Ինչից է «վառված» Անդրանիկ Քոչարյանը, ո՞ր դրվագն է վատ դրության մեջ դրել նրան

Հուլիսի 2-ին 168.am-ը՝ «Անդրանիկ Քոչարյանի որդին հրավիրվել է վարժական հավաքի, պարզվել է՝ ենթակա չէ կանչվելու, Աշոտ Փաշինյանի դեպքում էլ զինվորական մասնագիտացումը հրապարակելու չէ» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ ՀՀ պաշտպանության նախարարություն ուղարկած մեր գրավոր հարցման մեջ այլ հարցադրումների շարքում մեկ հարց էլ վերաբերում էր նրա կրտսեր որդուն՝ Վազգեն Քոչարյանին՝ 25-օրյա վարժական հավաքի կանչել-չկանչելուն:

Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել էինք՝ «ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կրտսեր որդին՝ Վազգեն Քոչարյանը, պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո այս տարիներին որևէ անգամ վարժական հավաքի մասնակցության ծանուցում ստացե՞լ է, եթե ոչ՝ ինչո՞ւ, ի՞նչ հիմնավորմամբ»:

Բայց միաժամանակ նաև փորձել էինք պարզել՝ «առհասարակ, կարո՞ղ եք նշել որևէ պաշտոնյայի ծառայած որդու, որը մասնակցել է վարժական հավաքներին»:

Մեր այս հարցադրումներին ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատասխան գրության մեջ հայտնել էր.

Կարդացեք նաև

«Վազգեն Անդրանիկի Քոչարյանը վարժական հավաքների ներգրավվելու նպատակով հրավիրվել է զինվորական կոմիսարիատ և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն ուղեգրվել է առողջության առաջնային պահպանման կենտրոն՝ ՀՀ կառավարության 2018թ. ապրիլի 12-ի N 405-Ն որոշման հավելված 2-ի 2.1 կետով սահմանված հետազոտություն անցնելու համար:

Սահմանված կարգով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից իրականացված հետազոտությունների արդյունքների հիման վրա ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի թիվ 2 զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովի կողմից ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման 5-րդ սյունյակի պահանջի համաձայն՝ ճանաչվել է «ենթակա չէ կանչվելու վարժական հավաքի:

Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց որդիների կողմից վարժական հավաքներին մասնակցության հարցին, նման վիճակագրություն չի վարվում»։

Այսինքն, ընդամենը ներկայացվել է ՊՆ-ին ուղղված մեր հարցումն ու գերատեսչության պատասխանը: Ընդ որում, հիշեցրել ենք, որ որդին նախ զինվորական ծառայություն է անցել Արցախում, այնուհետ՝ Վանաձորում, դարձյալ պաշտոնական տեղեկության հիման վրա: Ոչ մի հարցադրում չենք արել, թե «Հայկազով»-ում ծառայած իր հրետանավոր տղան 44-օրյայի պատերազմի ժամանակ ի՞նչ մարտերի է մասնակցել, որտե՞ղ, ե՞րբ է Արցախից եկել Երևան: Ավելին, մեր հարցման մեջ հերթական անգամ հարց ենք ներառել նաև Նիկոլ Փաշինյանի որդու վերաբերյալ:

Բայց արի ու տես, որ Անդրանիկ Քոչարյանը «հուզվել է» և լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, երբ որդու մասին հարց են տվել՝ հղում անելով մեր հոդվածին, նա արձագանքել է.

«168.am-ը ստացել է պատասխանը: Իմ որդին պատերազմ անցած է՝ Վազգենի մասին է խոսքը, պատահական չի, որ էդ անունը դրել եմ, և պատահական չի, որ ինքը ծնվել է, և պետք է էդպես էլ շարժվեր: Ինքը 44-օրյա պատերազմին մինչև վերջին օրը մասնակցած հայորդի է, և ես հիմա հպարտանում եմ: Ինչ ասեն՝ կարող են գրել: Պարզ է, չէ՞, որ պատերազմն անցած տղան չի կարող խուսափի, եթե առաջարկը լինի: Բայց առաջարկից հետո գնում է բուժզննության, որից ամիսներ առաջ իմ տղան շատ ծանր վիրահատություն է տարել՝ ուսահոդի, և շատ ծանր: Երբ հաջորդ առաջարկը կլինի պաշտպանական գերատեսչության, նորից կանցնի բուժզննություն, և եթե ամեն ինչ նորմալ լինի՝ ինքն անպայման կգնա այդ հավաքներին, մի կասկածեք: Մի ընկեք 168-ի ջրերը, տիկին Սաթենիկ Սեյրանյանը վաղուց վառված է Անդրանիկ Քոչարյանից»:

Ինչպես տեսնում ենք, Անդրանիկ Քոչարյանը, «ընկնելով 168-ի ջրերը», վերարտադրում է այն, ինչ մենք ենք գրել՝ լրացնելով Պաշտպանության նախարարության մեզ ուղարկված պատասխանը: Բայց մյուս կողմից, նա փորձում է աղավաղել պատկերը և տպավորություն ստեղծել, թե իր որդուն ներկայացրել ենք որպես վարժանքներից խուսափածի, որտե՞ղ է դա տեսել, երբ որևէ մեկնաբանություն չկա:

