբեր շրջանակներ այս զորավարժություններն առկա անվտանգային մարտահրավերների պարագայում շտապել են որակել վտանգավոր՝ փոխարենն ընդգծելով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն առաջ մղելու անհրաժեշտությունը:

«Որ սորոսանիկոլական, հավաքական Արևմուտքից կառավարվող խամաճիկները պետք է վայնասուն բարձրացնեին, հասկանալի է, քանի որ ՀԱՊԿ-ի հետ կապված ամեն ինչ իրենց մոտ առաջացնում է հակառուսական հիստերիայի համար հերթական դրամաշնորհի ակնկալիք: Իսկ իրականում, խնդիրը շատ հստակ է՝ ՀԱՊԿ-ը մեզ համար մշտապես եղել է ռուսական օգնություն ստանալու մի այլընտրանքային ձևաչափ: Այսինքն՝ ի սկզբանե, ՀՀ որևէ ղեկավարություն երբեք  չի ունեցել պատրանքներ առ այն, թե Բելառուսիան, Ղազախստանը կամ այլ պետություններ գալու են-կանգնեն հայ զինվոր կողքին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով  սպասվող՝ «Անխորտակելի եղբայրություն-2023» անունը կրող զորավարժություններին:

Փորձագետը նկատեց՝ ՀԱՊԿ-ից հիմնական ակնկալիքը եղել է անվճար կամ ՌԴ ներքին գներով ժամանակակից սպառազինության ձեռքբերումը, սակայն ՀՀ հակառուսական իշխանությունը, գիտակցելով «դաշինք» ասվածի հանդեպ հանրային ընկալումներում առկա տարընթերցումը, խեղում է սպասելիքները:

Կարդացեք նաև

«Շատ լավ հասկանալով, որ հանրության մոտ երբեմն պարզունակ է ընկալվում այդ «դաշինք» ասվածը (օրինակ, կարծում են, թե Ղրղըզստանը կամ Ղազախստանը պետք է հավասար չափով Ադրբեջանն ընկալեն իբրև  ագրեսոր՝ ինչպես մենք), շահարկում են այդ հանգամանքը: Նաև շատ լավ հասկանալով ՀԱՊԿ-ի բուն նշանակությունը՝  խեղում հանրային ընկալումները դաշինքի վերաբերյալ՝ ՀԱՊԿ-ից պահանջելով անհնարինն ու առավելագույնը, ինչն իսկզբանե դատապարտված է անհաջողության»,- մանրամասնեց նա՝ մանիպուլյացիա որակելով այս գործելաոճը:

ՀԱՊԿ դերակատարմանն անդրադառնալով՝ Դավիթ Ջամալյանը հիշեցրեց, որ հստակ տեղեկությունների համաձայն՝  2020 թվականի աղետալի պատերազմի նախօրեին ՀԱՊԿ-ն առաջարկել էր ՀՀ-ում իրականացնել հրամանատարաշտաբային զորավարժություն, որտեղ պետք է խաղարկվեր հենց այն սցենարը, որն Ադրբեջանը կիրառել է 44-օրյա պատերազմի ժամանակ: Փորձագետն ի հավելումն նշեց՝  թեև իշխանություններն այդ առաջարկը բառացի չեն մերժել, սակայն ձգձգել են պատասխանը, ու, ի վերջո, անպատասխան թողնելով՝ հարցը փակել են:

Այս համատեքստում անդրադառնալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերը չստորագրելու  վերաբերյալ իշխանական փաստարկներին՝ փորձագետը շեշտեց. «Այդ ժամանակ մեզ առաջարկվել է շատ ռեալ ռազմական օգնություն: Փաստաթուղթը կապիտուլյանտը չի ստորագրել, որովհետև իբրև թե ձևակերպումներում Ադրբեջանին իբրև ագրեսոր ոչ ոք չի համաձայնել ընդունել:

Հարց եմ տալիս՝ մեզ համար ի՞նչն էր էական՝ զե՞նքը, թե՞ թղթի կտորը, որտեղ Ադրբեջանը նշվում է որպես ագրեսոր. ի՞նչ էր տալու դա մեզ, ինչպե՞ս էր զսպելու Ադրբեջանին այդ ձևակերպումը»:

Մեր զրուցակիցը շեշտեց՝ ՌԴ-ն մշտապես տարբեր ձևաչափերով ձեռք է մեկնել ՀՀ-ին, իսկ սեպտեմբերյան սրացումների ժամանակ ռուսական 102-րդ ռազմաբազան հավաքական հայկական ուժերի հետ միասին ռազմական խնդիր է լուծել:

Սպասվող զորավարժությունների մասին իր դիտարկումներում Դավիթ Ջամալյանը  կարևորեց այն հանգամանքը, որ «Անխորտակելի եղբայրություն-2023» -ի ընթացքում ուժեր են բերվելու ՀՀ, որով կանխվելու է ադրբեջանական հերթական ագրեսիան, և, որ դա նպաստելու է Բերձորի միջանցքի ապաշրջափակմանը: Իսկ առհասարակ, ըստ նրա, ՌԴ-ն այս զորավարժություններով ընդգծում է ռեգիոնում իր մշտական ներկայությունը:

«Ռուսական կողմն իր ուժը կիրառելու վճառականությունը այստեղ ցուցադրելով՝ գուցեև առանց կռվի հասնելու է այն բանին, որ Բերձորի միջանցքը ապաշրջափակվի, որովհետև այս իրավիճակը հարվածում է ՌԴ կենսական շահերին.  եթե Արցախը, Սյունիքը հայաթափվեցին, դարձան ադրբեջանաթուրքական տարածք, հաջորդ հարվածը հասցվելու է ՌԴ հարավին և Իրանի հյուսիսին: Հետևաբար, հայոց պետականության շահերը համընկնում են Ռուսաստանի և Իրանի հետ. նիկոլական իշխանության շահերը չեն համընկնում: Հետևաբար, սա Բերձորի միջանցքն ապաշրջափակելուն ուղղված քայլ է նաև, և եթե անգամ նախազգուշական քայլն արդյունք չտվեց, վստահ եմ, որ վաղ թե ուշ ինչ-որ ուժային գործողություն է իրականացվելու, և մենք ունենալու ենք ապաշրջափակված Արցախ»,- մանրամասնեց ռազմական փորձագետը:

Հիշեցնենք՝ ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է. «Ռուսաստանի Դաշնությունից դուրս Հայաստանի տարածքում կանցկացվի ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը»:

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ ռուս-բելառուսական անցած զորավարժությունները ռազմավարական զսպման միջոցառումներ են։ Նա հավելել էր, որ 2023 թվականին կազմակերպությունը նախատեսում է մի շարք զորավարժություններ անցկացնել Բելառուսի տարածքում, և դրանք «կարող են դիտարկվել նաև՝ որպես ռազմավարական զսպման միջոց»։

Տեսանյութեր

Լրահոս