Նիկոլ Փաշինյանի դեմարշն ու ռևերանսները

Սեպտեմբերի 12-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական լայնածավալ ագրեսիայից հետո ՀՀ իշխանությունները դիմեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)՝ ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, պայմանագրի 4-րդ հոդվածով՝ Հայաստանի դեմ ագրեսիայի պայմաններում ռազմաքաղաքական աջակցություն ստանալու խնդրանքով։

ՀԱՊԿ-ն, ինչպես կարելի էր սպասել, արձագանքեց ուշացումով, արձագանքեց ոչ առարկայորեն, սոսկ ընդհանուր բնույթի հայտարարությամբ, ինչն արդարացիորեն հարուցեց նաև հայ հասարակության զայրույթը, ակտիվորեն սկսեցին այդ կառույցին Հայաստանի հետագա  անդամակցության նպատակահարմարության մասին քննարկումները, «դո՛ւրս ՀԱՊԿ-ից» կարգախոսը լայնորեն տարածվեց ու տարածվում է երկրում։

ՀԱՊԿ-ն, բացի ոչ առարկայական հայտարարությունից, այդուհանդերձ երկու առաքելություն ուղարկեց Հայաստան, առաջինը՝ ՀԱՊԿ Միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, իսկ երկրորդը ղեկավարում էր արդեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Եթե ՀԱՊԿ-ի առաջին պատվիրակությունը Հայաստանում ընդունվեց հարաբերականորեն համարեժեք մակարդակով, ապա Զասի գլխավորած առաքելությունն ըստ էության արժանացավ ցուցադրական քաղաքական դեմարշի, Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չընդունեց Զասի գլխավորած պատվիրակությանը։

Կարդացեք նաև

Ընդ որում, այդ դեմարշի ցուցադրական բնույթն ընդգծվեց այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը Զասի՝ Երևան ժամանելուց հետո առնվազն մեկուկես օր գտնվում էր Հայաստանում, սակայն այդպես էլ չընդունեց նրան։

Զասի գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել սեպտեմբերի 20-ին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ՝ Նյու Յորք է մեկնել միայն սեպտեմբերի 21-ի օրվա երկրորդ կեսին՝ օրվա առաջին կեսին հասցնելով Եռաբլուրում հավաքված զոհերի ծնողների նկատմամբ բռնություն կիրառելու հրահանգ տալ ու հետևել այդ եղկելի տեսարանին։

Ավելին, հենց սեպտեմբերի 20-ին, թերևս, նույն դեմարշն ընդգծելու նպատակով Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին, որոնք, չնչին բացառություններով, ընդհանուր առմամբ հակառուսական ուժեր են, իսկ այդ օրերին զբաղված էին Երևանում ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով ակցիաներ կազմակերպելով։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը՝ գտնվելով Երևանում, ցուցադրաբար չի ընդունում Զասին և ընդունում է հակաՀԱՊԿ-ական ուժերին՝ ցույց տալով այդ կառույցի նկատմամբ իր վերաբերմունքը։

Խնդիրն ամենևին ՀԱՊԿ-ին արդարացնելը չէ, ինչով անհուսորեն զբաղված են Հայաստանում ռուսական շրջանակները՝ այդպիսով ավելի խորացնելով այդ կառույցում ու դրա շուրջ առկա համակարգային խնդիրները։

ՀԱՊԿ-ում, այո, կան լրջագույն խնդիրներ, այդ թվում ու առաջին հերթին՝ հենց Հայաստանի հանդեպ այդ կառույցի պարտավորությունների հետ կապված։ Այդ խնդիրների մի մասը պայմանավորված է օբյեկտիվ աշխարհաքաղաքական իրողություններով, այդ կառույցում ավելի շատ Ադրբեջանի, քան Հայաստանի դաշնակիցների անդամակցությամբ։ Բայց կան, իհարկե, նաև սուբյեկտիվ գործոններ, ինչպես, օրինակ՝ ՀՀ իշխանության վերաբերմունքը ՀԱՊԿ-ին ու դրա ղեկավարությանը։

Եթե Նիկոլ Փաշինյանի նպատակը լիներ ՀԱՊԿ-ի բոլոր թերությունները հաշվի առնելով, այդուհանդերձ այդ կառույցի իրական կարողությունները Հայաստանի շահերին ծառայեցնելը, ապա նա պետք է առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպեր Զասին, այդ հանդիպման ընթացքում ոչ թե սովորության հանգույն քծներ ռուսական արտաքինով բոլոր մասնակիցներին, այլ ներկայացներ բոլոր իրական խնդիրները,  Հայաստանի իրավունքներն ու պահանջները և փորձեր հասնել դրանց իրականացմանը՝ այն չափով, որ չափով որ թույլ կտային աշխարհաքաղաքական իրողությունները։

Փոխարենը, սակայն, Նիկոլ Փաշինյանը հրապարակային դեմարշով Զասին ուղարկեց զինվորականների հետ հանդիպման։ Այդ դեմարշի արդյունքում նա արժանացավ բազմաթիվ հակառուսների ֆեյսբուքյան լայքերի, վիրտուալ հայրենասերների հորթային հրճվանքի, փոխարենը՝ խորացնելով ՀԱՊԿ-ի/Ռուսաստանի հետ հարաբերություններում նաև իր մեղքով առաջացած ճգնաժամը։

Քաղաքականությունն ընդհանրապես, աշխարհաքաղաքականությունը՝ հատկապես ու մասնավորապես, լրջագույն աշխատանք է, որը, ի տարբերություն պոպուլիզմի, պահանջում է ոչ թե էպատաժային գործողություններ, այլ մտավոր կարողություններ։

Բայց քանի որ ինտելեկտը հակացուցված է Նիկոլ Փաշինյանին, պատերազմական իրավիճակում գտնվող երկիրը նա կառավարում է Խզմալյան և Արզաքանցյան տիգրանների մակարդակով՝ ստանալով հարյուրավոր լայքեր սոցցանցերում և հարյուրավոր զոհեր՝ սահմաններին։

Տեսանյութեր

Լրահոս