1918թ. Բաքվի հայ բնակչությունը 30-40 % էր, իսկ ի՞նչ եղավ Նախիջևանի 45% հայությունը. Հենրիկ Քոչինյան

«Եթե ես մի բան ասեմ, շատ միամիտ չեմ թվա, չէ՞… 1919թ. Նախիջևանը որտե՞ղ էր… Նախկին Երևանի գավառում էր Նախիջևանը… Դե եկեք այդպես անենք: 1919թ. սկզբներին, երբ Զորավար Անդրանիկը գտնվում էր Գորիսում, Սիսիանում, ի՞նչ արեցին. Թուրքերը Նախիջևանում ապրող ադրբեջանցիների հետ միասին Նախիջևանի հայ բնակչությանը, որը կազմում էր 45%, լրիվ կոտորեցին… Եկեք 1919թ. քարտեզը բարձրացնենք ու հարցնենք՝ էդ 45% հայերին էդ ինչո՞ւ բնաջնջեցիք: Պատասխանն ո՞վ է տալու, թե՞ ասելու են՝ մուսավաթական, խանական թուրքերն ու ադրբեջանցիներն էին, մենք դրա հետ կապ չունենք»,- 168.am-ի եթերում Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում ասաց ՀՀ Տրանսպորտի և կապի նախկին նախարար, Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը:

Վերջինս խորհուրդ տվեց հիշել 1918թ. բնակչության հարաբերակցությանը:

«1918թ. Բաքվում բնակչության ո՞ր մասն էին կազմում հայերը… Երևի մի 30-40%-ը: Երբ որ Բաքվի կոմունա եղավ և անգլիացիների թեթև ձեռքով, որ «կարմիրները» չգան… Նրանց խնդիրը հո դա՞ չէր, նրանց խնդիրը Բաքվի նավթն էր… Մենք մոռանո՞ւմ ենք, երբ Անդրանիկն իր զորախմբով կանգնած էր այն ժամանակվա անվամբ ասեմ՝ Զաբուխ գետի ափին և հաջորդ օրը պիտի գնար Ղարաբաղ ու Շուշին հետ վերցներ ադրբեջանցիներից, գեներալ Թոմսոնը իր երկու կապիտանների միջոցով նամակ ուղարկեց Անդրանիկին, որ եթե դու Զաբուխը անցնես, Ազգերի լիգայում Հայկական հարցը կհանվի օրակարգից»,- պատմությունը հիշեցրեց Հենրիկ Քոչինյանը՝ նշելով, որ իր ասածը վերցված է արխիվային փաստաթղթերից, և ցանկացած ոք կարող է ինքը կարդալ դա:

Վերոգրյալ իրավիճակը ՀՀ Տրանսպորտի և կապի նախկին նախարարը համադրեց 44-օրյա պատերազմում ստեղծված իրավիճակի հետ:

Կարդացեք նաև

«Նույնը չէ՞ր, երբ Բաքու-Ջեյհան նավթամուղն անգլիացիների համար շատ ավելի կարևոր էր, քան մեր 5000 երիտասարդի կյանքը: Ի վերջո, որևէ մեկը, այդ թվում՝ Ադրբեջանը, չի կարող ասել, որ Հադրութի շրջանն ադրբեջանցիներով էր բնակեցված: Հադրութը վերցրեցին: Որ հիմա հադրութցին Երևանում չգիտի՝ գլուխը որտեղ պատսպարի, էդ ինչի՞ չեն ասում՝ մարդիկ տունուտեղը կորցրել են, տանենք Հադրութ, կողքն էլ մի քանի տարի կանգնենք, մինչև տեսնենք, որ էս մարդու կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Հենրիկ Քոչինյանը:

Նա հռետորական հարց ուղղեց՝ ո՞վ է պատկերացնում, որ մարդիկ կգնան Հադրութ ու հանկարծ հաջորդ օրը չեն անհետանա:

«Ինձ կարող են նորից հակադրվել, ասել՝ լավ, նորից գնանք պատերազմի՞… Քավ լիցի, ես պատերազմի կողմնակից չեմ: Կործանման սկիզբը կլինի, եթե մենք ամեն օր պատրաստ չենք պատերազմի: Մայրը երբեք չպետք է ասի՝ ես իմ 18 տարեկան տղան չեմ ուզում՝ գնա, բանակում ծառայի, որովհետև կարող է զոհվել: Զինվորը մատաղացու գառ է: Կոպիտ բան եմ ասում, էլի… Ես աղջիկ չունեմ, իմը տղաներ են, երկու տղաս էլ՝ զինվորական: Բայց ես ամեն օր պատրաստ եմ, որովհետև ծնվել, դաստիարակվել եմ այն ոգով, որ կարևորը հայրենիքն է»,- ասաց Հենրիկ Քոչինյանը:

Պետական գործիչը հիշեցրեց, որ 1992թ., երբ եռամսյա հավաքները սկսվեցին, շատերս բողոքում էինք:

«Պատերազմը մենք 90-ական թթ. հաղթեցինք շատերիս, բայց առաջին հերթին՝ եռամսյա հավաքների մասնակիցների շնորհիվ: Թույլ տվեք սա բարձրաձայն ասել, որովհետև ես կարող եմ բազմաթիվ ապացույցներ բերել: Լավ, բա ի՞նչ անեինք: Լաչինի միջանցքը բացել էինք Առաջաձորի, Մարտակերտի կողմից, սպասեինք, որ ադրբեջանցիները սեղմեին, ու բոլոր ղարաբաղցիներն այդ միջանցքով գային լցվեին Երևանի Հրապարա՞կ… Հետո էլ Ադրբեջանը Սև լիճը գրավեր, ասեին՝ Վարդենիսի գործկոմի նախագահը ժամանակին ադրբեջանցի էր, մե՞րն է… Էլեմենտար բան ասեմ: Փոխվարչապետների մակարդակով հանդիպումների Ադրբեջանի փոխվարչապետը Հայաստանում ծնված, կրթություն ստացած մարդ է: Ափսոս, որ այդ մարդուն այդքան գիտելիք ենք տվել, որ հիմա մեր դեմ այդ գիտելիքն օգտագործում է: Բայց ես ենթադրում եմ՝ նա երազում է, որ նորից վերադառնա Ջուջևան, երևի երազում է, որ էդ գյուղը, որտեղ ինքը ծնվել է, Ադրբեջանինն է»,- եզրափակեց Հենրիկ Քոչինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս