Քրեակատարողական բժշկության կենտրոնը համարվել է նոր սարքավորումներով. ամփոփվեցին ԵԽ աջակցությամբ իրականացվող ծրագրերը

ԵԽ-ի հետ համագործակցության շրջանակներում «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը համալրվել է նոր բժշկական սարքավորումներով, որը թույլ կտա ավելի լավ որակի բժշկական օգնություն տրամադրել դատապարտյալներին:

Այս մասին ասաց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը «Առողջապահությունը և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրերի արդյունքների ներկայացման շրջանակներում:

Ծրագրերն իրականացվել են Եվրոպայի խորհրդի կողմից և ֆինանսավորվել են Հայաստանի համար 2019-2022թթ. Գործողությունների Ծրագրի շրջանակներում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ դրսևորումները բացահայտելու նպատակով խորհրդի հետ ունեցած արդյունավետ համագործակցության շրջանակներում առանձնացրել են միջազգային չափանիշներին համապատասխան այն ընթացակարգերը, որոնց դեպքերում, դատապարտյալների կամ կալանավորված այլ անձանց նկատմամբ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորումներ նկատելու դեպքում դրանք պարտադիր կերպով բժշկական անձնակազմի կողմից կենթարկվեն զննման:

«Պրոբացիայի ծառայության հետ կապված պետք է նշեմ, որ բացի վերապատրաստումներից և օրենսդրական փոփոխություններից մենք շատ լուրջ նվաճում ունենք ծրագրում: Բացվել է վերասոցիալականացման նոր կենտրոն, որտեղ դասավանդվում են կարի, կոսմետոլոգիական հիմունքներ, փայտամշակում և այլն: Սրանք կարևոր են պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման գործում: Բացի սրանից, ունենք փաստաթղթաշրջանառության կրճատումներ և առաջիկայում բոլորը ականատես կլինեն eProbation էլեկտրոնային կառավարման հարթակի գործարկմանը»,- նշեց նա:

ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը նշեց, որ ՊՈԱԿ-ը հարստացվել է տարբեր նյութատեխնիկական ռեսուրսներով, նորագույն սարքավորումներով: Տրամադրվելու է այնպիսի բժշկական օգնություն, որը ակնկալում են դատապարտյալներն ու կալանավորված անձինք:

«ԵԽ-ի հետ համագործակցության շրջանակներում ստացել ենք մի շարք բժշկական սարքավորումներ, այդ թվում՝ շարժական սոնոգրաֆիկ սարք, արյան անալիզատոր: Նախկինում ունեցած մեր սարքավորումները շատ հին էին և մենք չենք կարողացել հետազոտություններ իրականացնել, դա մեզ կօգնի քրեակատարողական հիմնարկի սահմաններում իրականացնել հետազոտություններ, և դատապարտյալները քիչ կտեղափոխվեն քաղաքացիական հիվանդանոցներ»,- նշեց Մանուկյանը:

Թիրախավորվել է նաև հեռաբժշկության ոլորտը, շատ դեպքերում դատապարտյալների ու կալանավորված անձանց տեղափոխումը քրեակատարողական հիմնարկից այլ քաղաքացիական հիվանդանոց դժվար է, կարիք է լինում ժամ առաջ ունենալ խորհրդատվություն համապատասխան մասնագիտացման բժշկի հետ:Հեռաբժշկության մոդելը թույլ կտա, գտնվելով քրեակատարողական հիմնարկում, անմիջապես ստանալ խորհրդատվություն: Գործընթացը կմեկնարկի ծրագրի ավարտին:

Տեսանյութեր

Լրահոս