Իշխանությունները կարող են մտահոգվել, եթե որոշակի պատկերացումներ ունեն այդ հավաքի հնարավոր ծավալների վերաբերյալ. Էդգար Ղազարյան

«Քաղաքապետարանը որոշումը կայացրել է ոչ թե հանրության շահերից ելնելով, այլ բացառապես իշխանությունների ցուցումով: Սա սարսափելի արձանագրում է, որովհետև Սահմանադրությամբ` համայնքը պետական կառավարման համակարգի մաս չի կազմում:

ՏԻՄ-երի կողմից կայացվող որոշումները բացառապես հանրության շահերով պետք է պայմանավորվեն: Փաստորեն, Երևանի քաղաքապետարանն արգելում է երևանցիներին իրենց քաղաքում ուղղակի հավաք կազմակերպել, որպեսզի անհանգստություն չպատճառի ոստիկանությանը»,- նշեց  քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝  անդրադառնալով «Հայաստանի Անկախության Հռչակագրի» ընդունման օրը՝ օգոստոսի 23-ին, Հանրապետության հրապարակում  հանրահավաք անցկացնելու  վերաբերյալ կազմակերպիչների ներկայացրած վայրի նկատմամբ քաղաքապետարանի՝ սահմանափակում կիրառելու որոշմանը:

Նա  իր տեսակետը հիմնավորեց՝ ընդգծելով, որ քաղաքապետարանի կայացրած նման որոշումն անտրամաբանական է՝ հիշեցնելով, որ ոստիկանության խնդիրն է՝ ապահովել բոլոր քաղաքացիների անվտանգությունն առհասարակ:

«Արգելել մեզ, որպեսզի մենք տոնենք մեր պետության անկախության օրը մեր պետության մայրաքաղաքում՝ միայն այն բանի համար, որ որևէ պետական պաշտոնյա, ծառայող նեղություն չկրի. այդ  հիմնավորումը ոչ մի դեպքում չի կարող ընդունելի լինել:

Սա խոսում է շատ վատ բանի մասին, առավել ևս՝ Երևանի քաղաքապետի մասին, որը, բացի նրանից, որ տեղապահն է քաղաքապետի պաշտոնի՝ մինչև իր պատկերացումներով Ավինյանը կդառնա քաղաքապետ, ինքը նաև ԵԽ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի շրջանավարտ է: Այսինք՝ մարդը եվրոպական դպրոցում ուսումնառություն է անցել, որտեղ սովորել է մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն, իրական ժողովրդավարություն, Տեղական ինքնակառավարման ազատություն,  և պաշտոնավարման շրջանում որոշում է կայացնում ոստիկանության տված անմիտ տեղեկանքի հիման վրա»,- մանրամասնեց քաղաքական գործիչը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հավաքի առնչությամբ իշխանությունների մտահոգությունը, Էդգար Ղազարյանը պատասխանեց.

«Ես, ճիշտն ասած, շատ ոգևորված եմ այդ մտահոգությունից, որովհետև՝ նրանք ե՞րբ կարող էին մտահոգվել. երբ օպերատիվ տեղեկություններով որոշակի պատկերացումներ ունեն այդ հավաքի հնարավոր ծավալների վերաբերյալ: Եթե նրանք իմանային՝ մի 10-20 հոգով են հավաքվում մի տեղ, որևէ խնդիր չէին ստեղծի»:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Երևանի քաղաքապետարանում հանրահավաք անցկացնելու իրազեկման թեմայի շուրջ քննարկում էր անցկացվել, որին՝ միջոցառման նախաձեռնողներից զատ՝ մասնակցել են նաև քաղաքապետարանի և ոստիկանության ներկայացուցիչները։ Կազմակերպիչներին առաջարկվել է նշված օրը «Հայաստանի Անկախության Հռչակագրի» ընդունման օրվան նվիրված հանրահավաքը  Հանրապետության հրապարակում անցկացնելու փոխարեն՝ անցկացնել Շահումյանի անվան հրապարակում:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս