Նրանք մեզ կներեն երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար․ Փաշինյանը խաբել է․ մաս 138. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում դեռեւս շարունակում են գերության մեջ գտնվել ՀՀ քաղաքացիներ: Եվ սա այն դեպքում, երբ 2021 թ. հունիսին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Նիկոլ Փաշինյանը, որն այն ժամանակ գլխավորում էր ՔՊ ցուցակը, հայտարարել էր.

«Դուք նաեւ պետք է գիտակցեք, որ գերիների հարցը էսօր ուզում են մեր պետության եւ մեր ժողովրդի դեմ օգտագործել անհամաչափ զիջումներ պարտադրելու համար։

Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար, եւ այո, նրանք մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը եւ ինքնիշխանությունը…»,- ասել էր Փաշինյանը:

Սակայն իրականությունն այն է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանում պահվող գերիների թեմայի մասին խոսելուց եւ անգամ պատերազմից երկու տարի անց, Ադրբեջանում շարունակում են գերության մեջ մնալ ՀՀ քաղաքացիներ, իսկ սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի այս խոսքերը պարզապես նախընտրական հնարք էին»:

Տեսանյութեր

Լրահոս