Հայաստանը կանգնած է Լիբանանի կողքին այս մարտահրավերներով լի շրջանում. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի վարչապետին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաջիբ Միկաթիին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի եղբայրական ժողովրդին՝ Լիբանանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Հայ-լիբանանյան հարաբերությունները բնորոշվում են մեր ժողովուրդների բարեկամական պատմական կապերով, քաղաքակրթական ընդհանրություններով և դժվարին պահերին փոխադարձ աջակցության ավանդույթներով: Հայաստանը կանգնած է Լիբանանի կողքին այս մարտահրավերներով լի շրջանում, և լիահույս եմ, որ Լիբանանի ժողովուրդը մոտ ապագայում կհաղթահարի առկա դժվարություններն ու կվերագտնի կայունության և զարգացման ուղին:
Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ հարաբերությունների առկա բարձր մակարդակն ու պատրաստակամ է ընդլայնելու փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Լիբանանի բարեկամ ժողովրդին` հարատև կայունություն և բարօրություն։
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»: