Անատոլի Այվազովը խզել են աշխատանքային պայմանագիրը
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և դարպասապահ Անատոլի Այվազովը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Այվազովն «Ուրարտու» էր տեղափոխվել 2018/19 մրցաշրջանում։ Այս ընթացքում ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 40 պաշտոնական հանդիպման։
Անատոլի Այվազովը ծնվել է 1996 թվականի հունիսի 8-ին Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում։ Այվազովը Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի սան է, հենց այդ թիմից էլ առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքական։
2014 թվականին Այվազովը պայմանագիր է ստորագրել «Փյունիկ»-ի հետ ու տեղափոխվել Հայաստան։ 18 տարեկանում Այվազովը դարձել է «Փյունիկ»-ի հիմնական դարպասապահը ու հենց առաջին մրցաշրջանում էլ իր թիմի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն, գավաթակիր, հետագայում էլ՝ սուպերգավաթակիր։
«Փյունիկ»-ի կազմում ևս մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո 2016/17 մրցաշրջանում Այվազովն արդեն Գյումրիի «Շիրակի» դարպասապահն էր։ Գյումրեցիների կազմում անցկացնելով երկու մրցաշրջան նա ևս մեկ անգամ հռչակվում է երկրի գավաթակիր ու սուպերգավաթակիր։
Այդ ընթացքում Այվազովը պարբերաբար հրավիրվում էր Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներ։
20 տարեկանում Անատոլի Այվազովն առաջին անգամ հրավիրվում է Հայաստանի ազգային հավաքական, որը պատրաստվում էր ստուգողական հանդիպումներ անցկացնել ԱՄՆ-ում Գվատեմալայի և Էլ Սալվադորի հավաքականների հետ։
Դարպասապահն ազգային ընտրանու կազմում դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել, բոլոր դեպքերում եղել է պահեստայինների թվում։
Այվազովը «Ուրարտու» է տեղափոխվել 2018 թվականի հունիսին։ Պաշտոնական առաջին հանդիպումն անցկացրել է 2018 թվականի օգոստոսի 4-ին, երբ «Ուրարտուն» Հայաստանի բարձրագույն խմբի 27-րդ առաջնության անդրանիկ տուրում սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Գյումրիի «Շիրակի» հետ։