«Քոփփեռ» ՍՊԸ-ն կրկին փորձում է թունավոր արտանետմամբ մետաղաձուլարան կառուցելու թույլտվություն ստանալ․ Ավանի բնակիչները պատրաստվում են պայքարի
«Քոփփեռ» ՍՊԸ-ն կրկին փորձում է թույլտվություն ստանալ Աճառյան 2 փակուղի հասցեում կառուցելու թունավոր արտանետմամբ մետաղաձուլարան, որտեղ ջարդոններից ստանալու են մետաղական ալյումին և պղինձ, ինչպես նաև բրոնզի ու լատունի ձուլվածքներ: Նախնական արտադրական հզորությունը նախատեսված է 900 տոննա տարեկան, պլանավորվում է ծավալները տարեցտարի մեծացնել։
Մետաղաձուլարանի արտանետումներն էապես սպառնում են Ավան վարչական շրջանի և շրջակա տարածքների էկոլոգիային և բնակչության առողջությանը։
Ընկերությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել նախատեսվող ձուլման տեղամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման նոր հայտ, որի երկրորդ հանրային քննարկումը նշանակված է ս.թ. հուլիսի 28-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում:
Ընկերության առաջին հայտը Երևանի քաղաքապետարանը մերժել էր՝ հաշվի առնելով Երևանի քաղաքապետարան ուղղված Ավան վարչական շրջանի բնակիչների բողոքները, հանրային լսման ժամանակ մասնակիցների կողմից արտահայտված ընդհանուր դժգոհությունը և բացասական կարծիքները: Այս նոր՝ երկրորդ հայտում ընկերությունը որոշակի փոփոխություններ է կատարել, սակայն շրջակա միջավայրին և բնակչությանը սպառնացող վտանգն ու սպառնալիքները դրանից ամենևին չեն նվազել։
Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր թաղամասի 10 հազարից ավել բնակիչները դեմ են իրենցից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա մետադաձուլարան կառուցելուն, և նրանց ներկայացնող «Նորավան», «Ավան 2» և մյուս բոլոր համատիրությունները պատրաստվում են վերջիններիս բողոքը, դժգոհությունը և անհամաձայնությունը բարձրաձայնել վաղը՝ հուլիսի 28-ին տեղի ունենալիք հանրային լսումների ժամանակ այն հույսով, որ պատկան մարմինները կմերժեն և թույլ չեն տա թունավոր արտանետումներով արտադրամասի կառուցումը բնակելի շրջանի տարածքում։
Բնակիչները վստահեցնում են, որ իրենց իրավունքների պաշտպանության և շրջակա միջավայրի աղտոտումն ու թունավորումը կասեցելու հարցում վճռական են և պատրաստ պայքարի։