«Հիմա էս մեկը դհոլ չի նվագում, բալետ է պարում». Ռոբերտ Հայրապետյանը՝ Գլխավոր դատախազների մասին
«2018 թվականի հեղափոխություն կոչվածն իրականում կարելի է դիտարկել՝ որպես անպատժելիության հեղափոխություն, որովհետև հասարակությանն այդ ընթացքում հրամցվում էր, որ դու ազատորեն կարող ես անել այն, ինչը նախկինում չես արել՝ մտավախությամբ, որ, օրինակ, դրա համար կարող ես կալանավորվել կամ ձերբակալվել»,- ««Իրավական պետության» ռիսկային իրականությունը» թեմայով քննարկման ժամանակ նշեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
Այս համատեքստում իրավաբանը հիշեցրեց 4 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից մի քանի դրվագ՝ ԱԺ պատգամավորների հեռախոսահամարների հանրայնացումը, շտապ բուժօգնության մեքենայի ճանապարհը ցուցարարների կողմից խոչընդոտելը, արագաչափերը ներքնազգեստներով փակելը, մեքենաների կամայական կայանելու հետևանքով մեկ տարեկան երեխայի զոհվելը: Իրավաբանը դրանք որակեց անիշխանության, անպատժելիության հետևանք:
Անդրադառնալով 2018-22 թվականներին ՀՀ գլխավոր դատախազի՝ Արթուր Դավթյանի պաշտոնավարմանը՝ իրավաբանը նկատեց, որ այդ ժամանակահատվածից ինքը հիշում է միայն այն, որ «Մարտի 1»-ի գործով հասավ Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ջհանգիրյանի արդարացման վճիռների կայացմանը:
«Հիմա այս մեկը դհոլ չի նվագում, բալետ է պարում. ես հույս ունեմ, որ մի քիչ ավելի մեղմ գործիքակազմ կլինի, հաշվի առնելով բալետի ռոմանտիկ վիճակները, միգուցե քրեական քաղաքականություն փոխվի»,- նկատեց նա:
Ռոբերտ Հայրապետյանը հանցավորության դեմ պայքարի ապարդյուն պետական քաղաքականությանն անդրադառնալով՝ ահազանգեց ինքնասպանության դեպքերի աճի մասին, հանցագործությունների ավելացման մասին, այդ թվում՝ դաժան սպանությունների ելքով:
«Ունենք ՍԴ, որն արդեն վերածվել է իշխանական դուքյանի: Ես չեմ կարծում, որ կա մի ադեկվատ մարդ, որ այլևս ՍԴ-ի հետ հույս կապի, որովհետև Վահե Գրիգորյան, Սեդա Սաֆարյան կամ ակնհայտ քաղաքական արիշ-վերիշների մեջ գտնվող անձինք հիմա դարձել են բարձր դատարանի դատավորներ:
Կամ՝ ԲԴԽ-ն, որը պետք է զբաղվի դատավորների բարեվարքությամբ և մնացածով, հիմա ղեկավարում է մի մարդ, որը Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմից է, մինչև պաշտոն ստանալն անընդհատ խոսում էր նախկիններից, և, ի վերջո, մարդ, որ հայտնի է հանրությանը՝ իբրև Նիկոլ Փաշինյանի նկարով հրապուրվող պաշտոնյա:
Կամ՝ իրավաբան-գիտնականի պաշտոնը ԲԴԽ-ում զբաղեցնում է մի աղջիկ, որը գիտության հետ որևէ աղերս չի կարող ունենալ, բայց Կարեն Անդրեասյանի հետ՝ ՄԻՊ-ից մինչև արդարադատության նախարար՝ հպարտորեն եկել է: Ես տեսել եմ այդ կնոջ ագրեսիվ վերաբերմունքը և մասնագիտական տկարությունը, երբ Արդարադատության նախարարի խորհրդական եղած ժամանակ ԲԴԽ-ում պաշտպանում էր նախարարության միջնորդությունները. այդ մարդը ո՞նց կարող է օբյեկտիվորեն քննի որևէ դատավորի վարք»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում