«Երբ բոլորը մասնակցեն 25-օրյա հավաքներին, ԱԺ-ի չինական պատերը կվերանան». Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողներին ու օպերատորներին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ ամբիոնից կրկին անդրադարձավ լրագրողներին ու օպերատորներին՝ կոչ անելով նրանց  խորությամբ ընկալել, թե ինչ փոփոխությունների է գնում բանակը։

«Ինչպես նկատեցիք՝  այդ ամենը երեկ չընկալվեց, այսօր էլ չի ընկալվել, հատկապես, երբ տեսնում ենք՝ աջ կողմն ամբողջությամբ դատարկության մեջ է։

Երբ երեկ սենյակից դուրս էի գալիս, միջանցքում տեսա չինական պատ՝ Պաշտպանության նախարարի դեմ, օպերատորները բոլորը շարվել էին, արգելափակել էին, հետևից ես փորձում էի անհաջող գործողություններ, որպեսզի այդ պաշտպանությունը ճեղքենք, բայց նախարարը կարծես թե հաջողությամբ եկավ 414 սենյակ, և սկսեցինք քննարկումը։

Իհարկե, շղթան սկսվել է պատերազմից հետո, սա այն գիտակցումն է, որ մենք դասեր ենք քաղում պատերազմի արդյունքներից։ Պարոն նախարար, բարեփոխում բառն այնքան ենք մաշեցրել, ռիսկ չեմ անում այլևս այդ բառն օգտագործել, սա խորքային փոփոխություն է՝ միտված այն բանակին, որը հեռու կպահի ագրեսիվ գործողությունները մեր սահմանների նկատմամբ։

Կարդացեք նաև

Սրանից հետո էլի են գալու օրենքների նախագծեր, էլի լրացնելու է այս ամենը՝ կապված աշխարհազորի հետ, բայց ամենակարևորը՝ գործնական առումով եռամսյա հավաքները փոխարինվում է 25-օրյա ուսումնական հավաքների, որին մասնակից են դառնալու բոլորը, այդ բոլորի մեջ արդեն չինական պատերը կվերանան»,- ամբիոնից հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը, որի ելույթի ընթացքում դահլիճում նստած Սուրեն Պապիկյանը ժպտում էր։

Իսկ ՔՊ-ական պատգամավորի կարծիքով՝ այս գործընթացում ԱԺ-ն նույնպես կլինի շատ ակտիվ՝ ուսումնական գործընթացի սկզբից մինչև վերջ։

«Կոչ եմ անում, որ  բոլորը նույնպես ոչ թե հեռավար ասեն, թե բանակը կարծես լավ բան է ուզում  անել, այլ գալ ու մասնակցել։ Կոչ եմ անում բանակի նման նախաձեռնությունները, որը շարունակական է լինելու՝ մեր մասնակցությամբ ամրացնենք և ունենանք այն բանակի հիմքերը, որը կառավարության ծրագրով անվանարկվել է՝ որպես պրոֆեսիոնալ բանակ»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ երեկ  խորհրդարանում լրագրողները Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարց էին ուղղել, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն խոսակցությունները, որ թշնամին Ջերմուկի ճանապարհային հատվածներում բունկերներ է կառուցում, Սուրեն Պապիկյանը հրաժարվել էր  պատասխանել հարցին, փոխարենը՝ նյարդայնացել էր Անդրանիկ Քոչարյանը, որը որպես չինական պատ՝ պաշտպանելով նախարարին լրագրողներից ու նրանց հնչեցրած հարցերից, նախ ասել էր, թե ինչ են անում, նկատի ուներ հարցեր տալը, այնուհետև հավելել. «Այսպես որ առաջնագծում ծառայեք, այնքան լավ կլինի»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս