Աշխատանքի տոնավաճառ՝ FemInno միջազգային համաժողովի շրջանակներում. ավելի քան 12 ընկերություններ ներկայացնում են իրենց թափուր հաստիքները
Հայաստանում անցկացվող FemInno կանանց նորարարական միջազգային երկօրյա համաժողովին ներկայացված է աշխատանքի տոնավաճառ։ Ավելի քան 12 ընկերություններ ներկայացնում են իրենց մոտ առկա թափուր հաստիքներն՝ ակնկալելով ներգրավել իգական սեռի նոր տաղանդներ։
ZEVIT ընկերության որակի ապահովման մասնագետ Սրբուհի Չալիկյանն ընդգծեց, որ իրենց ընկերության գաղափարախոսությունը միտված է բոլորի իրավունքների հավասարությանը։ Պատմում է՝ իրենց ընկերության հիմնադիր Սոնա Մնացականյանը ոչ մի առիթ բաց չէր թողնում՝ խոսելու այն մասին, որ կանայք և տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ։
«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ընկերությունում բալանսավորենք տղաներին և աղջիկներին։ Նույնիսկ ուրախանում ենք, որ աղջիկ տաղանդների ենք ներգրավում, բայց դա չի նշանակում, որ խտրականություն ենք անում։ Ուրախ ենք, որ ՏՏ և գիտության ոլորտներում կանանց հետաքրքրվածությունը բավական մեծ է»,- նշեց Չալիկյանը։
Humanize ընկերության մարքեթինգի մենեջեր Լիլիթ Բրոյանը շեշտեց՝ իրենց ընկերության քաղաքականությունն է աշխատանքի ընդունման պրոցեսում բացառել բոլոր տեսակի խտրական մոտեցումները։ Աշխատանքի ընդունելիս հիմնվում են բացառապես անձի հմտությունների վրա։ Ընկերությունում աշխատում են հավասար քանակով իգական և արական սեռի ներկայացուցիչներ։ Բրոյանի խոսքով՝ համաժողովի շրջանակներում աղջիկների և կանանց հետաքրքրվածությունն իրենց ընկերության, և ընդհանրապես՝ ոլորտի հանդեպ, ընդգծվում է։
PMI գիտահետազոտական կենտրոնի մարդկային ռեսուրսների ներգրավման բաժնից Սոնա Գրիգորյանը նկատեց, որ ունեն ազատ հաստիքներ, որոնց համար նախապատվությունը տալիս են կանանց։
«Ոլորտը տղամարդակենտրոն է, բալանսը պահելու համար աշխատանքի ընդունելիս նախապատվությունը տալիս ենք կանանց։ Վերջին տարիներին աշխատանքային շուկայում առկա խտրական մոտեցումը նվազել է, սակայն որոշ ոլորտներում այն շարունակում է մնալ ընդգծված»,-ասաց նա:
Team Telecom Armenia ընկերության աշխատակազմի համալրման և պահպանման թիմից Անուշ Զորանյանի խոսքով՝ լինելով տեխնիկական ուղղվածության ընկերություն՝ իրենց մոտ գերակշռում են տղամարդ աշխատակիցները։ Սակայն, մեկտեղ վստահեցրեց՝ տաղանդներ ներգրավելիս խտրական վերաբերմունքը բացառված է։ Մարդկանց հավասարությունը ընկերության կորպորատիվ մշակույթի մասն է։
«Թափուր հաստիքների հանդեպ հետաքրքրվածությունը կանանց շրջանակում մեծ է։ Ողջունելի է, որ IT նեղ մասնագիտական ոլորտներով հետաքրքրված իգական սեռի ներկայացուցիչներ ունենք»,- ասաց նա։
Հայաստանում հուլիսի 30-31-ն առաջին անգամ անցկացվում է FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովը, որի ընթացքում ամփոփվելու են ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանցի կանանց ու աղջիկների ստեղծած ստարտափների մրցույթի արդյունքները։
Համաժողովի գլխավոր նպատակներն են՝ բիզնեսի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կանանց գնահատելը, ներկայացնելն ու հզորացնելը, կրթության թիրախավորումը՝ որպես հիմնական ուղի, տարբերության և ներառականության խթանումը վաղ տարիքից, խոցելի խմբերի հզորացումը և որակավորումը, աշխատանքի և ցանցային հնարավորությունների ստեղծումը: