Ծայրաստիճան վատ վիճակում է մեր տրանսպորտը. Քաղաքապետը՝ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածում երթևեկության մասին
Երևանի քաղաքապետ ՀրաչյաՍարգսյանն ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի ճակատագրին:
«Բոլոր քաղաքներում, երբ նոր ենթակառուցվածքներ են սարքում, միշտ խնդիրներ են առաջանում: Հիմա ունենք տրված շինթույլտվություններ, գնահատական չեմ ուզում տալ՝ լավ է, վատ է, բայց, այնուամենայնիվ, այդ շենքերի սպասարկման համար համապատասխան ենթակառուցվածքներ են անհրաժեշտ լինելու՝ նոր ճանապարհներ, որպեսզի կարողանանք երթևեկությունը կազմակերպել»,- ասաց քաղաքապետը:
Նրա փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ շենքեր կան, որ դեռ կառուցվում են: Ինչ վերաբերում է տրանսպորտին, ապա քաղաքապետը հղում կատարելով հանգամանքին, որ առավոտյան բոլորն էլ խցանումների միջով են տեղաշարժվում, շեշտեց, որ ունենք նաև տրանսպորտի խնդիր:
«Ծայրաստիճան վատ վիճակում է մեր տրանսպորտը գտնվում: Կառուցապատողի հետ քննարկումներ ունենք, որպեսզի կարողանանք մուտքեր ապահովել, որ երթևեկությունը ճիշտ կազմակերպվի: Այս պահի դրությամբ խճուղում անվտանգության որևէ խնդիր չկա, որովհետև մի փոքր մասը փակված է, որպեսզի անվտանգությունն ապահովվի: Մի փոքր հատված փակված է, որը մինչև փլուզումն էլ էր փակված»,- նշեց Հրաչյա Սարգսյանը: