Հանձնվող պետությանը ոչ ոք չի հարգում. մենք մասնակցում ենք էթնիկ զտման հանցագործությանը․ Տարոն Սիմոնյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանն է:
- Հանձնվող պետությանը ոչ ոք չի հարգում:
- Մեղքը մեր մեջ է, մենք հանձնվելով ենք պարտվել, որը ներելի չէ:
- Պարտված պետությանը խղճում են, պետությունը պետք է խեղճ չլինի, վերականգնվելու ելքը մեկն է՝ զարգացնել պետական ինստիտուտները, անվտանգային սեկտորը, բանակը:
- Կառավարելու քաոսը, պառակտված հասարակությունը, քաղաքական գործիչների միմյանց նկատմամբ ատելությունը չի նպաստում արտաքին թշնամուն դիմակայելուն:
- Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը առոչինչ է, ոչ իրավաչափ՝ թե ներպետական օրենսդրությամբ, և թե միջազգային կոնվենցիաներով: Ազգային օրենսդրությամբ փաստաթուղթը պարտադիր վավերացման ենթակա է, եթե չի վավերացվել, այն իրավական ուժ չունի:
- Նոյեմբերի 9-ի հայտարարությունը փաստի ուժով է կիրառվում:
- Մենք պետք է պաշտպանենք ֆունդամենտալ իրավունքը, դրանցից մեկն էլ էթնիկ զտման արգելքն է, և մենք մասնակցում ենք մարդու իրավունքների կոպտագույն խախտմանը՝ էթնիկ զտման հանցագործությանը:
- Մենք պաշտոնատար անձանց կոմպետենտության խնդիր ունենք:
- Մեր խնդիրն է, որ պաշտոնատար անձինք խուսափում են խորհրդակցել օբյեկտիվ փորձագետների հետ. Խորհրդակցում են միայն նրանց հետ, ովքեր իրենց համար հաճելի բան են ասում:
- Ամբողջ աշխարհում քաոսն աճում է, մեր ճանաչած աշխարհը բուռն փոփոխությունների փուլում է, և հայտնի չէ, թե երբ կավարտվի, բայց այնտեղ, որտեղ կան կայացած ինստիտուտներ, բնակչության մեջ քաոսի զգացողությունը քիչ է, իսկ որտեղ չկան կայացած ինստիտուտներ, ինչպես մեր երկրում, քաոսը կառավարելի է լինում:
- Կառավարելի քաոսը միշտ կոնկրետ նպատակ է ունենում՝ բարձրացնել տագնապի զգացողությունը:
- Կառավարելի քաոսի թիրախ են դառնում բարոյականության նորմերը:
- Պետք է հասարակության ներսում բարձրացնել պետական, մարդկանց համախմբող ինստիտուտների դերն ու նշանակությունը, ոչ թե անընդհատ տագնապի մասին խոսելով, այլ պարզապես զգոնության կոչեր անելով:
- Շատ կարևոր է տեղեկատվական անվտանգության հայեցակարգ ունենալը՝ հստակ ռազմավարությամբ և մարտավարությամբ. Ժամանակին մենք ունեինք նման հայեցակարգ:
- Տեղեկատվական անվտանգության հայեցակարգն անհրաժեշտ է նաև պետության ղեկը ստանձնած քաղաքական իշխանության համար: Միևնույն ժամանակ չափազանց կարևոր է, որ պահպանվի ոչ միայն հայեցակարգի գրվածքը, այլ նաև ոգին:
- Երբ երկիրը բանակցում է հակառակորդի հետ, և խոսակցությունն էլ լարված է, շատ կարևոր է, որ տվյալ երկրի ղեկավարը կտրուկ հայտարարություններով հանդես չգա, զգուշանա դրանից, ներքաղաքական գործոնների պատճառով պետք չէ արտաքին քաղաքական բնագավառում հայտարարություններ անել, այն, ինչին գնաց հայկական կողմը:
- Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, Արտաքին գործերի նախարարի արտահայտած յուրաքանչյուր բառ վերաբերելի է պետությանը, դա դիտվում է՝ որպես պետության դիրքորոշում: Հետագայում դրա տակից դուրս գալը չափազանց դժվար է, մեծ բեռ սերունդների համար՝ ապացուցելու, որ դա պարզապես մեկ-երկու անհատի խոսք է եղել:
- Մենք տեղեկություն ունենք մոտ 300 անհետ կորած անձանց մասին, տեղեկությունը հստակ փաստերով ներկայացրել ենք ՄԻԵԴ-ին:
- Միջազգային ատյաններում խնդիրն ու փաստերը մենք պետք է այնպես ներկայացնենք, որ միջազգային գործընկերները ճիշտ կարողանան գնահատել դրանք և ոչ այնպես, ինչպես ներկայացնում է Ալիևն ու ադրբեջանական կողմը:
- Պարտվող կողմի մեկնաբանությունները ոչ ոք չի լսում:
- Այս իշխանություններին հատուկ է իներցիոն վարքագիծը՝ ոչինչ չանել ու սպասել իրադարձությունների զարգացմանը: Եթե դրական զարգացումներ լինեն՝ «մեզ կվերագրենք, եթե բացասական՝ կվերագրենք ուրիշներին, արտաքին ուժերին, մեր քաղաքական հակառակորդներին»:
- Արդեն մի քանի տասնամյակ մեր երկրում «անչափահաս քաղաքականության» դրսևորում կա:
- Միջազգային կոնվենցիաներով մենք ունենք Ադրբեջանի և Թուրքիայի դեմ դատական գործընթաց սկսելու հիմքեր, որը կարող էինք որպես ազդեցության լծակ օգտագործել թշնամու դեմ, իսկ այսօր մենք ոչ մի լծակ չունենք, բացի նրանից, որ Խրիմյան Հայրիկի նման գնում, լացի լեզվով ենք խոսում:
- Մեր երկրի բոլոր ժամանակների իշխանությունները 30 տարվա ընթացքում իրավական գործիքները երկրորդական պլան են մղել, մինչդեռ ադրբեջանական կողմը դրանք մեծ արդյունավետությամբ օգտագործում է:
- Հեյդար Ալիևն ասում էր՝ եթե հայերը տարածքներ են վերցրել, ոչինչ, բայց մենք չպետք է հրաժարվենք այդ տարածքների իրավունքից:
- Այսօր աշխատացնում են օվերտոնի պատուհանի էֆեկտը, այնքան են բացում պատուհանը, մինչև հասարակությունը սովորի դրան:
- Ի՞նչ ասել է՝ խաղաղության դարաշրջան: Արձանագրված պատմության 5000 տարիների ընթացքում ոչ մի տարածաշրջանում, հատկապես Մերձավոր Արևելքում, խաղաղություն երբեք չի եղել:
- Խաղաղության մասին խոսելը դիվանագիտական հնարք է: «Խաղաղություն» բառը ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին պետք է օգտագործել, և ոչ թե՝ հասարակությանը թմրեցնելու նպատակով:
- Եթե փորձում ես խոսելով հասարակությանը պահել երկրում, պետք է վստահություն լինի քո հանդեպ:
- Մենք պետք է վստահություն ունենանք, որ բանակցող թիմը կոմպետենտ է, լավ գիտի Թուրքիայի դիվանագիտության պատմությունը՝ հակառակորդին համոզելու, խաբելու հնարամտությունը:
- Խաղապահի, խաղաղարարի, խաղաղություն պարտադրողի գործառույթները և մանդատը տարբեր են: Խաղաղապահի մանդատ պետք է լինի, մեր դեպքում հստակ գործառույթներով ձևակերպված մանդատ չկա:
- Մենք մեզ չենք ճանաչում, ապրում ենք պատրանքներով և ուզում ենք, որ այդ պատրանքներն իրականություն դառնան:
- Այս իշխանությունների սնուցման աղբյուրը «նախկիններ» արտահայտությունն է, քանի դեռ աղբյուրն ակտիվ է, իշխանությունները միշտ մնալու են:
- Մենք ստեղծեցինք Հայաստանի Հանրապետություն, բայց չստեղծեցինք հայ անհատին, քաղաքացուն, մենք պետք է ստեղծենք հայ անհատին, բայց օրվա խնդիրները լուծելուն զուգահեռ: