Աստղաձորում տեղադրվել է Արցախյան վերջին պատերազմում հերոսացած զինծառայողների անունները հավերժացնող հուշաքար
Գեղարքունիքի մարզի Մարտունու խոշորացված համայնքի Աստղաձոր գյուղի կենտրոնական մասում տեղադրվել է Արցախյան վերջին պատերազմում զոհված չորս զինծառայողների ՝ Անդրանիկ Նավոյանի, Վահե Աբրոյանի, Արման Պողոսյանի եւ Արթուր Գեւորգյանի անուները հավերժացնող հուշաքարը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, հուշաքարի բացման արարողությանը մասնակցել են Մարտունու համայնքապետարանի աշխատակիցներ, Աստղաձորի վարչական ղեկավար Մխիթար Ալեքսանյանը, Աստղաձորի միջնակարգ դպրոցի ուսուցիչներ, զոհված զինծառայողների ծնողները եւ հարազատները։ Բացման խոսքով հանդես է եկել Աստղաձորի միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Անդրանիկ Մինասյանը։ Նա փառաբանել է իր նախկին սաներին, ովքեր իրենց կյանքի ու արյան գնով փրկեցին հայրենիքը՝ մինչեւ վերջ մաքառելով թշնամիների դեմ։ «Մենք գլուխ ենք խոնարհում այս հերոս տղաների սուրբ հիշատակի առաջ։ Նրանք ուսման առաջավորներ էին, խոհեմ ու խելացի տղաներ, իսկ այսօր արդեն դարձել են անմահ հերոսներ, որոնց անուններն արդեն հավերժանում են սերունդների հիշողության մեջ»,-նշել է Անդրանիկ Մինասյանը։
Հուշաքարի տեղադրման եւ տարածքի բարեկարգման աշխատանքների կատարման հովանավորությունը եւ նախաձեռնությունը պատկանում է ծնունդով Աստղաձոր գյուղից, ռուսաստանաբնակ Արամ եւ Արմեն Ավետիսյաններին, որոնց տարբեր աշխատանքներով աջակցել են նաեւ գյուղի բնակիչները եւ վարչակազմը՝ Մխիթար Ալեքսանյանի գլխավորությամբ:
Խոսրով Խլղաթյան