Բաժիններ՝

«Սեպտեմբերի 15-ին պետք է պոստից իջներ, գնար համալսարանից դիպլոմը վերցներ»․ 25-ամյա Արա Հովհաննիսյանը զոհվել է Գեղամասարում

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամու  սանձազերծած պատերազմի հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող 25-ամյա Արա Հովհաննիսյանը։

Արան Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղից էր, ընտանիքի միակ որդին, իրենից փոքր 1 քույր ունի։

Զոհված պայմանագրային ծառայողի հայրը՝ Ռուդիկ Հովհաննիսյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ որդին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։ Մեկ տարի սովորելուց հետո 2015 թվականին զորակոչվել էր բանակ, ծառայել էր նախ Լուսակերտում, ապա տեղափոխվել Արցախ՝ Հադրութ։ Զորացրվելուց հետո ուսումը շարունակել էր.

«Ես առողջական խնդիրներ ունեցա, տղաս իմանալով, որ չեմ կարող աշխատել, ուսման վարձը վճարել, փոխեց հեռակա, մտավ որպես պայմանագրային աշխատեց։ Ասաց՝ զուգահեռ կսովորեմ, երբ ավարտեմ, իմ մասնագիտությամբ կաշխատեմ։ 3 տարով պայմանագիր էր կնքել, բայց դա լրացել էր, նորից երկարացրեց, ասաց՝ մինչև դիպլոմս վերցնեմ ու դուրս գամ։ Այս տարի դիպլոմայինը պաշտպանեց, բայց դիպլոմը դեռ չէր հասցրել վերցնել, ասաց՝ դիրքերից իջնեմ, գնամ վերցնեմ․․․»։

Կարդացեք նաև

Արան օգոստոսի վերջին 2 շաբաթը տանն էր անցկացրել, դիրքեր բարձրացել էր սեպտեմբերի 1-ին։

«Սեպտեմբերի 15-ին պետք է իջներ․․․ Պետք է դիպլոմը վերցներ, գործերը դասավորեր, որ իր մասնագիտությամբ աշխատեր, մեր մոտ բանկում պրակտիկայի էր գնում․․․»,- պատմեց զոհված զինծառայողի հայրը։

Արան վերջին անգամ հենց հոր հետ էր խոսել, հասցրել է տանեցիներից հարցուփորձ անել, բայց վատ կապի պատճառով չի շարունակել հեռախոսազրույցը.

«Երեկոյան 9։30-ի սահմաններում էր, որ խոսեցինք, վերջում ասաց՝ դե լավ, պապ, վաղը կխոսենք, կապերը մի քիչ լավ չի։ Դա է եղել մեր վերջի խոսակցությունը։ Մի քանի ժամ հետո կռիվը սկսվեց, Արաս մեր մոտի՝ Գեղամասարի դիրքերն էր պաշտպանում։ Հենց իմացանք՝ կռիվ է, միանգամից զանգեցի, բայց արդեն անհասանելի էր։ Ամբողջ գիշեր դրսում եմ անցկացրել, մեր գյուղում պարզ լսվում էր կրակոցների ձայները․․․»։

Հարազատները օրեր շարունակ փնտրել են Արային, բայց անօգուտ, ոչ հոսպիտալում, ոչ դիահերձարանում նրան չեն գտել։ Արայի մարմինը հարազատներին են փոխանցել նրա զոհվելուց 22 օր անց՝ հոկտեմբերի 6-ին։

«Մենք ծնողներով ԴՆԹ անալիզ էինք տվել, զանգեցին ասացին՝ համընկել է․․․»,- ասաց զոհված պայմանագրային զինծառայողի հայրը։

Արա Հովհաննիսյանը հուղարկավորվել է Ծովակ գյուղի գերեզմանատանը։

Տեսանյութեր

Լրահոս