Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած գեներալների մտահոգությունն ու հոտնկայս ողջույնը

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին: 

ՀՀ կառավարության պաշտոնական կայքի տարածած լուսանկարները, որտեղ գեներալիտետը հոտնկայս դիմավորում, այնուհետ ճանապարհում է Նիկոլ Փաշինյանին, սոցցանցային հարթակում դարձյալ քննադատությունների է արժանացել:

Այդ քննադատությունները, թերևս, հասկանալի են և արդարացված՝ հաշվի առնելով պատերազմից հետո բանակի և գեներալների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության վերաբերմունքը, երբ, օրինակ, պարտության բեռը փորձ է արվում ամեն կերպ բարդել բանակի վրա, կամ՝ բանակը վարկաբեկող տարբեր հայտարարություններ, այդ թվում՝ գեներալներին հասցեագրված՝ պատերազմի տրամաբանության մեջ և դրանից դուրս:

Օրինակ, վերջերս էլ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ՝ «շատ բարդ է մեկ նախարարության ներսում տարբեր զինվորականների՝ սպաների, գնդապետների ու գեներալների հագուստի վրա կարդալ՝ «Պաշտպանության նախարարություն», «Գլխավոր շտաբ…»:

Այս արտահայտությունը գուցե ոմանց չնչին բան թվա, փորձեն այն դիտարկել բանակում իրականացվող բարեփոխումների համատեքստում, երբ ԳՇ-ն և ՊՆ դառնում են միաձույլ կառույց, բայց առնվազն տարօրինակ է պաշտպանական գերատեսչության ղեկավարից նման արտահայտություն լսելը:

Նշենք, որ այսօրվա արարողությանը ներկա էին նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության տակ ստորագրած գեներալներ, որոնք դեռ շարունակում են իրենց ծառայությունը: Հիշեցնենք, որ այդ հայտարարության տակ ստորագրել էր նաև ԳՇ նորանշանակ պետ Էդվարդ Ասրյանը։

Ի դեպ, լուսանկարներում կարելի էր նկատել որոշակի մտահոգություն և՛ Նիկոլ Փաշինյանի ու Սուրեն Պապիկյանի հայացքներում, և՛ որոշ գեներալների:

Բնական է՝ միջոցառման միայն թույլատրելի հատվածն է հրապարակվել, հնարավոր է՝ փակ հանդիպում է եղել, որտեղ քննարկվել են ՀՀ անվտանգային խնդիրները և տարածաշրջանում անվտանգային մարտահրավերները: Ի վերջո, նոր պատերազմը ոչ ոք չի կարող բացառել ինչ-որ պահի:

Այս համատեքստում նշենք, որ Նիկոլ Փաշինյանը բաց հանդիպմանը զգուշացրել է, որ Գլխավոր շտաբի պետն այսուհետ՝ օրենքի ուժի մեջ մտնելու պահից, նաև Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է լինելու՝ դրանից բխող հետևանքներով:

Իսկ ԳՇ-ն, ըստ էության, օպերատիվ կառավարման մարմին է:

Նշենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Էդվարդ Ասրյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետն էր:

Տեսանյութեր

Լրահոս