Դպրոցն ավելի օբյեկտիվ է գնահատում, քան նախարարությունը
2018թ.-ի հեղափոխությունից հետո կրթության ոլորտում հայտարարված առաջին փոփոխություններից մեկն այն էր, որ 9-րդ և 12-րդ դասարանի աշակերտները պետք է կենտրոնացված քննություններ հանձնեն։ Այդ փոփոխության նպատակն այն էր, որ պատասխանատվության ենթարկվեն այն ուսուցիչները և տնօրենները, որոնց աշակերտները ցածր արդյունք են ցուցաբերում։
Նախարարության այս նպատակն այնքան էլ լավ չընդունվեց դպրոցների կողմից, քանի որ այն դիտարկվեց՝ որպես պատժիչ նախաձեռնություն։ Բայց հասկանալի պատճառներով, գրեթե բոլորը ողջունեցին այս նախաձեռնությունը։
Ի վերջո, որոշվեց 2019թ. կենտրոնացված քննությունն անցկացնել միայն 9-րդ դասարանում` Հայոց լեզու առարկայից։ Թվում էր, թե նախարարությունը բավական լուրջ կպատրաստվի քննություններին և դրանք կանցկացնի բարձր մակարդակով։ Բանն այն է, որ քննությունները կենտրոնացված անցկացնելու որոշմամբ նախարարությունը, ըստ էության, բացահայտ հայտարարեց, որ չի վստահում դպրոցների անցկացրած քննությունների օբյեկտիվությանը և ինքն է ցանկանում անցկացնել դրանք։
Բայց այն ամենը, ինչ տեղի ունեցավ Հայոց լեզվի քննության ժամանակ, շոկային էր։ Բազմաթիվ քննական կենտրոններում աշակերտներին օգնել էին, տեղի էին ունեցել արտագրության զանգվածային դեպքեր։ Արդյունքում՝ ունեցանք հետևյալ պատկերը։ Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2018թ. դպրոցներում անցկացրած Հայոց լեզվի քննությունից (փոխադրություն) աշակերտների միջին միավորը 12.69 էր 20 միավորանոց սանդղակով։ 2019թ. կենտրոնացված քննության ժամանակ միջին միավորը 12.17 էր։
Այսինքն՝ տարբերությունը շատ մեծ չէր։ Թեև ակնհայտ էր, որ օբյեկտիվ քննություններ անցկացնելու դեպքում աշակերտների առնվազն 20%-ը պետք է անբավարար ստանար, բայց անբավարար ստացավ մասնակիցների ընդամենը 5.4 %-ը։ Կենտրոնացված քննությունների անցկացման գործընթացը գնալով ավելի վատթարացավ։ Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալների համաձայն՝ 2021թ.-ին անցկացված Հայոց լեզվի կենտրոնացված քննության միջին թվանշանը 13.66 էր։ Անբավարար էր ստացել աշակերտների ընդամենը 0.2%-ը, ինչն ավելի քիչ էր, քան դպրոցներում անցկացված այլ առարկաներից կտրված աշակերտների թիվը։ Համեմատության համար նշեմ, որ 2021թ.-ին դպրոցներում անցկացված Հայոց պատմություն առարկայի բանավոր քննության միջին թվանշանը 13.14 էր։ Ստացվում է՝ դպրոցներն ավելի խիստ են քննություն անցկացնում, քան նախարարությունը։
Ցավոք, այս արդյունքները քննարկման առարկա չդարձան։ Ինչպե՞ս է ստացվում, որ 2018թ. դպրոցներում անցկացված Հայոց լեզվի միջին գնահատականը 12.69 էր, իսկ 2021թ. անցկացված կենտրոնացված քննության միջին թվանշանը՝ 13.66։ Արդյո՞ք Հայոց լեզվի ուսուցման որակը շեշտակի աճել է վերջին 4 տարում։ Այս արդյունքները ոչ միայն չքննարկվեցին, այլև որոշվեց նաև Մաթեմատիկա առարկան ներառել կենտրոնացված քննությունների ցանկում։ Շատերը