Ինչո՞ւ է Չավուշօղլուն իր պաշտպանության տակ առել ՀՀ իշխանություններին

Թուրքիայի իշխանությունները շարունակում են իրենց «հովանու տակ պահել» ՀՀ իշխանություններին՝ քննադատելով հայկական սփյուռքին ու ընդդիմությանը: Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ավստրիայի իր գործընկեր Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպմանը մի շարք ուշագրավ դիտարկումներով էր հանդես եկել: Նա նշել էր.

  • Թուրքիան ցանկանում է, որ հայ-թուրքական գործընթացը շարունակվի փուլ առ փուլ:
  • Թուրքիան «բոլոր փուլերում խորհրդակցում է և կոորդինացնում է իր գործողություններն Ադրբեջանի հետ»:
  • Անկարան պաշտպանում է հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացումը, պետք է բացել «Զանգեզուրյան միջանցքը», որը պետք է ստեղծվի Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնությունների հիման վրա, ինչպես նաև իրականացնել տրանսպորտային այլ ծրագրեր, որովհետև ուկրաինական պատերազմից հետո այս միջանցքը դարձավ ռազմավարական նշանակության:
  • Երևանն առայժմ պատրաստ չէ անցկացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների հերթական փուլերը:
  • Հայաստանում որոշ շրջանակներ չեն ցանկանում, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, և ճնշում են գործադրում Երևանի վրա, ինչն էլ խոչընդոտ է հանդիսանում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործում: Ճնշումը թույլ չի տալիս Երևանին համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ: Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության: Տարածաշրջանը երկարատև խաղաղության կարիք ունի:
  • Հայկական սփյուռքը բաժանված է երկու մասի. մի մասը կտրականապես չի ցանկանում աջակցել կարգավորման գործընթացին, մյուս մասն աջակցում է։
  • Հայաստանում որոշ ուժեր հարձակվում են վարչապետի տան վրա, փողոցային գործողություններ են իրականացնում, լուրջ ճնշումներ գործադրում, և դա լուրջ խոչընդոտ է ստեղծում Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում»։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ «Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար, և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։ Ի վերջո, կողմերը կրկին ընդգծել են իրենց պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների»,- ասված էր հաղորդագրությունում:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ թուրքական քաղաքականությունը ռեգիոնում ամենաբարդերից ու ճկուններից է, որը որևէ մեկը չի կարող հերքել:

Ըստ նրա, Թուրքիան իր ներկայիս ղեկավարությամբ կարողանում է միջազգային թատերաբեմում ամենաճկուն քաղաքականություններից մեկը վարել սեփական երկրի արտաքին քաղաքականության համար, թեև ոմանք դա համարում են արկածախնդրություն, այդ թվում՝ Թուրքիայի ներսում:

«Սակայն 44-օրյա պատերազմով Թուրքիան ու Ադրբեջանը, իհարկե, բարձրացրել են իրենց կշիռը ռեգիոնում և փորձում են իրականացնել իրենց տարածաշրջանային պատմական բոլոր, այսպես կոչված, ցանկություններն ու երազանքները, որոնք կարևոր են Թուրքիայի և Ադրբեջանի համար: Իհարկե, թուրքական դիվանագիտությունը պատրաստ է իր նպատակների համար դիվանագիտության համար ոչ ստանդարտ հայտարարություններ անել, գովաբանել մե՛կ Ռուսաստանին, մե՛կ Արևմուտքին կամ ՀՀ իշխանություններին, իսկ հաջորդ օրը՝ անել հակառակը: Վստահ եղեք՝ վաղը այդպես էլ կարող է լինել: Դա բնորոշ է այս երկրի քաղաքականությանը:

Ավելի մասնավորեցնելով՝ ասեմ, որ հայ-թուրքական գործընթացը մեկնարկել է, չխորանալով շատ մանրամասների մեջ, միայն ասեմ, որ քաղաքական կամքի ու խնդիրների բացակայության պայմաններում, արդյունքներ սահմանի բացման տեսքով կարելի էր ակնկալել շուտ, սակայն կան խնդիրներ: Թուրքիայի ԱԳ նախարարը հստակորեն նշում է այդ խնդիրները, որոնք ըստ էության պայմանավորված են Հայաստան-Ադրբեջան գործընթացով, երբ ցանկություն կա արագացնել Խաղաղության համաձայնագրի մշակումն ու, այսպես կոչված, միջանցքի բացումը: Թե կոնկրետ ներքին գործընթացում ի՞նչ խնդիրներ կան՝ բարդ է ասել, թե ինչի՞ շուրջ համաձայնության չեն գալիս՝ նույնպես բարդ է ասել, բայց թե ինչո՞ւ է Թուրքիան նման կերպ դիրքավորված՝ պարզ է»,- ասաց Լուկիանովը:

Նա գտնում է, որ Թուրքիան Հայաստանի հարցում իր քայլերը, մեծ հաշվով, պայմանավորում է Ադրբեջանի դիրքորոշումներով, իսկ Ադրբեջանը դեռ չի լուծել իր հարցերը:

«Ուստի կարծում եմ, գործընթացում կլինեն մանր-մունր քայլեր, սակայն տարածաշրջանային մեծ ապաշրջափակում տեղի կունենա միանգամից»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ սփյուռքին ու ընդդիմությանն ուղղված քննադատությանը՝ Լուկիանովն ասաց, որ սա ոչ ստանդարտ անդրադարձ է, ինչը հատկապես խնդրահարույց է դիտարկվում այն երկրների դեպքում, որոնց հետ կա կոնֆլիկտ: Սակայն, նրա որակմամբ, թուրքական քաղաքականությունն արտացոլում է այն վախերը նաև, որոնք ունի, սովորաբար Սփյուռքը Հայաստանից դուրս աշխարհի բոլոր կետերում պայքարել է Ցեղասպանության ճանաչման համար, իսկ ընդդիմությունը կտրուկ է դիրքավորված Ղարաբաղյան հակամարտության հարցում զիջումների հանդեպ:

«Վստահորեն ասել, թե՝ եթե չլիներ Սփյուռքի և ընդդիմության քաղաքականությունը՝ ինչ կլիներ, կամ դա ճնշում է, թե ոչ՝ դժվար է։ Սակայն կարող եմ ասել, որ սրանով Անկարան ցույց է տալիս, որ հավելյալ քայլեր է ակնկալում հենց Հայաստանից, և մինչ դա լուրջ որևէ քայլ չի անելու: Կարծում եմ՝ բոլորին հայտնի է, թե ինչ քայլերի մասին է խոսքը։ Դրանք վերաբերում են ոչ թե հայ-թուրքական, այլ հայ-ադրբեջանական և Ղարաբաղյան օրակարգերին: Հետաքրքիր կլիներ նաև լսել, թե Թուրքիան ինչի՞ է պատրաստ իրական քայլերի տեսանկյունից»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս