«Հերթական ուսապարկն է, ասել են` դիմի դատարան, դիմել է». Իշխան Սաղաթելյանը՝ Երևանի քաղաքապետի՝ իրեն դատի տալու մասին. News.am

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը News.am-ի հետ զրույցում անդրադարձել է Երևանի քաղաքապետի՝ իրեն դատի տալու հանգամանքին:

«Հերթական ուսապարկն է էլի, ասել են` դիմի դատարան, դիմել է: Ինձ համար ակնհայտ է, որ իրենք ժողովրդի դիմադրությունը կոտրելու, մեզ հետապնդելու, հայ մարդուն սպանելու, մարդկանց բանտարկելու համար թուրքերից խրախուսանքի եւ պարգեւավճարի են արժանանում, բայց իրենց կողմից այլեւս որեւէ քայլ ու գործողություն ոչ զարմացնում է, ոչ էլ զայրացնում է»,- ասել է Սաղաթելյանը, ապա հավելել.

«Մի գործ ավել, մի գործ պակաս, ընդհանրապես որեւէ ձեւով մեզ չեն կարող իրենց ապօրինի քայլերով եւ գործողություններով հետ պահեն, կամ ինչ-որ մի ձեւ կաշկանդեն, բացառվում է: Ինչ կարող են՝ թող անեն, բայց թող հիշեն, որ պատասխան են տալու»:

Սաղաթելյանը նշել է նաև՝ որ օրը, որ հրապարակում, որ ժամի պետք լինի, հանրահավաք են անելու:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետը դիմել է դատարան Իշխան Սաղաթելյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Ըստ հայցադիմումի` Իշխան Սաղաթելյանը առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք է անցկացրել:

Տեսանյութեր

Լրահոս