սա օգտագործեցին՝ աշակերտներին մասնավոր պարապմունքների մղելու համար։ Հազարավոր աշակերտներ վերջին ամիսներին վճարովի պարապում էին իրենց Մաթեմատիկայի ուսուցչի կամ այլ ուսուցչի մոտ։ Վերջին ամիսներին սովորական դպրոցում դասավանդող Մաթեմատիկայի մի քանի ուսուցչի ուղղել եմ հետևյալ հարցը. «Եթե կենտրոնացված քննությունների ընթացքը խիստ վերահսկվի, ձեր աշակերտների քանի՞ տոկոսն անբավարար կստանա»։ Ուսուցիչների մեծ մասը նշում էր 60-75%-ը պատասխանը։
Բայց արդյունքներն այլ եղան։ Գյուղական փոքրիկ մի դպրոցի Մաթեմատիկայի ուսուցիչը քննությունից հետո շատ ուրախ էր, քանի որ 9-րդ դասարանի բոլոր 3 աշակերտները 17 էին ստացել։ Սոցիալական ցանցերում մի շարք դպրոցներ հրապարակեցին իրենց աշակերտների ցուցանիշները, որոնք բավականին բարձր էին։ Աշակերտների շատ մեծ մաս ստացել էր 15-17, ինչը Մաթեմատիկայի համար ֆենոմենալ արդյունք է։ 17 էր ստացել նաև մեր բակի տղաներից մեկը, որին դպրոցում կիսամյակային թվանշանը մի կերպ 4 էին նշանակել։
Հիմա եկեք պատկերացնենք, թե ինչ է մտածում Մաթեմատիկա չիմացող, բայց քննությունից 17 ստացող երեխան մեր պետության, կառավարության և կրթության մասին։ Նա մտածում է, որ այս երկրում 9 տարի չսովորելուց հետո, հնարավոր է նախարարության մակարդակով կազմակերպված քննության ժամանակ ստանալ 17։
Այսպես մտածում են շատերը։ Նաև այն երեխաները, որոնք ազնիվ են եղել և չեն արտագրել։ Այս մտածողությունը զրոյացնում է նախարարության բոլոր բարեփոխումները։ Ի վերջո, ո՞ւմ է հետաքրքիր Հանրակրթության մասին օրենքը, Կրթության զարգացման պետական ծրագիրը և մնացած փաստաթղթերը։ Բոլորը կրթությունն ընկալում են իրականության մեջ տեղի ունեցող զարգացումներով։ Գրեք գեղեցիկ նախադասություններ չափորոշիչներում, բայց մարդը ոչինչ չիմանալով՝ 17 ստացավ։ Վերջ։
Ավելին, այս ամենի մասին քար լռություն է։ Նախարարության կայքում ոչ մի հաղորդագրություն չկա 9-րդ դասարանի կենտրոնացված քննությունների մասին։ Օրինակ՝ կա տեղեկություն օրդինատուրային անվճար տեղերի մասին, բայց չկա ոչինչ Հայաստանում անցկացվող ամենամասշտաբային քննությունների մասին։
Ծնողները հսկայական գումարներ ծախսեցին մասնավոր պարապմունքների վրա, գյուղերի երեխաների ծնողները շոշափելի գումարներ ծախսեցին տրանսպորտի վրա։ Գումարած երեխաների՝ ճանապարհի վրա ծախսած ժամանակը։
Ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանը մի առիթով նշել է, որ մարդն ամենահեշտը հիմարացնում է ինքն իրեն։ Ֆեյնմանը ճիշտ է, քանի որ մեծ խաբեություն է տեղի ունեցել, իսկ մենք լուռ ու հանգիստ ենք։ Ավելին, բոլորը գոհ են։ Աշակերտները ստանում են բարձր թվանշաններ, ինչից գոհ են ոչ միայն աշակերտները, ծնողները, այլև տնօրենները։ Ուսուցիչները նույնպես գոհ են, քանի որ էապես ավելացել է մասնավոր պարապողների թիվը։ Նախարարությանը նույնպես բավարարում են այս արդյունքները։ Պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե աշակերտների 50-60%-ն անբավարար ստանար։