Հանցավոր և վտանգավոր է Փաշինյանի՝ «Արևելյան Ադրբեջան» ձևակերպումը հենց Հայաստանի համար. Հայկ Դեմոյան

Արդեն մեկ շաբաթ է՝ ադրբեջանական Զինված ուժերն ամենօրյա ռեժիմով կրակ են բացում հայ-ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ շարունակելով օկուպացված պահել 2021 թվականից ի վեր Հայաստանից օկուպացված տարածքները, սակայն դա չի խանգարել Նիկոլ Փաշինյանին այսօր հայտարարել. «Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս պաշտոնապես շրջանառության մեջ է։ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը Նիկոլ Փաշինյանի կողմից արված «Արևելյան Ադրբեջան» ձևակերպումը համարեց պետականության դեմ ուղղված հանցագործություն՝ ընդգծելով.

«Արևելյան Ադրբեջան եզրույթի օգտագործումը մեզ համար ողբերգություն է, որովհետև դա անում է Ադրբեջանը, որտեղ տպվում են գրքեր և քարտեզներ, որտեղ Արևմտյան Ադրբեջան է ներկայացվում մեր այսօրվա Հայաստանը, իսկ Արևելյան՝ այսօրվա Ադրբեջանը։ Օգտագործելով Արևելյան Ադրբեջան եզրույթը՝ Փաշինյանը հաստատում է Ալիևի ասածը, թե մենք ապրում ենք Արևմտյան Ադրբեջանում. սա և՛ տգիտություն է, և՛ հատուկ ծրագիր։ Կրկնում եմ՝ Արևելյան Ադրբեջան ձևակերպումն Ադրբեջանն է օգտագործում՝ այսօրվա Հայաստանի մշակութային արժեքներն իր գրքերում ներկայացնելով՝ որպես իր մյուս մասին պատկանող արժեքներ, այնպես որ՝ Փաշինյանի ասած Արևելյան Ադրբեջան ձևակերպումը վտանգավոր և հանցագործ ձևակերպում է»։

Նշենք, որ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան կապվելու վերաբերյալ Ադրբեջանին ուղղված հրավերի՝ Փաշինյանի թվիթերյան գրառումից ժամեր անց պատասխանեց Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հայտնելով.

Կարդացեք նաև

«Հայաստանը պետք է դադարի պատճառաբանություններ փնտրել՝ խուսափելու «Զանգեզուրի միջանցքը» ճանապարհների/երկաթուղիների հետ կապելու պարտավորությունից՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության: Անիրատեսական տարբերակ առաջարկելը` միաժամանակ անտեսելով 20 ամսվա քննարկումները, լավագույն քաղաքականությունը չէ»։

Հայկ Դեմոյանն անդրադարձավ նաև Փաշինյանի կողմից շրջանառվող մեկ այլ թեզի՝ Խաղաղության դարաշրջանին՝ դա համարելով պարզապես մոլագարություն։

«Մոլագար պետք է լինել, որ 44-օրյա պատերազմից ու Ադրբեջանում հայի նկատմամբ ամեն օր գեներացվող ատելությունից հետո դեռ համարձակվել խոսել խաղաղության մասին. մոլագարություն է, որովհետև հայատյացությունն ու պատերազմն Ալիևի համար ամենացանկալի միջոցն են սեփական իշխանությունն ամրապնդելու և միլիարդավոր գումարներ յուրացնելու համար. հիշեք՝ պատերազմը նաև էկոնոմիկա է»,- ասաց Դեմոյանը։

Նա կոչով դիմեց հայ ժողովրդին խաղաղություն, բայց իրականում պատերազմ բերող թղթով, այսպես կոչված՝ «Խաղաղության պայմանագրով» կերակրող գործող ՀՀ իշխանությանը՝ ասելով.

«Այս իշխանությանը կոչ եմ անում խաղաղության թուղթ ասվածը դնել մի կողմ և Ալիևին հիշեցնել, թե ի՞նչ ճակատագիր ունեցան ադրբեջանական առաջին հանրապետության պարագլուխները, որոնք հայակեր էին ու կազմակերպել էին, օրինակ, Շուշիի կոտորածը։ Ալիևի հետ պետք է խոսել ոչ թե խաղաղության, այլ պատժի լեզվով ու պատժի անհրաժեշտության մասին»,- ասաց Դեմոյանը։

Նա միևնույն ժամանակ ընդգծեց, որ դժվար է խոսել պատժի մասին այն դեպքում, երբ իշխանությունն իրեն լավ է զգում պարտվածի կարգավիճակում։

«Պարտվածի սև դափնիները դուր են գալիս Փաշինյանի իշխանությանը, բայց չէ՞ որ պարտվածի հոգեբանությամբ ապրողն առաջին հերթին դավաճանում է սեփական ազգի բանակը, որը ոչ թե պարտվելու, այլ հաղթելու համար է»,- ասաց նա։

 Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս