Կադրային ջարդ` Հակակոռուպցիոն կոմիտեում. քննիչներն ընդդեմ Սասուն Խաչատրյանի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը կոմիտեում կադրային ջարդ է սկսել եւ պաշտոնից ազատում է քննիչների, որոնք հերթով կոմիտեի նախագահի որոշումների դեմ դատարան հայցեր են ներկայացնում:

Մեզ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Սիմոն Հարությունյանը դիմել է Վարչական դատարան՝ ընդդեմ կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի որոշման:

Հարությունյանը Վարչական դատարան ներկայացրած հայցով պահանջում է, որ դատարանը ստիպի կոմիտեի նախագահին իր՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարելու եւ մրցույթում հաղթող ճանաչվելու առկայությունը ճանաչվի, որպես հետեւանք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի՝ իրեն աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչվի ու, դեռ ավելին, միջին աշխատավարձ՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, սկսած 24.10.2022 թվականից, բռնագանձվի:

Այսինքն՝ քաղաքացին անցել է պաշտոնի նշանակման համար անհրաժեշտ մրցույթի փուլը, ստացել ցանկալի «գնահատական», սակայն չի նշանակվում այդ պաշտոնում, եւ հիմա դատարանից պահանջում է ոչ միայն վերանշանակում, այլեւ հարկադիր պարապուրդի համար գումար»:

Տեսանյութեր

Լրահոս