Եվ սա անում է մի մարդ, որը ժամանակին դիմադրության շարժման օրերին՝ 2022 թվականին, կոչ էր անում ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը հավաքագրել ընդդիմության քաղաքական միջոցառումներին և ակցիաներին մասնակցող քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որը, ըստ նրա, «կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով»:

Նույն ժամանակում մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ուղարկվել ընդդիմադիրներին, այդ թվում՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդուն՝ Տարոն Մանուկյանին, որն այդ ժամանակ կալանքի տակ էր, և մասնակցել էր 44-օրյա պատերազմին: Այդ ժամանակ Քոչարյանը նման կոչ նաև լրագրողներին էր հասցեագրել։

Չմոռանանք, որ որոշ ժամանակ առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ իր ավագ որդին բանակում չի ծառայել, պատասխանել էր. «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դու նրա գիտելիքների չափ որ ունենաս, դու էլ չես ծառայի»:

Անդրանիկ Քոչարյանի այս հայտարարությունը քննադատության տեղիք էր տվել հանրության շրջանում։ Քոչարյանի գրառմանն անդրադարձել էր նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որի երկու որդիներն այս պահին ծառայում են ՀՀ զինված ուժերում, ինչից հետո Քոչարյանը ստիպված էր ներողություն խնդրել:

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը կարո՞ղ է անկաշկանդ մանրամասներ հայտնել, թե 44-օրյայի ժամանակ ինչ մարտերի է մասնակցել իր որդին, երբ է դուրս եկել Արցախից, գուցե նաև վիրավորվել է, կամ՝ չի վիրավորվել, ինչպես Նիկոլ Փաշինյանի պատերազմին կամավորագրված որդին (ինչի համար ուրախ ենք, երիտասարդ են), եթե մի օր որոշենք նաև այս մասին հարցում ուղարկենք, ինչ արել ենք, ի դեպ, Աշոտ Փաշինյանի դեպքում և ոչ մեկ անգամ, ստացել ենք պատասխան՝ որտեղ է եղել այդ ժամանակ:

Իսկ 168.am-ից «վառվելու» առիթ հնարավոր է Անդրանիկ Քոչարյանն ինքն ունի, քանի որ միշտ մեր ռազմական և պատերազմական հոդվածներում եղել ենք կոռեկտ և «խփել» ենք ուղիղ նշանակետին:

Մասնավորապես, այս պահին դեռ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մեր տեղեկություններով, ծանր է տարել և վատ դրության մեջ հայտնվել, երբ ֆիքսել էինք մարտի 17-ին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի մի դրվագ, որն ուղիղ առնչություն ուներ Նիկոլ Փաշինյանի և Վազգեն Սարգսյանի հետ:

«Ես կառաջարկեմ, որ Արման Թաթոյանին ստեղծենք հնարավորություն, որ նա կանգնի այն դիրքերի մոտ, որի մասին ինքը խոսում է, և դա պետք է նախաձեռնել: Ինքը խոսում է դիրքային փոփոխությունների մասին, որը տեղի չի ունեցել: Լավագույն լուծումը, որպեսզի Արման Թաթոյանը գնա այդ դիրքերի մոտից ցույց տա, թե ո՞ր դիրքերն են փոխված: Էդպիսի մի պատմություն եղել է 1990-ականներին, երբ էդպիսի սխալ արտահայտություններով որոշ լրատվամիջոցներ հանդես են եկել, Վազգեն Սարգսյանը չզլացավ և ուղղաթիռ տրամադրեց, ասեց՝ գնացե՛ք Քելբաջար ու տեսեք՝ Քելբաջարում իրականում մենք ծառայություն իրականացնո՞ւմ ենք, թե՞ ոչ»,- ասել էր նա:

Տարբեր տեղեկություններով, լրագրող Նիկոլ Փաշինյանի անունը կապված է այս պատմության հետ: Սա՝ առաջին:

Երկրորդ, մեկ այլ լրատվամիջոցին տված հարցազրույցի դեպքում էլ ուշադրություն ենք հրավիրել, որ Անդրանիկ Քոչարյանը վտանգավոր գաղտնազերծում է արել և խոսել մի «գաղտնի գործողության» մասին, որը չի հաստատել ԻԿԱՕ-ն, և որը Հայաստանին լրջագույն խնդիրների առաջ կարող է կանգնեցնել, քանի որ Ալիևը փորձել է հասնել դրա հաստատմանը:

Ավելին, եթե դա ճիշտ է, ապա գործ ունենք «մաքուր» պետական, ռազմական գաղտնիքի հրապարակման հետ, և այն էլ՝ 44-օրյայի քննիչ հանձնաժողովի նախագահի կողմից:

Դեռ մի կողմ ենք դնում 44-օրյայի քննիչ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում թույլ տրված օրենքից դուրս որոշ հայտարարություններ, և, ի վերջո, քննիչ հանձնաժողովի զեկույցի հետ կապված խնդիրը, ինչի պատճառով նաև այն չներկայացվեց: Առնվազն հրապարակավ այդպես էր ասում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Անդրանիկ Քոչարյանի հետ կապված հետաքրքիր դրվագների շարքը կարելի է շարունակել, բայց չենք ցանկանում դուրս գալ նախորդ հոդվածի բովանդակությունից և տրամաբանությունից, ուստի այսքանով սահմանափակվենք:

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը լավ կանի ամեն առիթով չթաքնվի Վազգեն Սարգսյանի «թիկունքում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031