«Փյունիկը» կանցկացնի իր առաջին եվրագավաթային հանդիպումը
Կոնֆերենցիաների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության H խմբի առաջին տուրում Երևանի «Փյունիկը» հյուրընկալվելու է Շվեյցարիայի 20-ակի չեմպիոն «Բազելին»։ Սա երևանյան ակումբի պատմության մեջ առաջին անգամն է, որ թիմը կանցկացնի հանդիպում եվրագավաթի խմբային փուլում։
Շվեյցարիայում «Բազելն» անհաջող մեկնարկեց ընթացիկ լիգայի չեմպիոնական տիտղոսի համար պայքարում և տարավ ընդամենը մեկ հաղթանակ՝ հետ մնալով անկման գոտուց միայն չորս միավորով: Նախորդ տուրում թիմն արտագնա խաղում չկարողացավ հաղթել «Սիոնին» (1:3), թեպետ մինչ այդ գոլառատ խաղում կարողացել էր հաղթել «Ցյուրիխին» (4:2):
Ակումբը որակավորման վերջին փուլում հյուրընկալվելիս զիջեց Սոֆիայի ԲԿՄԱ-ին (0:1)։ Ի դեպ, հենց ԲԿՄԱ-ում իր կարիերան կշարունակի հայ ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանը։
«Փյունիկը» նույնպես հինգ տուրում վաստակեց ընդամենը ինը միավոր և Հայաստանի առաջնությունում նահանջեց հինգերորդ տեղ: Ի դեպ, թիմը երկու խաղերն էլ պարտվել է 0։1 հաշվով։
Եվրոպայի լիգայի խմբային փուլի համար պայքարում հայկական թիմը չշրջանցեց «Շերիֆին»՝ վեց հնարավորից կատարելով ընդամենը երկու 11 մետրանոց հարված: Մրցակիցը ևս չփայլեց 11 մետրանոցներ իրականացնելով։ Այսպիսով, թիմն այժմ հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայում։
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նշում է, որ մրցակիցը շատ բարդ է և լուրջ, և հաղթանակի համար պետք է շատ աշխատել։ Մարզչի խոսքով՝ հայկական թիմը, վերլուծելով մրցակցի խաղը, ունի կոնկրետ խաղային պլան։ Մելիքյանը հատկապես շեշտում է, որ թիմը պետք է լինի շատ կարգապահ։
Ինչ վերաբերում է թիմի մարզավիճակին, ապա Մելիքյանը նշում է, որ հոգեբանական տեսանկյունից թիմը կայուն է, լավ վիճակում, իսկ լուրջ վնասվածքներ չկան։ Սակայն, թիմին նոր միացած ֆուտբոլիստները դեռ լիարժեք պատրաստ չեն և դժվար թե մասնակցեն այս հանդիպմանը։
Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա այսօր 23։00-ին։ Խաղի գլխավոր մրցավարն է իսպանացի հայտնի մրցավար Խուան Մարտինես Մունուերան։
Սիրարփի Աղաբաբյան