Վագահն Խաչատուրյանը անհրաժեշտ է համարում մշակել Հայաստանի տնտեսության զարգացման լավագույն մոդելը

Գիտությունների ազգային ակադեմիայում մի խումբ գիտնականներ ներկայացրին Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրներին վերաբերվող զեկույցներ: Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ, որը նվիրված էր տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը երկար տարիներ ղեկավարած Վլադիմիր Հարությունյանի հիշատակին, մասնակցեց Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Նախագահն ընդգծեց, որ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտական արտադրանքն օգտակար կլինի և Կառավարության, և հանրության համար:

« Գիտեք, նախկինում շատ ավելի հեշտ էր ինստիտուտի և կառավարության կապերը օգտագործել, բայց վերջին շրջանում դա բարդացել էր: Խնդիրը կառավարման համակարգի մեջ է, որը փորձում ենք լուծել: Պարոն Սաղյանի (Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյան-խմբ.) հետ խոսում ենք բարեփոխումների մասին, որոնք փորձում ենք իրականացնել բարձրագույն կրթության համակարգում և գիտության բնագավառում: Ինչո՞ւ մինչև հիմա չենք կարողացել այդ խնդիրը լուծել: Պատճառը, երևի, այն է, որ կամ խնդիրը ճիշտ չենք ձևակերպել, կամ իրականում կյանքը այնքան արագ է փոխվում, որ չենք հասցնում խնդիրների հետևից գնալ: Բայց այս ամենը արդարացում չէ, պետք է փորձենք գտնել ճանապարհներ, որոնք Հայաստանի Հանրապետությանը պետք է առաջ տանեն»,- ասաց Խաչատուրյանը:

Նախագանը խնդրեց հաճախակի նմանատիպ գիտաժողովներ անցկացնել Հայաստանի տնտեսության զարգացման մոդելը գտնելու համար:

«2021 թվականին խոսում էինք, թե ինչ պետք անենք 2022-ին ու անպայման ուզում էինք միջոցառում անցկացնել տարբեր երկրների հաջող կամ անհաջող տնտեսական մոդելների մասին: Մտածում էինք, որ գուցե սա խթան լիներ հայաստանյան յուրահատուկ տնտեսական մոդել մշակելու համար: Չստացվեց: Բայց իմ խնդրանքն է շարունակել այդ գաղափարը. եթե այս ինստիտուտի ղեկավարության համար այն ընդունելի է, փորձենք 2023 թվականին այդպիսի մի նախաձեռնություն իրականացնել: Եկեք քննարկում անցկացնենք և այն մի անգամ չլինի, պարբերաբար լինի և փորձենք հասկանալ, թե իրականում ի՞նչ պետք է անել, որովհետև այսօրվա ամենակարևոր մարտահրավերը երկրի անվտանգության խնդիրն է, որի մեջ մտնում է ամեն ինչ: Եվ այդ խնդիրը պետք է կարողանանք լուծել, մեթոդները պետք է փոխվեն: Եվ այն, ինչ նախկինում եղել է, փաստորեն չի աշխատել և չաշխատելու հետևանքով այսօր երկրի դիմադրողականությունը շատ ցածր է:

Երկրորդ խնդիրը՝ կրթության բնագավառն է: Սա ամենակարևոր մարտահրավերն է, և այսօր հավաքվել են մարդիկ, որոնք ոլորտի պատասխանատուներ են: Առանց այդ համակարգի հիմքային փոփոխության հաջողություններ չենք կարող ունենալ: Մասնագետների լրջագույն խնդիր ունենք բոլոր բնագավառներում, իսկ առանց կրթության, առանց գիտելիքի հաջողություն չենք կարող ունենալ: Այս ուղենիշի շրջանակում պետք է կարողանանք նպատակները կյանքի կոչել»,- եզրափակեց Խաչատուրյանը:

Գիտաժողովին գիտական զեկույցները վերաբերվում էին Հայաստանի պարենային անվտանգությանը, խաղողա-գինեգործական ոլորտում աշխատաշուկայի զարգացման միտումներին, տնտեսական անվտանգության խնդիրներին:

Տեսանյութեր

Լրահոս