«Սադրանքները եղել են և առաջիկայում էլ կլինեն, մենք պետք է պատրաստ լինենք այդ ամենին». Արմեն Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ մարտական գործողություններին կամավորներին ընդգրկելը ծայրահեղ անհրաժեշտություն է, և դա լավ օրից չէ։

«Ուղղակի ծայրահեղ անհրաժեշտություն է առաջանում հնարավորինս շատ ուժեր ներգրավել, պարզապես այդ կամավորները, որոնք անցնում են մարտական հերթապահության, որոշ չափով վարձատրություն են ստանում։ Վարձատրության չափը կախված է  մարտական գործողություններին մասնակցել-չմասնակցելուց, կամ ներգրավվում են՝ որպես շարքային, թե դասակի հրամանատար։ Կառավարության որոշման համաձայն՝ նրանք վարձատրվում են, թեև կամավորությունը  և վարձատրությունն իրար հակասող սկզբունքներ են։ Եթե մարդն ասում է՝  ես կամավոր եմ և գնում եմ հայրենիքին ծառայելու, չպետք է ակնկալի վարձատրություն, բայց պետությունը գնացել է դրան և վարձատրում է։ Բայց ասում եմ՝ սա լոկալ խնդիր է և ստեղծված իրավիճակը լուծելու համար»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է  սահմանային իրավիճակին, մասնավորապես՝ Խրամորթում թշնամու հնչեցրած կրակոցներին, Արմեն Խաչատրյանը տեղի ունեցողը բնորոշելով որպես սադրանք՝ ասաց, որ դրանք շարունակում է կիրառել  Ադրբեջանի զինուժը։

«Զարմանալու որևէ բան չկա, մենք ինչքան հիշում ենք մեր պատմությունը, անընդհատ այդ սադրանքները եղել են և առաջիկայում էլ կլինեն, մենք պետք է պատրաստ լինենք այդ ամենին»,- շեշտեց պատգամավորը։

Կարդացեք նաև

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ սահմանին հայկական կողմը բավականին ակտիվ շարունակում է ինժեներական աշխատանքները, որոշ հատվածներում այդ աշխատանքներն ավարտվել են։

«Ինժեներական աշխատանքները սկսվում են և երբևէ չեն ավարտվում, բայց առաջնահերթ այն աշխատանքը, որը պետք է արվեր, շատ վայրերում արված է, քիչ տեղերում է մնացել, որտեղ պետք է դեռևս արվեն։ Այս աշխատանքներն ավարտելուց հետո, տեղի կունենան հաջորդ աշխատանքները, երկաթբետոնյա որոշակի հարմարանքներ սարքելու և այլ աշխատանքներ»,- նշեց Արմեն Խաչատրյանը։

Միևնույն ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավորն ասաց, որ տվյալ պահին սահմանին իրականացվող ինժեներական աշխատանքները որևէ կերպ պայմանավորված չեն սահմանների հետագա գծման հետ: Դրանք  անհրաժեշտ են մեր պաշտպանունակությունը կազմակերպելու համար։ Եթե նորից եղավ ագրեսիա կամ թշնամու զինուժի ներխուժում, ապա, պետք է դրան ամեն կերպ պատրաստ լինենք։

«Մեր հարևանն Ադրբեջանն է՝ որևէ բան թողնել հետոյի վրա կամ հուսալ, որ այս անգամ չեն հարձակվի, կամ մարտական գործողություններ չեն լինի, սխալ է, մենք պետք է պատրաստ լինենք»,- ընդգծեց Արմեն Խաչատրյանը:

Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս